Լույս է տեսել Լիամ Քոլինզի եւ Ջոն Սպենսերի The War for Karabakh: Strategy, Technology, and Victory գիրքը:
Ջոն Սպենսերը The War Everyone Got Wrong: Why We Wrote the book The War for Karabakh հոդվածում պատմել է գրքի մասին: Ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը (կրճատումներով):
Ջոն Սպենսեր
2020 թվականի աշնանը ողջ աշխարհը հետեւում էր Հարավային Կովկասում ընթացող պատերազմին՝ դիտելով անօդաչու թռչող սարքերից արված ոչ հստակ կադրերը եւ շտապելով եզրակացնել, թե տանկերն այլեւս արդիական չեն, հետեւակն այլեւս անհրաժեշտ չէ, իսկ պատերազմի ապագան պատկանում է անօդաչու համակարգերին։ Դա համոզիչ էր թվում, բայց՝ սխալ։
Անցյալ շաբաթ դոկտոր Լիամ Քոլինզը եւ ես հրապարակեցինք մեր նոր գիրքը՝ «Պատերազմ Ղարաբաղի համար. ռազմավարություն, տեխնոլոգիա եւ հաղթանակ»։
Սա առաջին համապարփակ ռազմական ուսումնասիրությունն է այն մասին, թե ինչպես Ադրբեջանը գրեթե երեք տասնամյակ անց վերականգնեց վերահսկողությունը Ղարաբաղի եւ օկուպացված տարածքների նկատմամբ։ Գիրքն անդրադառնում է այդ նպատակին հասնելու երկարատեւ նախապատրաստությանը, 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ինչպես նաեւ 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությանը, որն ընդամենը 24 ժամից էլ պակաս ժամանակում վերջ դրեց հակամարտությանը։
Ահա մեր հիմնական բացահայտումների համառոտ շարադրանքը։
Անօդաչու թռչող սարքերն (ԱԹՍ) անշուշտ առկա էին եւ որոշակի դերակատարում ունեին, սակայն պատերազմի վճռորոշ մարտերը, այդ թվում՝ Շուշիի համար, տեղի ունեցան առանց դրանց մասնակցության։ Մի շարք մարտերում եւ վճռորոշ պահերին հաջողության հասան հետեւակայինները, որոնք ծանր հանդերձանքով բարձրանում էին ժայռերն ի վեր եւ մարտնչում մերձամարտում։ Մյուս դեպքերում վճռորոշ նշանակություն ունեցավ հատուկ նշանակության ստորաբաժանումներին կցված մեքենայացված եւ մոտոհրաձգային ուժերի նորարարական կիրառումը։ Այս իրողություններն ու պատերազմի իրական ընթացքը պետք է ստիպեն ցանկացած բանակի վերանայել Ղարաբաղյան պատերազմից քաղած դասերը։
Ինչու է այս պատերազմը կարեւոր
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը տեղի ունեցավ ուսումնասիրության համար ամենաանբարենպաստ ժամանակահատվածում։ Այն ընթանում էր COVID-19 համավարակի գագաթնակետին։ Տեղում լրագրողները քիչ էին, իսկ արեւմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ առավել եւս։ Դրան հաջորդեցին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա եւ պատերազմը Գազայում, ինչի հետեւանքով Ղարաբաղյան պատերազմը ուսումնասիրելու կոչված վերլուծաբաններն իրենց ուշադրությունը սեւեռեցին այլ ուղղությունների վրա։
Տարիներ շարունակ հակամարտության կողմերից ոչ մեկը պատրաստ չէր մանրամասնորեն խոսել պատերազմի ընթացքի մասին։ Արդյունքում այն մնաց հիշողության մեջ հիմնականում անօդաչու թռչող սարքերի կադրերի եւ երկրորդական աղբյուրներից ստացված տեղեկությունների միջոցով։
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի պատշաճ ուսումնասիրության բացակայությունը լուրջ բացթողում էր երեք պատճառով։
Սա ռազմավարական պլանավորման վարպետության դաս է։ 1994 թվականին կրած ջախջախիչ պարտությունից հետո Ադրբեջանը ավելի քան 25 տարի շարունակ օգտագործել է պետական իշխանության բոլոր գործիքները՝ մեկ նպատակի իրագործմանը նախապատրաստվելու համար։ 1992 թվականին նրա տնտեսության ծավալը կազմում էր Հայաստանի տնտեսության ծավալի մոտ 90%-ը, իսկ 2020 թվականին արդեն ավելի քան երեք անգամ գերազանցում էր Հայաստանի տնտեսության ծավալը։ Ադրբեջանը արդիականացրեց իր զինված ուժերը եւ փոխեց ռազմական դոկտրինը՝ խորհրդային մոդելից անցում կատարելով ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Պատերազմն արագ եւ վճռական ավարտ ունեցավ։ Շատերը կարծում են, թե ժամանակակից պատերազմներն անխուսափելիորեն հանգեցնում են փակուղու, ինչպես Ուկրաինայում, Ադրբեջանը 2020 թվականին հաղթանակի հասավ 44 օրում, իսկ 2023 թվականին ռազմական գործողությունն ավարտեց 24 ժամից էլ պակաս ժամանակում։
Այն վերջ դրեց «սառեցված» հակամարտությանը։ Լեռնային Ղարաբաղը երկար տարիներ դիտարկվում էր Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի հետ նույն շարքում։ Գրեթե ոչ ոք չէր կարծում, որ այդ հակամարտությունը կարող է հանգուցալուծվել։ Սակայն դա տեղի ունեցավ ուժի կիրառմամբ, ինչի հետեւանքով փոխվեց Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզը։
Ինչպես ենք գրել գիրքը. տեղում աշխատելով
Ես եւ Լիամը հատուկ նշանակության ուժերի եւ ռեյնջերների ստորաբաժանումներում ծառայած պաշտոնաթող զինվորականներ ենք: Մենք մարտական գործողությունների ենք մասնակցել Իրաքում եւ Աֆղանստանում։ Մենք դաշտային հետազոտություններ ենք անցկացրել Շրի Լանկայում, Կոլումբիայում, Վրաստանում, Հնդկաստանում, Իսրայելում, Գազայում եւ Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմների վերաբերյալ եւ մի կարեւոր բան ենք հասկացել՝ ոչինչ չի կարող փոխարինել տեղանքն անձամբ ուսումնասիրելուն եւ ոտքով շրջելուն։
Մենք հենց այդպես էլ արեցինք. ոտքով եւ մեքենայով եղանք պատերազմի բոլոր հիմնական մարտադաշտերում՝ հաճախ կանգ առնելով ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական դիրքերում, որպեսզի մարտական գործողությունները դիտարկենք երկու կողմերի դիրքերից։
Ադրբեջանցի ավելի քան 93 ներկայացուցիչների հետ հարցազրույցներ անցկացրինք՝ սկսած պաշտպանության նախարարից եւ 2020 թվականի պատերազմի ու 2023 թվականի ռազմական գործողության ընթացքում բոլոր կորպուսների հրամանատարներից մինչեւ շտաբային սպաներն ու շարքային զինծառայողները։
Հարցազրույցներ ունեցանք նաեւ ավելի քան մեկ տասնյակ հայ վետերանների հետ՝ ծառայության մեջ ընդամենը մի քանի շաբաթ անցկացրած շարքային զինծառայողից մինչեւ գումարտակի հրամանատարներ եւ գնդապետներ։
Ուսումնասիրեցինք հրամանատարների մարտական քարտեզները, պաշտոնական պատմագրությունները, մամուլի հաղորդագրություններն ու սոցիալական ցանցերում հրապարակված նյութերը՝ համադրելով դրանք միմյանց եւ տեղանքի անմիջական ուսումնասիրության արդյունքների հետ։
Մենք գիտակցում էինք, որ հիշողությունները կարող են ոչ ճշգրիտ լինել, իսկ հարցազրույցների մասնակիցներից շատերն ունեին սեփական շահերն ու նպատակները։ Սակայն դա ամենեւին չէր նշանակում, որ անհնար էր պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Երբ նույն ճակատամարտին մասնակցած սպաների վկայությունները հակասում էին միմյանց, մենք քարտեզները փռում էինք սեղանին եւ մանրամասն քննարկում հակասությունները, մինչեւ հաջողվում էր ընդհանուր պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին։ Եթե հերոսական որեւէ պատմություն չէր համապատասխանում տեղանքի իրականությանը, մենք այն դուրս էինք թողնում։ Հայկական կողմն ավելի քիչ պատրաստակամ էր համագործակցելու, քան ադրբեջանականը, ինչը հաճախ է լինում պարտված կողմի պարագայում։ Գրքում մենք բացահայտորեն նշում ենք, թե այս հանգամանքն ինչ ազդեցություն է ունեցել մեր տեղեկատվական աղբյուրների եւ դրանց հասանելիության վրա։
Հինգ բան, որ իրականում սովորեցնում է այս պատերազմը
1. Ռազմավարությունը պատերազմներում հաղթում է առաջին կրակոցից առաջ։ Պետությունները հաճախ հայտարարում են, որ ռազմավարություն ունեն, սակայն քչերն են իրականում մշակում այն, հատկապես՝ մեծ ռազմավարություն։ Ադրբեջանը գրեթե երեք տասնամյակ հետեւողականորեն հետապնդում էր մեկ ազգային նպատակ՝ դրա շուրջ համախմբելով իր տնտեսությունը, դիվանագիտությունը, տեղեկատվական արշավներն ու ռազմական բարեփոխումները։ Այն հավասարակշռում էր Թուրքիային եւ Իսրայելին Ռուսաստանի եւ Իրանի դեմ՝ առանց որեւէ մեկին սադրելու։
Ադրբեջանը 2016 թվականի քառօրյա պատերազմն օգտագործեց որպես իր զինված ուժերի մարտունակությունը գործնականում ստուգելու հնարավորություն՝ 2020 թվականի պատերազմին ընդառաջ։ Ի տարբերություն դրա՝ Հայաստանը հույսը դրել էր պաշտպանական գծերն անխախտ պահելու վրա՝ ակնկալելով, որ վաղ թե ուշ դիվանագիտական միջամտությունը կամ Ռուսաստանը կկանգնեցնեն ռազմական գործողությունները։ Երբ դրանցից ոչ մեկը տեղի չունեցավ, Հայաստանը այլընտրանքային գործողությունների ծրագիր չուներ՝ չնայած պաշտպանական առավելություններին։
2. Տեխնոլոգիան հզորանում է։ Այն չի որոշում։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ հայկական ռազմական տեխնիկայի ոչնչացման դեպքերի 63 տոկոսը վերագրվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարվածներին։ Սակայն միայն տեսագրությունների հիման վրա հաճախ անհնար է որոշել՝ թիրախին խոցել է անօդաչու թռչող սարքը, հրետանային արկը, թե՞ հակատանկային հրթիռը։
Ադրբեջանը պատերազմը սկսեց՝ ունենալով հարվածային անօդաչու թռչող սարքերի սահմանափակ քանակ։ Դրանց կիրառումը սահմանափակվում էր եղանակային պայմաններով, տեղանքի առանձնահատկություններով եւ տեխնիկական սպասարկման խնդիրներով։ Շուշիում անօդաչու թռչող սարքերը չեն կարողացել օդ բարձրանալ մառախուղի պատճառով, իսկ Հայաստանի սահմանամերձ շրջաններում դրանց կիրառմանը խոչընդոտել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները եւ այլ գործոններ։ 2023 թվականին դրանց դերակատարումն ավելի փոքր էր։ Այդուհանդերձ, Ադրբեջանը հաղթանակ տարավ։
Այն զինված ուժերը, որոնք հիմնական խաղադրույքը կատարում են անօդաչու համակարգերի վրա, գերագնահատում են նորագույն տեխնոլոգիաների նշանակությունը։ Ցանկացած պատերազմում հին եւ նոր միջոցները գործում են համատեղ։ Նրանք, ովքեր սխալ են գնահատում դրանցից յուրաքանչյուրի անհրաժեշտությունն ու դերը, ձախողվում են։
3. Պատերազմների ելքը դեռեւս որոշում են զինվորները։ Միայն ցամաքային ուժերն են ի վիճակի գրավել եւ պահել տարածքը։ Հադրութից մինչեւ Շուշի փոքր ստորաբաժանումները շարժվում էին անտառներով, բարձրանում լեռնաշղթաներով, հաղթահարում պաշտպանական գծերն ու արգելափակոցները, մաքրում խրամատները եւ մարտեր մղում՝ տուն առ տուն առաջ շարժվելով։ Ադրբեջանը, որի զինված ուժերի հիմնական մասը կազմված էր ժամկետային զինծառայողներից, ձեւավորեց հատուկ նշանակության ուժերի եւ կոմանդոսային ստորաբաժանումների պրոֆեսիոնալ կորիզ՝ անհրաժեշտության դեպքում նրանց ենթակայության տակ դնելով նաեւ մեքենայացված բրիգադներ։ Սա ուժերի կառուցվածքի կազմակերպման կարեւոր դաս է, որը պետք է ուսումնասիրի յուրաքանչյուր բանակ։
4. Արագությունը զենք է։ Երբ Ադրբեջանը առաջխաղացում ունեցավ Ջաբրայիլի մոտ, նրա ստորաբաժանումները ուժասպառ էին։ Հրամանատարները միեւնույն է շարունակեցին առաջ շարժվել, քանի որ դադարը Հայաստանին ժամանակ կտար նոր պաշտպանություն կառուցելու, պահեստազորը վերադասավորելու եւ վերակառուցվելու համար։
5. Քաղաքները ռազմավարական տարածքներ են, եւ դրանց պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի։ Հադրութն ուներ մոտ 3,000 բնակիչ, իսկ Շուշիի բնակչությունը 4,100-ից էլ պակաս էր։ Այդուհանդերձ, այս երկու քաղաքներից յուրաքանչյուրն իր վերահսկողության տակ էր պահում ռազմավարական նշանակության տարածք։ Շուշին զառիթափ լեռնահարթակի վրա կառուցված ամրոց-քաղաք է, որը պետք է տարածաշրջանի ամենապաշտպանունակ դիրքերից մեկը լիներ։ Սակայն հայկական ուժերը պաշտպանությունը հիմնականում կազմակերպել էին քաղաքներից դուրս, այլ ոչ թե դրանց ներսում՝ իրենց զրկելով այն առավելություններից, որոնք քաղաքային միջավայրը կարող է ապահովել պաշտպանվող կողմի համար։ Շուշին ընկավ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, Լաչինի միջանցքը փակվեց, եւ պատերազմն ավարտվեց։
***
Մի քանի խոսք նաեւ այն մասին, թե ինչի մասին չէ այս գիրքը։ Այն չի պարունակում հակամարտության կողմերի բարոյական գնահատականներ եւ չի անդրադառնում ենթադրյալ ռազմական հանցագործություններին։ Յուրաքանչյուր քարտեզի հետեւում մարդկային կորուստներ ու տառապանքներ են, այդ թվում՝ 2023 թվականին շուրջ 100,000 հայերի հեռանալը։ Մեր ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե ինչպես եւ ինչու կողմերից մեկը հաղթանակ տարավ պատերազմում։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply