Գյումրու թիվ 9 դպրոցում դրամահավաքի մասին տեղեկությունները կեղծ են․ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Երեկ Factum.am-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել քաղաքացիներից (ծնողներից), ովքեր հայտնել էին, թե Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցում պարբերաբար իրականացվում են դրամահավաքներ, իսկ դրանց չմասնակցող աշակերտների և ծնողների հանդեպ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք: Factum.am-ը, հետամուտ լինելով անաչառությանն ու լրագրողական էթիկայի կանոններին, թեմայի շուրջ պարզաբանում է խնդրել դպրոցի տնօրեն Ջուլիետա Մովսիսյանից, ինչպես նաև ծնողական համայնքի ներկայացուցիչներից: Դպրոցի տնօրեն Ջուլիետա Մովսիսյանը կտրականապես հերքեց շրջանառվող տեղեկությունները՝ ընդգծելով, որ դպրոցում ցանկացած տեսակի դրամահավաքություն բացառված է և արգելված.

 

«Որպես դպրոցի տնօրեն՝ վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցում դրամահավաքությունը բացառվում է: Դա մշտապես արգելված է եղել մեր հաստատությունում. առավել ևս հիմա, երբ ունենք լիազոր մարմինների հստակ շրջաբերականները: Կարծում եմ՝ դպրոցավարի ամենալուրջ մոտեցումն է թույլ չտալ նման երևույթներ կամ իմանալով հանդերձ՝ թույլ չտալ դրանց շարունակականությունը», — նշեց տնօրենը:

 

Ջուլիետա Մովսիսյանը հայտնեց նաև, որ անհրաժեշտության դեպքում կրկին ստուգումներ և քննարկումներ կանցկացվեն ուսուցչական կազմի և ծնողական համայնքի հետ՝ պարզելու համար, թե արդյոք որևէ վրիպում կամ նմանատիպ դեպք եղել է, թե ոչ: Նա հավաստիացրեց, որ նմանատիպ երևույթների բացահայտման դեպքում դրանք արժանանալու են ամենախիստ արձագանքին:

 

Շրջանառվող լուրերը հերքել են նաև դպրոցի ծնողական կոմիտեները՝ ընդգծելով, որ որևէ պարտադիր կամ պարբերական դրամահավաքություն դպրոցում չի իրականացվում, և ծնողական համայնքի կողմից նման նախաձեռնություններ չկան:

 

Անդրադառնալով այն պնդմանը, թե գումար չփոխանցելու դեպքում աշակերտների նկատմամբ վերաբերմունք է փոխվում՝ տնօրենը ևս հայտնեց իր անհամաձայնությունը.

 

«Մեր դպրոցում ձևավորված է այնպիսի միջավայր, որ առաջին իսկ դասարանից մոնիտորինգ ենք իրականացնում՝ հասկանալու, թե որ սովորողներն ունեն սոցիալական խնդիրներ: Հնարավորության սահմաններում ինքներս ենք փորձում օգնել՝ հագուստի կամ այլ տեսքով, էլ չեմ ասում հոգեբանական ու գերուշադիր վերաբերմունքը, որն ցուցաբերվում է այդ սովորողներին: Մեզ մոտ կան նաև ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) սովորողներ, և բոլորի հանդեպ ձևավորված է հավասար ու հոգատար միջավայր: Չկա տնօրեն, ուսուցիչ, հավաքարար կամ պահակ տարբերակում. բոլորի համար ստեղծված են հավասար պայմաններ»:

 

Արամ Դավթյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *