Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը, որ միաժամանակ հանդիսանում է իշխանությունների հովանու ներքո գործող Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, Բաքվում կազմակերպված կլոր սեղանի քննարկումներոում հայտարարել է, որ Ադրբեջանը «պետք է Երևանը խլի Արևմուտքից»։
Նա հստակեցրել է, որ խոսքը Երևանը ռազմական ճանապարհով գրավելու մասին չէ, այլ Բաքվի և Երևանի հակամարտությանը վերջ տալու և գլոբալ ճնշումներից ազատվելու։ Օրուջի խոսքով՝ եթե Արևմուտքում տեսնեն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է Բաքու և համաձայնում վերջ տալ թշնամությանը, ապա նրան կամ կենթարկեն խիստ պատժամիջոցների, կամ կարժանացնեն Իցհակ Ռաբինի ճակատագրին։ Ադրբեջանցի խորհրդարանականը դիտարկել է, որ Հայաստանում Դաշնակցությունը թուլանում է, իսկ Փարիզում՝ հզորանում, և եզրահանգել, որ այն ուժերը, որ ցանկանում են Ղարաբաղը վերադարձնել Հայաստանին, ձգտում են հաստատվել Հարավային Կովկասում և Ադրբեջանից «խլել նրա հաղթանակը»։
Հակադարձելով Միլլի մեջլիսի պատգամավորին, ռազմական փորձագետ, Անկախ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլգար Ալթայը նրան քննադատել է Ռուսաստանի առջև խոնարհվելու համար և հորդորել, որ գոնե հարգի սեփական կարգավիճակը։ Ալթայը վստահաբար պնդել է, որ Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության թշնամին ոչ թե Արևմուտքն է, այլ՝ Ռուսաստանը։
Օրուջ-Ալթայ բանավեճը բացահայտում է, որ Ադրբեջանի իշխանությունները, քաղաքական վերնախավը և նրանց հետ աֆիլացված փորձագետները Ռուսաստանից «ղարաբաղյան հաղթանակը խլելով» ոչ միայն վախ, այլև անգամ զգուշավորություն չունեն և նման «մտադրություններ» վերագրում են Արևմուտքին։
Հայաստանի ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմության մեծ մասը մինչդեռ Արևմուտքին մեղադրում է «Նիկոլ Փաշինյանին Արցախը հանձնելուն մղելու, Հայաստանի անվտանգային միջավայրը փլուզելու և Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին ենթարկեցնելու ծրագիր իրագործելու» համար։ Վերջնարդյունքում ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունների տեսակետը արտահայտող Զահիդ Օրուջը և հայաստանյան ընդդիմությունը Հարավային Կովկասի խաղաղության, հայ-ադրբեջանական հաշտության և համագործակցության երաշխավոր են ճանաչում Ռուսաստանին։ Սա, մեղմ ասած, մոտեցումների բավական արտառոց համընկնում է, ինչի մասին, սակայն, Հայաստանի ադրբեջանագիտական շրջանակները ոչինչ չեն ասում։
Վահրամ Աթանեսյան
Leave a Reply