ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին: Կողմերը քննարկել են օրերս Խերսոնի մարզի օկուպացված Օլեշկի քաղաքում Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստատված ժամանակավոր հումանիտար հրադադարը, որի արդյունքում հարյուրավոր բնակիչներ են տարհանվել Ուկրաինա և Ռուսաստան:
Ռուսական կողմը ներկայացրել են նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Յանա Լանտրատովան, ուկրաինական կողմը՝ իշխող խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան և մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Դմիտրո Լուբինեցը: Լանտրատովան և Լուբինեցն անձամբ մասնակցել էին Օլեշկիում հումանիտար գործողություններին:
Մելանյա Թրամփն իր ելույթում նշել է, որ Օլեշկիի հրադադարն անհնար կլիներ առանց Պուտինի և Զելենսկու ներգրավվածության:
«Այս գործակցությունը կարևոր նախադեպ է ստեղծում խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում»,- շեշտել է առաջին տիկինը:
Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը և Մելանյա Թրամփի հումանիտար նախաձեռնությունները:
Կիևի ներկայացուցիչն էլ ԱՄՆ առաջին տիկնոջն է փոխանցել Արքայադուստր Օլգայի առաջին աստիճանի շքանշանը, որով Զելենսկին պարգևատրել է Մելանյա Թրամփին:
Մոսկվայի ներկայացուցչին ընդունել է նաև ԱՄՆ նախագահը: Նա չի բացահայտել Դմիտրիևի հետ զրույցի բովանդակությունը, սակայն նշել է, որ մշակվում է «մեծ համաձայնագիր», որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլև, հնարավոր է, ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։ Ուկրաինական պատվիրակության հետ Թրամփը չի հանդիպել:
Leave a Reply