Հայ եպիսկոպոսը բարեգործական կիսամարաթոն կվազի Լոնդոնում

Written by

in

Ներկայացնում ենք Armenian bishop to take on Battersea half marathon հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հայ եպիսկոպոսը կվազի Լոնդոնի փողոցներով՝ աշխարհում հալածանքների ենթարկվող քրիստոնյաներին աջակցելու նպատակով։
Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նպատակ ունի հավաքագրել 5000 ֆունտ ստեռլինգ՝ նոյեմբերի 14-ին մասնակցելով Բաթերսի պարկի կիսամարաթոնին: 
Զրուցելով «Օգնություն կարիքավոր եկեղեցուն» (ACN) կաթոլիկ բարեգործական կազմակերպության հետ, որին ուղղվելու են միջոցները, Հովակիմ եպիսկոպոսը նշել է, որ 21 կմ տարածություն վազելու համար նախապատրաստությունն արդեն ընթացքի մեջ է:
«Ես արդեն վազել եմ 15 կմ՝ Քյու կամրջից մինչեւ Համերսմիթ կամուրջ եւ հետ», – ասել է նա։
Հովակիմ եպիսկոպոսը փորձառու վազորդ է։ Նրա առաջին խոշոր մրցավազքը 2024 թվականին էր, երբ նա հաղթահարեց Վինձորի 5 կմ վազքը, իսկ այնուհետեւ մասնակցեց Քինգսթոնի կիսամարաթոնին՝ երկուսն էլ բարեգործական նպատակով։
2026 թվականի սեպտեմբերի 20-ին էլ նա վազել էր 10 կմ՝ աջակցելով Արցախից տեղահանված երեխաներին։
«Որպես եպիսկոպոս՝ ես գիտեմ, որ տառապանքը ո՛չ միայն պատմություն է, ո՛չ էլ հեռավոր մի բան։ Այսօր աշխարհում շատ քրիստոնյաներ են տառապում», – հավելել է նա։
Հովակիմ եպիսկոպոսը հատուկ երախտագիտություն է հայտնել ACN-ին՝ Հայ կաթողիկե եկեղեցու միջոցով Հայաստանի համայնքներին ցուցաբերվող աջակցության համար։ «Որպես Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս՝ ես սա դիտում եմ որպես քրիստոնեական համերաշխության իմաստալից դրսեւորում մեր ավանդույթների միջեւ», – ասել է նա։
Հովակիմ եպիսկոպոսը պատմել է, որ վազքով սկսել է զբաղվել «առողջական նկատառումներով»։
«Ավելորդ քաշ ունեի եւ հասկացա, որ ինչ-որ բան պետք է փոխեմ։ Սկսեցի քայլելուց, հետո կարճ տարածություններ վազելուց՝ աստիճանաբար ուժ եւ վստահություն ձեռք բերելով։ Հոգեւորականներն էլ պետք է հոգ տանեն իրենց առողջության մասին», – ասել է նա։
«Վազքն ինձ համար շատ ավելին է դարձել, քան պարզապես ֆիզիկական վարժություն։ Այն յուրատեսակ թերապիա է՝ մենակ եմ մնում մտքերիս, Աստծո եւ քայլերիս ռիթմի հետ», – բացատրել է Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *