ՀՀ ՆԳ նախարարությունը դեռ չի որոշել, թե որքան կարժենան գեղեցիկ կամ «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և այդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողություն կլինի։
Հոկտեմբերի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կենսաչափական անձնագրերի ներդրումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան լրացուցիչ վճարի դիմաց ընտրել գեղեցիկ համարներով անձնագրեր։ Սովորական կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 28 650 դրամ։ Ըստ վարչապետի` եթե քաղաքացիների շրջանում նման պահանջարկ կա, իսկ այն, ըստ նրա, անկասկած կա, ապա պետությունը կարող է դրանից գումար վաստակել։ Փաշինյանը նշեց` «գոլդ» թվերով անձնագրերի վաճառքից գոյացած գումարը համակարգի համար լրացուցիչ ներդրում կլինի։
«Այդ մասին որոշում կունենանք 2027 թ. հունվար–փետրվարին. սկսենք պրոցեսը, մի քանի ամիս աշխատենք ու հետո կորոշենք գնային կոնկրետ քաղաքականությունը։ Նշեմ, որ դա քաղաքացու ցանկությունն է լինելու. եթե ուզում ես ունենալ կոնկրետ թվով անձնագիր, կարող ես հավելյալ գումարի դիմաց ստանալ, եթե ոչ, ապա որևէ հավելյալ վճարի մասին խոսք լինել չի կարող»,– ընդգծեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ստացված շահույթին, ապա նախարարը նշեց, որ այս համարների դեպքում պետք է դեռ քննարկեն, թե ինչպես պետք է այն բաշխեն, այսինքն` նախատեսվում է, որ պետությունը որոշակի շահույթ ևս կունենա։
Մինչ այդ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և այդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողություն կլինի։
«Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու. այնպես եք նշում, թվում է` հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել»,– ասել է Մանուկյանը։
Ի պատասխան նախարարը նշեց, որ լինելու են որոշակի կրճատումներ, սակայն անձնագրային բաժինները նախկինում միայն անձնագիր և նույնականացման քարտ չէ, որ տրամադրում էին, այլ շատ կարևոր դերակատարում ունեին ընտրական պրոցեսների կազմակերպման հետ կապված։
«Այո, թվային պլատֆորմում է գեներացնում, բայց անձը մի անգամ պիտի այցելի գրասենյակ, որպեսզի վերջնական նույնականացում անենք։ Ամեն դեպքում, 2027 թվականի կտրվածքով էական խնայողություն չենք պլանավորում ունենալ, որպեսզի անցումը շատ սահուն լինի»,– ասել է Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ գործող գրասենյակները կվերաձևավորվեն իրենց նոր գործառութային բազայով, և թեև փոքր ծավալով, բայց կշարունակեն իրենց աշխատանքը։
Հիշեցնենք` այս տարվա հոկոտեմբերի 29–ին կառավարությունը հաստատեց, որ Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Որոշման համաձայն` բիոմետրիկ անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով` մոլերից։
Հոկտեմբերի 31–ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվեց կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։
Leave a Reply