Երջանկության լեռներ կամ՝ «ուրիշ» Համշեն

Written by

in

Զմրուխտե լեռներ, թեյի պլանտացիաներ, «Փուշի» կապած սարվորուհիներ, Հորոն եւ պարկապզուկ, վառանի կողքին երկարող գունագեղ գուլպաներ, կովերի զանգակների ձայներ, որոնք կորչում են Արեւելապոնտական լեռների թավ, անհաղթահարելի թվացող մառախուղի մեջ…
Չնայած վերջին տարիներին Համշենի ու համշենական մշակույթի հանդեպ աճող հետաքրքրությանը՝ Համշենը, թերեւս, մնում է մեր «Լեռնային կղզու» քիչ բացահայտված անկյուններից մեկը։ Այս լեռներում թաքնված պատմություններն ու գեղեցկություններն անսպառ են թվում։ 
2026-ին ArmGeo-ն փորձեց բացահայտել նոր, «ուրիշ» Համշեն
«Առաջին անգամ Համշեն գնացել ենք 2016 թվականին։ Էն ժամանակ շատ քիչ բան գիտեինք Համշենի մասին, լսել էինք միայն, որ այնտեղ ապրում են մարդիկ, ում հետ լեզվական եւ էթնիկ կապեր ունենք։ Ավելի շատ Համշենը հայտնի էր որպես կանաչ լեռներով երկրամաս, որտեղ հնչում են համշենական երգեր, բայց մեր նպատակը բուն Համշենի տարածքը չէր, մեր առաջնային նպատակն էր բարձրանալ Համշենի ամենաբարձր կետը՝ Քաջքար լեռը։ 
Այդ ժամանակ Հայաստանից դեռ ոչ ոք Քաջքար չէր բարձրացել եւ մենք որոշեցինք լինել առաջինը։ Վերցրել ենք վրաններն ու արշավային պարագաները եւ քշել ենք դեպի Քաջքար: 2 օր վերելք ենք արել, քնել ենք որտեղ մութն ընկներ ու վերջապես հասել ենք գագաթ։ Այդ օրից հետո շատ անգամ ենք եղել Համշենում եւ բազմիցս էլի Քաջքար ենք բարձրացել, բայց միեւնույնն է՝ ամենատպավորիչը առաջին վերելքն էր։ Մինչեւ հիմա թարմ են հիշողությունները, չնայած որ 10 տարի է անցել», – հիշում է ArmGeo-ի հիմնադիր Տիգրան Վարագը: 
Նրա համար տարվա կարեւոր բացահայտումներից է Համշենի Վերջենիկ լեռը.
«Համշենում Քաջքարից բացի միշտ հետաքրքրություն էր առաջացնում Վերջնբակ կամ Վերջենիկ լեռը։ Այս տարի տարբեր սեզոնների իրականացրել ենք արշավ դեպի Վերջենիկի ստորոտ, լեռնային լճերի մոտ։ Վերջենիկի լանջերով արշավելը շատ տպավորիչ է, բնությունը վայրի պահպանված է, տուրիստական հոսքեր չկան։ Այդ երթուղու վրա ոչ մի հոգի չենք հանդիպել։ Լճերի մոտից բացվող տեսարանները շատ նման են մեր Զանգեզուրի լճերին՝ Ծակքարին ու Կապուտանին։ Կարդացել էի, որ «Վերջենիկ» նշանակում է երջանիկ ու նկարագրության մեջ էդպես էլ գրել էի ՝գնում ենք երջանկության լեռներ»։
Վերջենիկը կամ Վերջնբակը Արեւելապոնտական լեռներում է՝ Քաջքարից 23 կմ հարավ-արեւմուտք, բարձրությունը ծովի մակերեւույթից 3711 մետր է։ Լեռը գտնվում է Թուրքիայի Ռիզե նահանգի սահմաններից ներս՝ Էրզրումի եւ Արդվինի նահանգների ուղիղ եռանկյուն սահմանագծին։ Թեեւ պաշտոնական աղբյուրներում  լեռան անունը Ուչդորուք է, տեղացիները եւ լեռնագնացները օգտագործում են միայն ժողովրդական, Վերջենիկ կամ Վերջնբակ անվանումը։ 
Տարածքում ապրող համշենցիները, որոնք ի տարբերություն Արդվինի՝ արեւելյան համշենցիների, ամբողջությամբ բարբառը չեն պահպանել, իրենց բառամթերքում շարունակում են պահել շուրջ 500 հայերեն բառ, որոնց մեծ մասը հենց տեղանուններն են։ 
Չենք սխալվի, եթե ասենք, որ տեխնիկական բարդությամբ Հայկական լեռնաշխարհի ամենածանր գագաթներից է Վերջենիկը։ Իր վայրի բնությամբ եւ խորհդավորությամբ այն տարեց տարի ավելի շատ պրոֆեսիոնալ լեռնագնացների է գրավում, թեեւ շարունակում է մնալ Համշենի ամենագողտրիկ անկյուններից մեկը։ Լեռը շրջապատված է ոչ պակաս յուրահատուկ անուններ կրող գեղեցկագույն լճերով՝ Աստղ, Ապրանք, Գիժ, Դռներ 
Հայկական լեռնաշխարհին նվիրված «Լեռնային կղզի» գրքի հեղինակ Տիգրանը համշենյան լեռները հաճախ է նմանեցնում Զանգեզուրի լեռներին.
«Այստեղ էլ ծալքաբեկորավոր լեռների հետ գործ ունենք։ Համշենը Հայկական լեռնաշխարհը եզրավորող ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն են։ Եթե պատկերացնենք, որ մեր «Լեռնային կղզին» ընդհանուր պարսպված է այդ ծալքաբեկորավոր լեռնաշղթաներով, այդ թվում Արեւելապոնտական լեռներով, որոնք տեսնում ենք Համշենում, պիտի նաեւ պատկերացնենք, որ լեռնաշխարհից ներս հրաբխային լեռներն են, համապատասխանաբար ավելի չորային բնությամբ, իսկ Համշենի լեռները եւ ծագումով են տարբեր, եւ փաստացի պատնեշի դեր են կատարում: Սեւ ծովից եկող խոնավ օդային զանգվածները գալիս, լիցքաթափվում են Քաջքարի լեռների լանջերին։ Շատ քիչ խոնավ հոսանքներ են լեռնաշղթան անցնում եւ մտնում դեպի միջնաշխարհ։ Դրանով էլ է այս հատվածը շատ հետաքրքիր։ 
Հայկական լեռնաշխարհի մեզ ավելի լավ ծանոթ, հիմնականում չորային հատվածներով անցնում ես ու հայտնվում խոնավ, թաց, կանաչ Համշենում, եւ դրանով էլ այն շատերի համար գրավիչ է»։
Սակայն Համշենը, իհարկե, պարզապես կանաչ լեռներ չեն, այլ առաջին հերթին մարդիկ, որոնց ամենահետաքրքիր պատմությունները հաճախ թաքնված են հենց այդ լեռների հովիտներում, ինչպես այստեղ են ասում՝ յայլաներում։ Հենց այդ «յայլաներն» են, որ անասնապահությամբ զբաղվող համշենցիների համար դարերի ընթացքում մի ամբողջ առանձնահատուկ մշակույթ են դարձել։ Այս մեկուսի հովիտներում նրանք հյուսել են տեղի այդքան յուրահատուկ ֆոլկլորը՝ համշենական հանրահայտ «հեքիյաները» (պատմություններ, հեքիաթներ), ունեցել են իրենց հատուկ «յայլայի» ճաշատեսակները, երգերը, սարվորին հատուկ տարազը եւ նույնիսկ մասամբ պահպանել են բարբառը՝ տարվա զգալի մասը մնալով այս թավ անտառներով պատված բարձր հովիտներում։ 
Հենց սարվորների յուրահատուկ կենսակերպի հանդեպ հետաքրքրությունն է ArmGeo-ին հերթական անգամ մղել դեպի Համշեն․
«Վերջերս էլ որոշեցինք բացահայտել Համշենի սարվորների կյանքը եւ տեսարանները, որոնք բացվում են սարվորների ամառային բնակատեղիներից, որոնք յայլաներ են կոչվում այդ կողմերում։ Ամեն անգամ Համշեն գնալիս՝ փորձում ենք մի նոր բան ավելացնել մեր երթուղիներում, նոր տեղեր գնալ, տեսնել գյուղերը, թեյի պլանտացիաները։ Շատ տպավորիչ է, երբ հայտնվում ես Համշենում հենց թեյ հավաքելու սեզոնին ու տեսնում ես՝ ինչպես են մարդիկ ձեռքերով հավաքում թեյն ու լցնում իրենց մեջքի զամբյուղների մեջ ու ոնց են տեղ-տեղ ճոպաններով այդ հավաքած թեյը ձորից հանում դեպի մեքենայի ճանապարհ», – պատմում է Տիգրան Վարագը: 
Ամռանը համշենցիների «յայլաները» դառնում են առանձին, ամբողջական բնակավայրեր:
«Հայաստանի սարերում էդպես չէ, բավականին քիչ եւ իրարից հեռու-հեռու սարվորներ կան, որ կենդանիներ են պահում։ Համշենում բարձրալեռնային հատվածներում կարող ես մի ամբողջ գյուղ տեսնել ու հետո պարզել, որ դա մշտական բնակչությամբ գյուղ չէ՝ ամառային յայլաներ են», – պատմում է Տիգրանը: 
Սոֆիա Հակոբյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *