Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» դասախոսությունը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 5-ին Թբիլիսիի պատմական Ներսիսյան դպրոցում (ներկայում՝ Կովկասի ինստիտուտ) կայացել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսությունը՝ նվիրված արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը եւ վրացի արվեստագետների հետ նրա կապերին։

Միջոցառումը հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի Դմիտրի Շեւարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացված համանուն ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն էր։ Ցուցահանդեսը ներկայացնում է Քոչարի արվեստի բազմաշերտությունը, նրա նորարարական մոտեցումներն ու ստեղծագործական ժառանգության տարբեր դրսեւորումները։
Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը եւ թանգարանի ցուցադրությունների բաժնի վարիչ Աշոտ Մարաբյանը ներկայացրել են արվեստագետի կյանքի եւ ստեղծագործական ուղու կարեւոր դրվագները՝ անդրադառնալով հատկապես Թիֆլիսի եւ Փարիզի տարիներին, նրա նորարարական «Տարածական նկարչության» (Peinture dans l’espace) հայեցակարգին եւ հայ-վրացական մշակութային առնչություններին։ 
Կարինե Քոչարը կարեւորել է Թբիլիսիի նշանակությունը Երվանդ Քոչարի կենսագրության եւ ստեղծագործական ձեւավորման համատեքստում՝ ընդգծելով, որ քաղաքը ոչ միայն նրա ուսումնառության տարիների միջավայրն էր, այլեւ մշակութային այն տարածքը, որտեղ ձեւավորվել են արվեստագետի հետագա ստեղծագործական ուղու համար կարեւոր կապեր։ 
Դասախոսության առանձին հատված նվիրված էր Երվանդ Քոչարի եւ վրացի արվեստագետներ Լադո Գուդիաշվիլիի, Դավիթ Կակաբաձեի ու Էլենե Ախվլեդիանիի ստեղծագործական առնչություններին։ 
Միջոցառման անցկացումը Ներսիսյան դպրոցում խորհրդանշական էր նաեւ այն առումով, որ հենց այս կրթօջախում է ուսանել Երվանդ Քոչարը։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *