Փաշինյան. «Իրական Հայաստանի» նպատակը ինքնության նենգափոխումը չէ

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնաբանել է իր կողմից առաջ քաշված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության քննադատություններին:

Ելույթ ունենալով Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում, նա, մասնավորապես, ասել է.
«Միշտ լսում ենք այդ քննադատությունները եւ փորձում ենք արձագանքել դրանց։ Եթե գաղափարախոսությունը պատրաստ է եւ կարող է պատասխանել հարցերին, նշանակում է, այն կենսունակ է, իսկ եթե կան հարցեր, որոնց չի կարող պատասխանել եւ առաջիկայում այդ հարցերը չեն ձեւակերպվի՝ նշանակում է գաղափարախոսության կենսունակության հետ կապված ինչ-որ խնդիր կա»։
Մեկնաբանելով այն կարծիքը, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նպատակը ինքնության նենգափոխումն է, Նիկոլ Փաշինյանն ասել է. 
«Մենք ոչ միայն համաձայն չենք այդ ձեւակերպման հետ, այլեւ ընդհակառակը՝ համոզված ենք, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու եւ զարգացնելու մասին է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է՝ մեր պետությունը մեր ինքնությունն է եւ ընդհակառակը՝ մեր ինքնությունը մեր պետությունն է»։
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունն այն մասին է, որ պետությունն ամենակարեւոր բանն է, որ մենք՝ որպես ժողովուրդ, կարող ենք ունենալ։ Չկա պետությունից ավելի կարեւոր բան, եւ մեր բոլոր ջանքերը, գործողությունները, նպատակներն ու պատկերացումները կապված են եւ կապված պետք է լինեն պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, նրա շահերի, հարատեւության տեսլականի հետ», – նշել է վարչապետը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *