Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան

Written by

in


Քաղաքականություն

Վերջին շրջանում հասարակական-քաղաքական օրակարգում կրկին ակտիվորեն քննարկվում են սահմանադրական փոփոխությունների, տարածաշրջանային պայմանագրերի և անվտանգային մարտահրավերների թեմաները: Այս և այլ հարցերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ:

Զրույցի ընթացքում Ա. Կարապետյանը զարմանք հայտնեց հասարակության մի հատվածի՝ մոտ 35 տոկոսի անտարբերության ու դիրքորոշման վրա: Նա ընդգծեց, որ գործող իշխանությունների քաղաքականությունը սպասարկում է արտաքին շահերը, ինչի հետևանքով երկիրը կանգնել է լուրջ սպառնալիքների առաջ:

Անդրադառնալով գալիք տարվա պետական բյուջեի նախագծին՝ Կարապետյանը մանրամասնեց մի շարք գերատեսչությունների ֆինանսավորման կտրուկ ավելացումները: Նա նշեց, որ Արդարադատության նախարարության բյուջեն ավելացել է շուրջ 2 միլիարդ 262 միլիոն դրամով, Բարձրագույն դատական խորհրդինը՝ 1 միլիարդ 912 միլիոն դրամով, Քննչական կոմիտեինը՝ 548 միլիոն դրամով, Դատախազությանը՝ 451 միլիոն դրամով, ինչպես նաև ավելացումներ են գրանցվել Հակակոռուպցիոն կոմիտեում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, Պետական վերահսկողական ծառայությունում, Սահմանադրական դատարանում և Նախագահի աշխատակազմում:

Ըստ նրա՝ այս հավելյալ ֆինանսական միջոցները ծառայելու են ոչ թե պետության անվտանգությանը, այլ ներքին քաղաքական գործընթացների ու սահմանադրական փոփոխությունների սպասարկմանը:

Զրույցում շոշափվեցին նաև տնտեսական խնդիրների, հարկային քաղաքականության, ֆերմերային ու գյուղացիական տնտեսությունների վրա հարկային բեռի հնարավոր ավելացման և սահմանային անվտանգության հարցերը: Ամփոփելով խոսքը՝ գեներալ-մայորը հայտարարեց, որ հասարակությունը և պետության ապագայով մտահոգված ուժերը թույլ չեն տալու երկրի անվտանգային համակարգի զրոյացումը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *