Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Թեհրանին հավաստիացրել են՝ տարածաշրջանային հաղորդակցությունների նախագծերի իրականացման ընթացքում սահմանների փոփոխություն չի լինի, իսկ տարածքում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի։
Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Բաղային նշել է, որ Իրանը բազմիցս ողջունել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն դա պայմանավորել է միջազգային սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի անփոփոխությամբ։
Նրա խոսքով՝ Թեհրանն իր մտահոգությունները փոխանցել է Հայաստանի իշխանություններին՝ ընդգծելով, որ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի, հատկապես ԱՄՆ-ի միջամտությունն ու ներկայությունը պատմականորեն հանգեցրել են անկայունության։
«Հայկական կողմը հավաստիացրել է, որ սահմանային որևէ փոփոխություն չի լինի, նախագծերն ամբողջությամբ կիրականացվեն հայկական ընկերությունների կողմից, և տարածաշրջանում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի»,- ասել է Բաղային։
Նա հավելել է, որ չնայած այդ երաշխիքներին և երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին՝ Իրանը շարունակում է ուշադիր հետևել տարածաշրջանային զարգացումներին և անհրաժեշտության դեպքում հանդես կգա իր ազգային շահերի պաշտպանության դիրքերից։
Leave a Reply