Ուկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. Զելենսկի

Written by

in



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան Աբու Դաբիում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ բանակցությունների հնարավոր արդյունքների վերաբերյալ իր առաջարկներն արդեն փոխանցել է ամերիկյան կողմին։

Զելենսկին այս մասին հայտարարել է NB8 ձևաչափի գործընկերների հետ քննարկումից հետո՝ շնորհակալություն հայտնելով Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի, Դանիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ղեկավարներին՝ Ուկրաինային աջակցելու և սկզբունքային հարցերի շուրջ միասնական դիրքորոշում ունենալու համար։

Նրա խոսքով՝ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Աբու Դաբիում նախատեսված եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ Վերջին օրերին այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել․ Բրյուսելում տեղի է ունեցել հանդիպում՝ ՆԱՏՕ-ի և եվրոպացի գործընկերների մասնակցությամբ, ինչպես նաև կայացել են Զելենսկու շփումները ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ։ Բանակցային խմբերը մշտական կապի մեջ են։

«Մենք կարծում ենք, որ Էմիրություններում հանդիպումը պետք է կոնկրետ արդյունքներ տա։ Բանակցությունների հնարավոր իրական արդյունքների վերաբերյալ մեր առաջարկներն արդեն փոխանցվել են ամերիկյան կողմին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է նաև, որ Եվրոպայի անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպական երկրների մասնակցությամբ, որոնք հավասարապես արժանի են անվտանգության հուսալի երաշխիքների։

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմը հնարավորինս շուտ ավարտելուն ուղղված իրական դիվանագիտությունը առաջնահերթություն համարելու համար։

Ուկրաինայի նախագահը գործընկերներին տեղեկացրել է նաև ձմռանն ընդառաջ երկրի կարիքների, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում աջակցության և հակաօդային պաշտպանության համակարգերի անհրաժեշտության մասին։

Զելենսկին նշել է, որ կողմերը կշարունակեն համակարգել գործողությունները և համաձայնեցնել իրենց ընդհանուր դիրքորոշումները։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *