Նա ինը տարեկան է եւ ամբողջ ուժով փորձում է զսպել լացը։ Նայեք նրա պինդ սեղմված շուրթերին ու ցած իջած կզակին։ Երեխաներն այդպիսի «համարձակ» դեմք են ընդունում, երբ որոշում են, թե արցունքները գործին չեն օգնի։ Բայց այնքան էլ լավ չի ստացվում. աչքերը կարմրած են ու թաց, այտերը վառվում են ցրտից ու անձրեւից, իսկ հսկայական կանաչ կապյուշոնը, թվում է, ուր որ է իրեն ամբողջությամբ «կուլ կտա»։
Նրա անունը Արդիտա Հայդինի է։ 1999 թվականի ապրիլի 17-ին Reuters-ի լուսանկարիչ Դիլան Մարտինեսը նրան պատկերել էր այն պահին, երբ աղջիկը նոր էր հասել Կուկես։ Ալբանիայի հյուսիսային այս փոքրիկ քաղաքն անսպասելիորեն դարձել էր Եվրոպայում փախստականների ամենածանրաբեռնված կենտրոններից մեկի։ Նա այստեղ էր եկել ոտքով Կոսովոյի Չիտակ գյուղից՝ ճանապարհին կորցնելով ծնողներին ու երեք քույրերին։
Ընտանիքներին ընդամենը մի քանի ժամ էին տալիս տները լքելու համար։ Մարդիկ ուղեւորվում էին դեպի ալբանական սահմանի Մորինա անցակետ, այնտեղից էլ՝ Կուկես։
Ապրիլի կեսերին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության գնահատականներով, Կուկեսի շրջանում շուրջ 100 հազար մարդ էր կուտակվել։ Այն օրը, երբ այստեղ եկավ Արդիտան, Ալբանիայի սահմանը հատել էր եւս մոտ 20 հազար փախստական։
Այդպիսի քաոսում մարդիկ հեշտ էին կորչում։ Հումանիտար կազմակերպությունները ցուցակներ էին կազմում, ռադիոկայանները կարդում էին կորածների անունները, իսկ հարազատները գրություններ էին փակցնում ցանկապատերի ու վրանների վրա։
Մարտինեսի լուսանկարը հայտնվեց տեղական թերթի առաջին էջում։ Եվ տասնյակ հազարավոր փախստականների մեջ ինչ-որ մեկը ճանաչեց կանաչ կապյուշոնով աղջկան, ինչն էլ օգնեց Արդիտային վերամիավորվել ընտանիքի հետ։
Սովորաբար մարդկային ողբերգության մասին պատմող լուսանկարները աշխարհին հայտնում են, որ սարսափելի բան է տեղի ունենում։ Բայց Մարտինեսի լուսանկարն ավելին արեց. այն օգնեց երեխային գտնել ծնողներին։
Leave a Reply