«Իրական Հայաստան» գաղափարախոսության երկրորդ բաժնում, անդրադառնալով ազգ և ժողովուրդ հասկացությունների տարբերություններին՝ հեղինակը պնդում է․
«Ժողովուրդը, ի տարբերություն ազգի, իրավունակությամբ օժտված հավաքականություն է։ Հետևաբար, ժողովուրդը պետականակերտ ինստիտուտ է, իշխանության աղբյուրն ու կրողը։ Այս տրամաբանությամբ հայ ժողովուրդը հայ ազգի պետականակերտ հատվածն է, իսկ հայ ժողովուրդն իր հերթին Հայաստանի ժողովրդի առանցքն է»։
Առաջին հայացքից սա կարող է ժողովրդի դերը կարևորող պոպուլիստական ձևակերպում թվալ։ Սակայն խորամուխ լինելով պնդումների մեջ՝ պարզ է դառնում, որ սա հայոց պետականության հիմքերի խորքային փոփոխությունների նախերգանք է։ Ուշադրության է արժանի այն, որ պետականակերտման հատկանիշը վերագրվում է Հայաստանի ժողովրդին, այլ ոչ թե հայ ազգին։Ուստի հարց է առաջանում՝ որքանո՞վ է հիմնավոր այս պնդումը։ Ո՞վ է Հայաստանի Հանրապետության կերտողը՝ հայ ազգը, թե՞ Հայաստանի ժողովուրդը:
Քաղաքագիտության մեջ, պետության և ազգի փոխհարաբերությունների համատեքստում, առանձնացվում են ազգ-պետություն (nation-state) և պետություն-ազգ (state-nation) մոդելները։ Ազգ-պետության կամ ազգային պետության պարագայում ազգը նախորդում է պետությանը և հանդիսանում է դրա ձևավորման հիմքը։ Այստեղ գոյություն ունի գերակշռող ազգ, որի ազգային ինքնորոշման արդյունքում ձևավորվում է պետությունը, որն էլ իր հերթին կարող է միտված լինել ազգային նպատակների ու իղձերի կատարմանը։ Պետություն-ազգ մոդելի պարագայում, ընդհակառակը, պետությունն է առաջինը, որը միավորում է տարբեր էթնիկ ու մշակութային խմբերի՝ նպատակ ունենալով ձևավորել միասնական քաղաքացիական ինքնության։
Հայոց պետականության վերականգնման հիմքում ընկած է հայ ազգի՝ ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը, որը պայմանավորված էր հայության անվտանգության ապահովման հրամայականով, այլ ոչ թե Հայաստանի տարածքում բնակվող տարբեր ժողովուրդներին մեկ քաղաքական հանրույթի մեջ միավորելու նպատակով։ Այդ հիմնանպատակի իրականացման համար համախմբվել էին ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլև համայն հայության ջանքերը։ Ուստի Հայաստանի Հանրապետությունը դասական ազգ-պետության օրինակ է։
Հետևաբար, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում հայ ազգին պետականակերտ կարգավիճակից զրկելը և դա Հայաստանի ժողովրդին վերապահելը կարելի է դիտարկել որպես Հայաստանի՝ ազգային պետությունից պետություն-ազգի վերածելու փորձ։ Որում հայ ազգը Հայաստանի մյուս էթնիկ խմբերից կտարբերվի միայն թվային գերակշռությամբ, որը, սակայն, ժամանակի ընթացքում կարող է փոխվել։ Ավելին՝ այս տրամաբանության շրջանակում հայկական ազգայնականությունը կարող է դիտարկվել ոչ թե որպես ազգային ինքնորոշման ու սեփական պետականության պահպանման գաղափարախոսություն, այլ որպես սեպարատիզմի դրսևորում։
Ընթերցողի մոտ բնականորեն հարց կառաջանա՝ ինչո՞ւ է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն առաջ քաշում նման նպատակադրում։ Դրա պատճառները և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական են։ Ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո ՀՀ ներկայիս իշխանությունները, պատասխանատվությունը սեփական ձախողումներից շեղելով, աղետների պատճառները վերագրում են ազգային ինքնության առանձնահատկություններին՝ որդեգրելով դրա վերափոխման քաղաքականություն։ Ըստ այդ տրամաբանության՝ ինքնության փոփոխությունը կարող է ճանապարհ հարթել դեպի խաղաղություն։ Սակայն Հայաստանի պարագայում դա ենթադրում է նաև ազգային պետության կազմաքանդում։
Ավելին՝ ազգային պետությունը, ինչպես ամրագրված է, օրինակ, Հայաստանի Անկախության հռչակագրում, կարող է ունենալ ազգային իղձեր և նպատակներ։ Ցեղասպանության և հայրենազրկման ենթարկված հայ ազգի պարագայում այդ իղձերն ու նպատակները անխուսափելիորեն առնչվում են հայրենազրկման հետևանքների հետ։ Սա էլ, ըստ էության, հակասում է ներկայիս «խաղաղության» գործընթացի տրամաբանությանը։
Ամփոփելով՝ հարկ է ընդգծել, որ հայ ժողովուրդը պետք է իմանա «Իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ առաջարկվող փոփոխությունների իրական գինը։ Ուստի քաղաքական և հասարակական գործիչները պարտավոր են հանրությանը մեկնել ու բացատրել, թե ինչ է նշանակում «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը և ինչ հետևանքներ կունենա դրա ընդունումը պետականության ու ազգային ինքնության վրա։
Հակոբ Ղազարյանը քաղաքագիտության մագիստրոս է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և չեն արտացոլում որևէ կառույցի կամ կազմակերպության դիրքորոշումը կամ տեսակետները։
Leave a Reply