Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը սխալ պնդում է արել՝ հայտարարելով, թե ընկերության սեփականատերը չի կարող այդ ընկերությունում չարաշահում կատարել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության վերաբերյալ նրա խոսքում ընկերության գույքը նույնացվում է սեփականատիրոջ անձնական գույքի հետ, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը դրանք տարանջատում է։
Այսպես, նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ճեպազրույցում, երբ լրագրողները նկատել են, որ ըստ Քննչական կոմիտեի, Սամվել կարապետյանը ավելի քան 60 մլրդ դրամի վնաս է հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, Նարեկ Կարապետյանը արձագանքել է․ «Իսկ ո՞վ էր ՀԷՑ-ի սեփականատերը, Սամվել Կարապետյանը չէ՞, չարաշահումները իրենից են, այսինքն՝ մարդը չի կարող իր ընկերությունից․․․ օրինակ, եթե ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ․) ունի «Հայկական ժամանակ» թերթ, ինքը չի կարող այդ թերթից չարաշահում անի, որովհետև ինքն է սեփականատերը։ Ժողովրդին դրել են լրիվ․․․ ո՞նց կարելի է կասկածել մարդկանց տրամաբանության վրա ․․․ մարդու սեփական ֆիրման է, էդ իրա 100 տոկոսն է, ամեն ինչը ըտեղ իրենն է, ի՞նչ սեփականատիրոջ կողմից չարաշահման մասին է գնում խոսքը։ Ոնց որ դուք մի բանի տերը լինեք, խանութ ունենաք, էդ խանութում ի՞նչ չարաշահման մասին կարող է խոսք գնալ, եթե ամեն ինչ խանութում ձերն է»։
Մեկ այլ դրվագում, Նարեկ Կարապետյանը, դիմելով լրագրողին, ասում է․ «Երբ փոքր ձեռնարկատիրական ընկերություն ունենաք, դրա 100 տոկոս ամեն ինչը ձերն է, դուք չեք կարա ըտեղ չարաշահում անեք, ոնց որ մի գրպանից վերցնեք, մյուս գրպանը դնեք։ Չի կարա այդպիսի բան լինի»։
Գրեթե նույնական պնդում հնչել է նաև մեկ այլ այս անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի կողմից․ «Ասում են՝ 64 միլիարդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին։ ՀԷՑ-ի սեփականատերն ո՞վ է, ՀԷՑ-ի սեփականատերը Սամվել Կարապետյանն է։ Հիմա Սամվել Կարապետյանը պիտի լիներ տուժո՞ղը, թե՞ պիտի լիներ մեղադրյալը»։
ՀԷՑ-ի սեփականությունը և պետական կարգավորումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տարեկան հաշվետվության համաձայն, ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը 2016 թվականից անցել է «Տաշիր» ընկերությունների խմբին։ ՀԷՑ-ը, այո, մասնավոր բաժնետիրական ընկերություն էր, սակայն դրա գործունեությունը ենթակա էր պետական կարգավորման։
Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական օբյեկտները. մաս 1
Ընկերության սեփականատերը չէր կարող իր հայեցողությամբ սահմանել էլեկտրաէներգիայի կարգավորվող սակագները․ այդ իրավասությունը պատկանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)։ ՀԷՑ-ը հանրային ծառայություն մատուցող բնական մենաշնորհ է, որի գործունեությունը ենթակա է հատուկ պարտավորությունների ու սահմանափակումների՝ սպառողների և համակարգի շահերը պաշտպանելու համար։
Միաժամանակ, Նարեկ Կարապետյանի և նրա գործընկերոջ պնդումը, թե «ամեն ինչը ըտեղ իրենն է (նկատի ունեն՝ Սամվել Կարապետյանին-խմբ․)», հակասում է բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջներին։
Այսպես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով ընկերությունն առանձին իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք։ Հետևաբար, բաժնետոմսերի սեփականությունը չի նշանակում, որ ընկերության դրամական միջոցները բաժնետիրոջ, կամ այս դեպքում Սամվել Կարապետյանի անձնական գումարներն են։
Օրենքը սահմանում է նաև բաժնետերերին շահութաբաժիններ վճարելու պայմանները։ Մասնավորապես՝ 49-րդ հոդվածով շահութաբաժինները վճարվում են ընկերության «զուտ շահույթից (կուտակված շահույթից), իսկ 50-րդ հոդվածը նախատեսում է դրանց վճարման սահմանափակումներ։ Ուստի «մի գրպանից մյուսը տեղափոխելու» համեմատությունը ճշգրիտ չէ։ Ըստ օրենքի, նույն անձի վերահսկողության տակ գտնվելը չի վերացնում այդ գործարքների նկատմամբ կիրառվող իրավական պահանջները։
Սակագնի ձևավորումը և քաղաքացի բաժանորդների հնարավոր վնասը
«Էներգետիկայի մասին օրենքի» համաձայն, սակագնագոյացման սկզբունքներից են գործունեության համար անհրաժեշտ ու հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության փոխհատուցումը և ողջամիտ շահույթ ստանալու հնարավորությունը։ Սակագում ներառվում է նաև հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերն ու հիմնավորված տեխնիկական և առևտրային կորուստները։
Այսինքն՝ բաժանորդների վճարած գումարը նախատեսված է նաև ընկերության հիմնավորված ծախսերը ծածկելու և շահույթ ստանալու հնարավորություն ապահովելու համար։ Օրենքը չի նախատեսում ընկերության ցանկացած ծախսի կամ վնասի ավտոմատ փոխհատուցում։ Ավելին՝ նույն հոդվածն արգելում է կարգավորվող գործունեության սակագներում տնտեսական այլ գործունեության ծախսեր ներառելը։
Դատելով այս կարգավորումներից՝ օրինակ՝ եթե սարքավորումների կամ աշխատանքների ուռճացված արժեքն ընդունվի սակագնային հաշվարկներում, բաժանորդները կարող են վճարել ավելի բարձր սակագին կամ զրկվել սակագինը իջեցնելու հնարավորությունից։
Սակայն սա հնարավոր տարբերակ է և ոչ հաստատված փաստ։ Հաստատված է այն, որ որ ՀԷՑ-ը գնումներ է կատարել «Տաշիր» ընկերությունների խմբին կապակցված կազմակերպություններից․ ընկերության ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2024-ին այդ գնումները կազմել են շուրջ 26,63 մլրդ, իսկ 2025-ին՝ 18,21 մլրդ դրամ։
Ինչի՞ց սկսվեց
Քննչական կոմիտեն նոյեմբերի 4-ին հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ ենթադրյալ չարաշահումներն առնչվում են ընկերության իրական կարիքներից չբխող ծավալով վարկերի ներգրավմանը, ապա միջոցները բաժնետերերին և այլ կազմակերպություններին փոխանցելուն։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ենթադրյալ գործողությունների հետևանքով ՀԷՑ-ին պատճառվել է ընդհանուր շուրջ 64,59 մլրդ դրամի վնաս։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի՝ 2024-2025 թվականներին ներգրավված վարկային միջոցներից շուրջ 23,16 մլրդ դրամ ապօրինի դուրս է բերվել՝ որպես շահաբաժին տրամադրվելով «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» բաժնետեր ընկերություններին։
Այսինքն՝ ՔԿ-ի նկարագրությունից դատելով՝ միջոցները կարող էին փոխանցվել բաժնետերերի օգտին, իսկ պարտավորություններն ու վնասը մնալ ՀԷՑ-ի վրա։
Արդյոք տվյալ գործողություններն իսկապես ապօրինի են եղել, և ով է դրանց համար պատասխանատու, պետք է պարզվի քրեական վարույթի շրջանակում։ Սակայն Նարեկ Կարապետյանի և Մեսրոպ Մանուկյանի փաստարկը, թե սեփականատեր լինելու փաստն արդեն իսկ բացառում է չարաշահումը կամ սեփականատիրոջ մեղադրյալ լինելը, իրավական հիմք չունի։
Այսպիսով՝ Նարեկ Կարապետյանի և Մեսրոպ Մանուկյանի պնդումը, թե սեփականատերը «իր ընկերությունից չարաշահում անել չի կարող», սխալ է։ Ընկերության գույքն առանձնացված է բաժնետիրոջ անձնական գույքից, իսկ սեփականությունը չի վերացնում օրենքով սահմանված սահմանափակումներն ու պատասխանատվությունը։
Միաժամանակ ընդգծենք, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքների հիմնավորվածության վերաբերյալ հարցերին պետք է պատասխան տա նախաքննական մարմինը, կամ դատարանը։
Հասմիկ Համբարձումյան

Leave a Reply