Ընթերցողի գրադարակը վերջերս համալրվել է ուշագրավ մի գրքով, որի հեղինակը Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանն է։ Լեզվաբանի հետաքրքրությունների ոլորտը նաև հայոց լեզվի մաքրության և ոճի հարցերն են, արևմտահայերենի և արևելահայերենի փոխհարաբերության խնդիրը, լեզվական տեղաշարժերը արդի գրական հայերենում և այլն։ Վերջերս էլ քննության նյութ է դարձրել մամուլի, էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական հարթակների լեզուն։ Պրպտումների արդյունքում ծնվել է «Զանգվածային հաղորդակցության միջոցների լեզուն․ կառուցվածքային և գործառական առանձնահատկություններ» ուսումնասիրությունը։
Ձեռնարկը լույս է ընծայվել ճիշտ ժամանակին։ Բանն այն է, որ 1990-ական թվականներից հետո, երբ Հայաստանը ձեռք բերեց անկախություն, լրատվական նոր դաշտ ձևավորվեց։ Մանավանդ տպագիր մամուլը ձերբազատվեց կուսակցական պարտադրանքից։ Հիշենք՝ խորհրդային մամուլին բնորոշ էին «սեզոնային» և պարտադրված թեմաները (բերքահավաք, խոտհունձ, անասնակերի կուտակում և այդպես շարունակ)։ Հայաստանի անկախացումից հետո ստեղծվեցին լրատվամիջոցներ, որոնք նոր փուլ նշանավորեցին հայ մամուլի պատմության մեջ։ ԶԼՄ-ների այս առատությունը ենթադրում էր թեմատիկայի բազմազանություն, հանրային կյանքի լուսաբանման տարբեր մեթոդներ ու միջոցներ, նյութի մատուցման նոր ձևեր, ինչը և եղավ իրականում։
Վերջին երեք-երեքուկես տասնամյակում ավանդական լրատվամիջոցներին (թերթ, ռադիո, հեռուստատեսություն) ավելացան հաղորդակցության նոր հարթակներ՝ սոցիալական ցանցեր, բլոգներ, փոդքաստներ և այլն։ Մանավանդ այս վերջիններում լեզուն դարձավ ամենաարագ զարգացող և ոճական առումով ամենից բազմաշերտ միջավայրը, որն էլ դարձավ Յուրի Ավետիսյանի ուսումնասիրության նյութը։
Լրագրողիս համար ավելի արժեքավոր է գրքի «Լեզվաոճական բազմազանություն» մասը, որտեղ մանրամասն անդրադարձ կա լրագրային ժանրերի բազմազանությանը՝ պայմանավորված լեզվաոճական առանձնահատկություններով։ Գիտական պատշաճ մակարդակով են ներկայացված լրագրողական պատկերման ձևերն ու ժանրերը։ Առանձին-առանձին քննվում են տպագիր մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության, առցանց մամուլի սոցցանցային հաղորդակցության միջոցներում կիրառվող լեզվի առանձնահատկությունները։ Մատուցվող նյութն այնքան հետաքրքրական է, որ պարզապես յուրաքանչյուր էջից կարելի է սկսել գրքի ընթերցանությունը։
Ուշագրավ են լեզվական վթարները, որոնք մատնանշում է հեղինակը։ Բերված օրինակները ընդամենը մեկ-մեկուկես տարվա վաղեմություն ունեն և չեն կորցրել այժմեականությունը։ Թվում է՝ այսօր կատարվող իրադարձությունների մասին ես ընթերցում։
Ուսումնասիրությունը, ըստ ամենայնի, բուհական ձեռնարկ կարող է ծառայել լրագրողների, խմբագիրների, լրագրության ֆակուլտետի ուսանողների և ընդհանրապես բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են խնդրո առարկայի ուսումնասիրությամբ։
Այս օգտակար հետազոտության համար, հին ու բարի ժամանակների հիշողությունները մտքումս, շնորհավորում եմ ուսանողական տարիների ընկերոջս, մաղթում ամուր առողջություն, ստեղծագործական թարմ ներշնչանքներ և նոր գրքերի լույսընծայումներ։
Վահրամ Օրբելյան
Leave a Reply