Ռուբեն Վարդանյանի փաստաբանին օգոստոսի 25-ից թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Բաքվում կալանավորված Ռուբեն Վարդանյանի փաստաբանին օգոստոսի 25-ից թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ:

Այդ մասին այսօր հայտարարել է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը:
«Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ  գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը։ Մենք պատասխանատվություն ենք կրում նրանցից յուրաքանչյուրի համար և նրանց վտանգի չենք կարող  ենթարկել։
2026 թվականի հունիսից ես մի քանի անգամ դիմել եմ Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակությամբ, փոքր խմբով կամ նրա աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ: Խնդրել եմ  նաև համաձայնեցնել անվտանգության պայմանները։ Ցավոք, պատասխան այդպես էլ չեմ ստացել:
Փոխարենն այս ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան Բաքու մեկնելու պարագայում  իմ հնարավոր ձերբակալության մասին։ Մեզ նաև անհանգստացնում է, որ օգոստոսի 25-ից նույնիսկ Ռուբենի տեղացի փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ։ Ցանկանում ենք հուսալ, որ այդ հարցը կկարգավորվի:
Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը։ Օգոստոսի 17-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ  Արտաքին գործերի նախարարությունում ունեցած մեր հանդիպումից հետո մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ մեր գրավոր հարցումը դեռևս անպատասխան է մնում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը զարգանում են, հայկական պատվիրակություններն այցելում են Ադրբեջան։ Սա վկայում է, որ առկա են բոլոր նախադրյալները մարդասիրական այց կազմակերպելու համար, և հայ բանտարկյալներին այցելելու հարցը պետք է ներառվի նման այցերից մեկի օրակարգում», – ասված է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *