Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով

Written by

in

MPG (Marketing Professional Group) ընկերությունը՝ Gallup International Association-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հրապարակել է հանրային կարծիքի հերթական հարցման տվյալները՝ կապված ՀՀ զինված ուժերում տիրող իրավիճակի և ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի հետ։

ArmLur.am ներկայացնում է տվյալները․

Հարցին, թե որքանով են մտահոգված ԶՈՒ-ում ոչ մարտական պայմաններում գրանցվող մահվան դեպքերով, քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը՝ 90.5%-ը, պատասխանել է «շատ մտահոգված եմ»։ Եվս 7.4%-ը նշել է, որ «ավելի շուտ մտահոգված է»։ Այսպիսով, հարցվածների 97.9%-ն այս կամ այն չափով իր մտահոգությունն է հայտնել խնդրի առնչությամբ։ Ընդամենը 0.7%-ն է ընտրել «ավելի շուտ մտահոգված չեմ», 1.0%-ը՝ «ընդհանրապես մտահոգված չեմ» տարբերակը, իսկ 0.4%-ը դժվարացել է պատասխանել։

Սոցիոլոգները քաղաքացիներից հետաքրքրվել են նաև, թե, իրենց կարծիքով, ինչ քայլեր պետք է առաջնահերթ ձեռնարկվեն բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը կանխելու համար (հարցվածներին տրվել է մի քանի պատասխանի հնարավորություն)։

Քաղաքացիների ընտրած առաջնահերթությունները բաշխվել են հետևյալ կերպ․

  • 48.0% – ուժեղացնել հրամանատարական կազմի վերահսկողությունը,

  • 47.2% – խստացնել պատասխանատվությունը և պատժամիջոցները մեղավոր անձանց նկատմամբ,

  • 39.9% – բարձրացնել սպաների և հրամանատարների մասնագիտական պատրաստվածությունը,

  • 16.4% – բարձրացնել զինծառայողների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը,

  • 14.3% – բարելավել ծառայության և կենցաղային պայմանները,

  • 13.6% – ապահովել դեպքերի անկախ և թափանցիկ քննություն։

Հարցվածների 5.8%-ն առաջարկել է այլ տարբերակներ, իսկ 2.7%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Հետազոտությունն իրականացվել է 2026 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցումների (CATI) մեթոդով։ Հանրապետության ողջ տարածքում հարցմանը մասնակցել է 1001 քաղաքացի, ընտրանքային սխալը կազմում է ±3%։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *