Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի հանրաքվեն պետք է նախորդի անդամակցության հայտ ներկայացմանը։
«Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Հայաստանի համար Եվրամիությունում տեղ գտնելու գործընթացը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միություն անցնելու անիրական գաղափարը առաջ մղելու համար»,- հայտարարել է ռուս դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակի տրամաբանական ելքը հանրաքվեի անցկացումը կլիներ, որի ընթացքում Հայաստանի ժողովուրդը, երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կարտահայտեր իր կամքը՝ հետագա ինտեգրացիոն կուրսի վերաբերյալ։
«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, ապա նոր պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչի վրա վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը», -նշել է Պանկինն ու հավելել․«Եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքն այլևս ոչ ոքի չի հետաքրքրի»։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացած ակնհայտ առավելություններն ու ինտեգրացիոն կապերի խզման հնարավոր հետևանքները օբյեկտիվորեն գնահատելու նպատակով վերջերս հանրությանը ներկայացվել է զեկույց։
«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացած ակնհայտ առավելություններն ու ինտեգրացիոն կապերի խզման հետևանքով հնարավոր կորուստները օբյեկտիվորեն գնահատելու նպատակով վերջերս հանրությանը ներկայացվել է զեկույց՝ Հայաստանի նկատմամբ ԵՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Զեկույցը պատրաստվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակում»,- հիշեցրել է Պանկինը։
Նա հստակեցրել է, որ զեկույցում ներկայացված սցենարը «դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ միության անդամ պետությունների տնտեսական անվտանգությանը սպառնացող ռիսկերը և նրանց հնարավոր վնասները կանխելու նպատակով»։ «Այդ միջոցը կիրականացվի, թե ոչ, կախված է Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունից հանել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների մոտ առաջացած մտահոգությունները», – նշել է Պանկինը։
Նրա խոսքով՝ առայժմ Մոսկվան Երևանից այս հարցի վերաբերյալ կառուցողական ազդակներ չի ստացել։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ներկայում չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ), սակայն շարունակում է Եվրամիությանն անդամակցության ուղղությամբ քայլերը․ «Մենք ԵՏՄ-ից դուրս գալու նախապատրաստություն չենք սկսել։ Մենք պատրաստվում ենք մեր ժողովրդին առաջարկել այլընտրանքային տարբերակներ, ինչպես խոստացել էինք։
Մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենա։ Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից, սակայն գիտեք, որ այդ կառույցում մեր գործընկերները բարձրացնում են կողմնորոշման և հանրաքվե անցկացնելու հարցը։ Ես ասել եմ, որ այս պահին հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։
ԵՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ պետք է անցնենք որոշակի ընթացակարգեր»։
Փաշինյանը նոյեմբերի 5-ին հայտարարել է, որ Հայաստանը կարող է 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմել ԵՄ-ին՝ անդամակցության գործընթաց սկսելու համար։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում զգուշացրել է, որ երկու կառույցներին միաժամանակ անդամակցելն անհնար է, և Երևանին հորդորել է հնարավորինս արագ կողմնորոշվել։
Leave a Reply