Ընդդիմության միավորումը դեռ հաղթանակ չէ․ առանց ազնվության և հստակ ծրագրի պայքարը դատապարտված է ձախողման.Հոխիկյան

Written by

in

Ընդդիմադիր ուժերի միասնական պայքարի նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 7-ին հրավիրված էի մեծ հավաքի։ Ի սկզբանե ողջունել եմ միավորման յուրաքանչյուր քայլ, բայց դրանք պետք է լինեն պատճառաբանված և հստակ ծրագրված։ Ինքնագովազդի կամ ճանապարհային քարտեզ չունեցող ամեն մի նախաձեռնություն դատապարտված է ձախողման՝ ինչպես եղել է նախկինում բազմիցս։

 

Իհարկե, ճիշտ չէ հիմա քննադատել ընդդիմադիր պայքարի դուրս եկած մարդկանց, բայց եթե հիմա չասենք այն, ինչից պետք է խուսափեն նախաձեռնողները, ապա հետո լինելու է այն, ինչ եղավ հունիսի 7-ի ընտրության հետևանքով։

 

Նախ, նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հավաքի մեկնարկին հայտարարվեց, թե դա լուսաբանման համար չէ և նախատեսված է միայն ընդդիմադիր կուսակցությունների ու հանրային գործիչների քննարկման համար, բայց հանդիպումը դեռ ընթացքի մեջ էր, երբ համացանցում հենց նախաձեռնող որոշ կուսակցությունների կողմից հայտնվեցին լուսանկարներ ու մանրամասներ հավաքի բովանդակության մասին, նույնիսկ մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ սկսեցին հարցազրույցներ տալ։

 

Ինձ մոտ հարց առաջացավ՝ բա մեզ ինչի՞ համար են հրավիրել, որ մասովկա ապահովե՞նք։ Ճիշտ այնպես, ինչպես ուզում էին հունիսի 7-ի ընտրություններից առաջ համագործակցել հանրային գործիչների հետ, օգտագործել նրանց ռեսուրսները, հետո հրաժեշտ տա՞լ։ Չի ստացվելու, եթե չկա ազնվություն։

 

Ցավոք, ես որոշ ուժերի կողմից ազնվություն չտեսա նաև նոյեմբերի 7-ի հավաքին, ու վատն այն է, որ հավաքի ժամանակ հարցեր ու առաջարկներ բարձրացրած բազմաթիվ գործիչներին լսելու փոխարեն ընդդիմադիր որոշ կուսակցականներ հակադարձում ու կռիվ էին տալիս, կարծես դա ոչ թե քննարկում էր, այլ մամուլի ասուլիս։

 

Բացի այդ, եթե ասվում է, որ դա միասնական պայքար է, ապա չպետք է տարբեր քաղաքական ուժեր սեփական գովազդն անեն, թե բոլորը իրենց շուրջն են համախմբվել։ Օրինակ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները ամեն տեղ հայտարարում են, թե իրենք են առանցքը։ Դա արդեն միասնական ազգային պայքար չէ, այլ ինքնագովազդ։ Համեստ է պետք լինել։

 

Ի վերջո, չի ստացվելու հաջողության հասնել ու թուրքական սահմանադրության դեմ միավորել հանրությանը, եթե այս նախաձեռնության հեղինակները մի քանի հստակ հարցի պատասխան չեն տվել․

 

ա․ կոնկրետ ի՞նչ վտանգներ է պարունակում նոր սահմանադրության տեքստը (հստակ մեջբերումներ ու փաստեր)

բ․ ի՞նչ թեզեր պետք է օգտագործեն հանրային գործիչները իրենց խոսքում և ինչի՞ վրա շեշտը դնեն («չենք թողնելու», «Ալիևին չենք ենթարկվելու» կոչերը ազդեցիկ չեն և չունեն բովանդակություն)

գ․ Ադրբեջանը ի՞նչ վտանգավոր նախաձեռնություններ ունի, որոնցով առաջիկայում կարող է սպառնալ Հայաստանին (հուշում․ Ադրբեջանի սահմանադրության մեջ կասկածի տակ է դրվում ՀՀ ներկայիս տարածքը)

դ․ ի՞նչ նախաձեռնողական քայլեր են արվում թուրքական սահմանադրության ընդունումը կանխելու համար (Հայկ Մամիջանյանը իրավացի էր, երբ նշում էր, թե դիմադրությունը քիչ է, պետք է նախաձեռնողական լինել):

 

Սրանք դիտարկումների մի մասն են, որոնց հստակ պատասխանները հնարավորություն կտան ավելի պատրաստված մտնել մարտի մեջ։ Դիմացը ուժեղ մարտավարություն ունեցող և հեռատես իշխանությունն է, որը կարողացել է իր կեղծ քարոզչությամբ մանիպուլացնել ու մոլորեցնել հանրությանը։ Միշտ չէ, որ մեր ցանկությունը իրականություն է, բայց վատ է, երբ ցանկությունը իրականության տեղ է ընդունվում ու փորձ չի էլ արվում տեսնել իրականությունը։

 

Սա ընդդիմությանը հարված չէ թիկունքից, այլ քառսուն գազ խոր գոմշի կաշի է, որը կարող է պինդ պահել ընդդիմության ողնաշարը։

 

Սեփական անքննելի ճշմարտացիության բարդույթից ազատվելը և գաղափարակիցների հետ ազնիվ լինելը հաջողության առաջին քայլն է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *