Հայաստանի մի շարք բնակավայրերում հոսանքազրկումներ են, ինչի մասին «Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից։
Այս տեղեկությունը հաստատեցին նաև «ՀԷՑ»-ից։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ընկերության մամուլի խոսնակ Լանա Մինասյանը նշեց, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի շարք վթարներ են տեղի ունեցել։
Վերջինս մեզ փոխանցել է նաև, որ վթարային անջատումներ են «Գեղամա», «Էրեբունի», «Դեբեդ», «Արաքս» մասնաճյուղերում, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի ժամը 15։00-ից մինչև 17։00-ն։
Այսինքն՝ ընդամենը մեկ անգամ թեթև ձյուն է եկել, ու միանգամից չորս մասնաճյուղում վթար է արձանագրվել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե տեղումներն առավել ինտենսիվ լինեն։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամանորի նախաշեմին և անգամ Ամանորի գիշերը հոսանքազրկումները ևս եղանակային անբարենպաստ իրավիճակով էին պայմանավորված։ Մարդիկ ստիպված էին մոմերի լույսի ներքո դիմավորել Նոր տարին։ Հիմա կարծես թե իրավիճակը կրկնվում է, երբ անձրևների գալն «ազդարարում է» հոսանքազրկումները։
ՀԷՑ-ից նաև նշել են, որ հոսանքազրկումներ են Քաջազնունու փողոցում, Կաթնաղբյուր գյուղում, Ողջաբերդում, Հարթագյուղում, Լուսաղբյուրում, Գոգարանում, Սարահարթում, Կամարիոսում, Ուրցաձորում և Քաղցրաշենում։
«Վթարների հիմնական պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։ Նշված բոլոր ուղղություններով այս պահին վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում»,- նշել է խոսնակը։
Հավելենք, որ առավոտից հոսանքազրկումներ են նաև Լենինգրադյանում, ինչի մասին ՀԷՑ-ից չեն հայտնել։
դիտվել է 46 անգամ
Leave a Reply