Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունը ենթարկվել է էական փոփոխությունների, որոնք պաշտոնապես հաստատվել են կառույցի արտահերթ ժողովում:Այսուհետ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնին հավակնող գործիչներից այլևս չի պահանջվի հայերենի պարտադիր իմացություն կամ վերջին մեկ տարում Հայաստանում մշտական բնակության փաստ: Այս նախագիծը, որն օրակարգ էր մտել 30 ակումբների պահանջով, ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 29 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Չնայած լեզվական և բնակության ցենզի վերացմանը, ֆեդերացիան անփոփոխ է թողել մյուս առանցքային կետերը. թեկնածուները շարունակում են պարտավորված լինել ունենալ ՀՀ քաղաքացիություն և լինել առնվազն 25 տարեկան: Բացի այդ, ժողովականները վերանայել են նաև կանոնադրության 38-րդ հոդվածը, որը վերաբերում է պաշտոնավարման ժամկետների հաշվարկին: Ըստ նորմի՝ մեկ ամբողջական ժամկետ է համարվելու միայն այն դեպքը, երբ անձը պաշտոնավարել է առնվազն երկու տարի. ավելի պակաս ժամանակահատվածն ամբողջական չի դիտարկվելու:
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ կանոնադրական այս փոփոխությունները կարող են ճանապարհ հարթել Դենիս Ջորկաեֆի համար, որպեսզի վերջինս առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ նրա թեկնածությունն առաջ է մղում ՖԻՖԱ-ն՝ «քաղաքական միջամտության» ճանապարհով: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի երկրորդ կեսին։
Leave a Reply