Իշխանությունը փորձում էր իր քաղաքական օրակարգն առաջ մղել ոչ թե քաղաքական համաձայնության և բանակցությունների, այլ ճնշումների ու վարչական ռեսուրսի կիրառման միջոցով։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ շնորհավորելով երեխաների օրվա առթիվ:
«Այն, ինչ այսօր իշխանությունը փորձում է իրականացնել Սահմանադրության փոփոխության անվան տակ, վաղուց կանխատեսելի քաղաքական սցենարի հերթական քայլն է։ Իշխանության այս գործելակերպի նախադրյալները տեսանելի էին ընտրություններից անմիջապես հետո, երբ արդեն իսկ պարզ դարձավ, որ չունեն սահմանադրական մեծամասնություն:
Իշխանությունը փորձում էր իր քաղաքական օրակարգն առաջ մղել ոչ թե քաղաքական համաձայնության և բանակցությունների, այլ ճնշումների ու վարչական ռեսուրսի կիրառման միջոցով։
Իշխանության գործելաոճն արդեն բոլորին է ծանոթ։ Երբ քաղաքական որոշումների համար բավարար փաստարկներ չեն գտնվում, գործի են դրվում վարչական ռեսուրսը, ուժային մեխանիզմներն ու կազմակերպված ճնշումները։ Այսօր արդեն այդ ճնշումները տեղափոխվել են գործնական հարթություն. Քննչական Կոմիտեի այսօրվա գործողությունները վառ ապացույցն են այն բանի, որ իշխանությունը փորձում է վախի և բռնաճնշումների միջոցով առաջ տանել իր հակասահմանադրական օրակարգը։ Հիմքեր կան ենթադրելու, որ այս անգամ ևս փորձ է արվելու վարչական ռեսուրսը ներկայացնել որպես ժողովրդական պահանջ՝ մարդկանց ուղղորդելով դեպի Ազգային ժողով և ճնշում գործադրելով պետական ինստիտուտների վրա։
Նման գործելաոճի դրսևորումներ արդեն եղել են՝ պատգամավորների ընտանիքի անդամների հեռախոսահամարների հրապարակումից մինչև անձնական կյանքի թիրախավորում, բարոյահոգեբանական ճնշումներ և տեղեկատվական մանիպուլյացիաներ։ Սրանք քաղաքական պայքարի ընդունելի միջոցներ չեն և որևէ պարագայում չեն կարող արդարացվել ժողովրդավարության կամ հանրային պահանջի անվան տակ։
Սակայն այս ամենից առաջ կա մի հարց, որին իշխանությունը պարտավոր է հստակ պատասխանել. ի՞նչ քաղաքական մանդատով է փորձում փոխել երկրի հիմնարար օրենքը։
Իշխանության հիմնական փաստարկն այսօր հետևյալն է՝ «եկեք գնանք հանրաքվեի, թող ժողովուրդը որոշի»։ Առաջին հայացքից ժողովրդավարական հնչող այս ձևակերպումը, սակայն, շրջանցում է ամենակարևոր խնդիրը։ Հանրաքվե անցկացնելու հնարավորությունն ինքնին դեռևս չի նշանակում, որ սահմանադրական փոփոխության համար անհրաժեշտ բոլոր իրավական նախապայմաններն ապահովված են։
Պետք է հստակ տարբերակել ընտրություններում քաղաքական մեծամասնություն ստանալը և Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով Մայր օրենքում փոփոխություններ կատարելը։ Սրանք տարբեր գործընթացներ են՝ տարբեր իրավական պահանջներով։
Սահմանադրության փոփոխության հարցում խնդիրը միայն անհրաժեշտ ձայների քանակը չէ։ Ոչ պակաս կարևոր են փոփոխության բովանդակությունը, դրա իրավական հիմքերը և այն քաղաքական պատասխանատվությունը, որը պետք է ուղեկցի նման գործընթացին։
Սահմանադրությամբ նախատեսված հատուկ ընթացակարգերն ու բարձր շեմերը պատահական չեն։ Դրանք պետությունը պաշտպանող երաշխիքներ են, որոնք թույլ չեն տալիս երկրի հիմնարար կանոնները փոխել պահի քաղաքական շահերից ելնելով։
Սահմանադրությունը պետք է սահմանափակի իշխանությանը, ոչ թե ծառայի իշխանության սահմանները վերացնելու նպատակին։ Եվ հենց այստեղ է խնդրի առանցքը։ Պետության հիմնարար կանոնները չեն կարող փոխվել մեկ քաղաքական ուժի պատկերացումների, նպատակների կամ տվյալ պահի քաղաքական հաշվարկների համաձայն։ Սահմանադրությունը մեկ իշխանության սեփականությունը չէ, և քաղաքական մեծամասնությունը չի կարող իրեն վեր դասել այն սկզբունքներից ու սահմանափակումներից, որոնք պարտադիր են պետության բոլոր ինստիտուտների համար։
Այս իրավիճակում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և իմ համախոհների համար լռելն ու հետևելն անթույլատրելի են։ Ես կոչ եմ անում խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերին՝ մի կողմ դնելու բոլոր տարաձայնությունները և միավորվելու այս հակասահմանադրական գործընթացի դեմ։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը պատրաստ է ամեն ինչի՝ թույլ չտալու, որ վարչական ռեսուրսն ու կազմակերպված ճնշումները փոխարինեն մեր ժողովրդի ազատ կամարտահայտությանը։ Մենք պարտավոր ենք մինչև վերջ պաշտպանել մեր երկրի Հիմնարար օրենքը, որը պետության և հասարակության երկարաժամկետ շահերի միակ երաշխիքն է՝ անկախ նրանից, թե ով է այսօր իշխանության ղեկին»,- նշել է նա։
Leave a Reply