«300 հազար ադրբեջանցի» և «Արևմտյան Ադրբեջան»․ ինչպես են աշխատել վախի տարածման կազմակերպված ցանցերը

Written by

in

FIP.am-ի և միջազգային գործընկերների համատեղ հետաքննությունը բացահայտել է Facebook-ի ավելի քան 100 համակարգված գործող էջեր և Telegram ալիքներ, որոնք ընտրություններից առաջ տարածել են պատերազմի ու տարածքային կորստի մասին պնդումներ։ 

Հոդվածը հրապարակվել է DFRLab.org-ում

Մեր հետաքննությունը պարզել է, որ Facebook-ի էջերից ու կայքերից կազմված չորս համակարգված ցանցեր, որոնցում բազմաթիվ էջեր ներկայանում էին մոլորեցնող կամ կեղծ ինքնությամբ, ինչպես նաև համաժամանակյա հրապարակումներ կատարող Telegram-ի ալիքներ, ակտիվորեն տարածել են պնդումներ, թե հարյուր հազարավոր ադրբեջանցիներ տեղափոխվելու են Հայաստան, իսկ ընտրությունները կարող են հանգեցնել պատերազմի։

Այդ էջերը թաքնվել են ժամանցային անվանումների հետևում, ներկայացել որպես լրատվամիջոցներ և վերահրապարակել փոխկապակցված կայքերի բովանդակությունը։ Գործունեության զգալի մասը կենտրոնացած է եղել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վրա։ Հայտնաբերված էջերից մի քանիսը քվեարկությունից կարճ ժամանակ անց դադարել են թարմացնել էջերը, կատարել հրապարակումներ։

Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին նոր իրողությունների պայմաններում․ Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակված հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը սկսել էին հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ընտրություններին ընդառաջ այդ գործընթացը դարձավ Հայաստանի տեղեկատվական դաշտի հիմնական թիրախներից մեկը։ Պատերազմի վախն ու պատմական ցավոտ հիշողություններն օգտագործվեցին ներքաղաքական նպատակներով։

Մենք պարզել ենք, որ սոցիալական ցանցերում գործող փոխկապակցված օգտահաշիվները դրսևորել են համակարգված ոչ բնական վարքագիծ (Coordinated Inauthentic Behavior, CIB)՝ թաքցնելով իրենց միջև կապերը և տարածելով քաղաքական բովանդակություն՝ այդպիսով մոլորեցնելով հայաստանյան լսարանին։

Երբ որոշակի պնդումներ զանգվածաբար և համակարգված կերպով տարածվում են անհայտ օգտահաշիվների միջոցով, ընտրության առաջ կանգնած քաղաքացիների համար դժվար է դառնում տարբերել իրական հանրային քննարկումը արհեստականորեն ուժգնացված տեղեկատվական հոսքից։ 

Ընտրված պնդումների տարածումը սոցիալական ցանցերում

Սոցիալական մեդիայի մշտադիտարկման գործիքների՝ Junkipedia-ի, LetsData-ի, Osavul-ի և Meta Content Library-ի օգնությամբ նախ հավաքել ենք 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ընտրություններին առնչվող երեք պնդումների վերաբերյալ հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումները։

Այնուհետև ուսումնասիրել ենք, թե ինչպես են այդ թեմաները շրջանառվել Telegram-ում, YouTube-ում, TikTok-ում, Facebook-ում և տարբեր կայքերում։

Ընտրել ենք երեք հիմնական պնդում, քանի որ դրանք բոլորն առնչվում էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, լայնորեն տարածվել էին նախընտրական շրջանում և հասարակության մոտ վախեր առաջացնելու ռիսկ ունեին․

  1. Հայաստանի կառավարությունը, իբր, խաղաղության գործընթացի շրջանակում համաձայնել է շուրջ 300 հազար ադրբեջանցիների բնակեցնել Հայաստանում։
  2. Հայաստանը վերածվում է «Արևմտյան Ադրբեջանի», իսկ Փաշինյանի կառավարությունը կա՛մ անտեսում է այդ գործընթացը, կա՛մ նպաստում դրան։
  3. Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչների շրջանառած պնդումները, թե ընտրությունների այս կամ այն արդյունքը կարող է հանգեցնել նոր պատերազմի։

Հատկանշական է, որ մեր հայտնաբերած համակարգված ոչ բնական վարքագծի (CIB) դեպքերի մեծ մասը կապված էր առաջին երկու պնդումների հետ։

Ցանցերի համակարգված գործունեությունը բացահայտելու համար ուսումնասիրել ենք ինչպես դրանց վարքագիծը, այնպես էլ տեխնիկական հատկանիշները։

Facebook-ում հիմնական ցուցիչներից էին, օրինակ, տարբեր էջերում վայրկյանների կամ րոպեների տարբերությամբ տեղադրված նույնական նյութերը, մոլորեցնող անվանումները, էջերի անվանումների նույնատիպ կառուցվածքը և որպես կապի միջոց միևնույն էլեկտրոնային հասցեները:

Կայքերի դեպքում ուսումնասիրել ենք դրանց տեխնիկական ենթակառուցվածքների ընդհանրությունները՝ Google AdSense-ի հրապարակողի նույնականացման համարները, Yandex Metrica-ի հաշվիչների համարները, հեղինակների մուտքանունները, կայքերը ստեղծած ծրագրավորողներին, հոսթինգը և տարբեր կայքերում վայրկյանների տարբերությամբ հայտնված՝ թվային առումով ամբողջությամբ նույնական պատկերները։

Telegram-ում հաշվարկել ենք, թե որքան հաճախ են երկու ալիքներ մեկ րոպեի ընթացքում հրապարակել նույն բովանդակությունը, և այդ արդյունքները համեմատել ենք նրանց հրապարակումների ժամանակագրության պատահական վերադասավորմամբ ստացված ցուցանիշների հետ։

Կարևոր է տարբերակել համակարգված գործունեությունը և ոչ բնական վարքագիծը

Համակարգված գործունեության մասին են վկայում վարքագծային օրինաչափությունները, օրինակ՝ տարբեր հաշիվներից վայրկյանների կամ րոպեների տարբերությամբ նույն հրապարակումները։

Ոչ բնական վարքագծի մասին կարող են վկայել ներկայանալու մոլորեցնող ձևերը՝ էջերի խաբուսիկ անվանումները, լրատվամիջոց ներկայանալը կամ իրական կապերը թաքցնելը։ Ցանցը կարող է դրսևորել այս հատկանիշներից մեկը՝ առանց մյուսի։

Հետաքննության ընթացքում օգտագործված ցուցիչները և դրանց մեկնաբանությունը․ աղբյուր՝ DFRLab

«300 հազար ադրբեջանցիների» մասին պնդումը

2026 թվականի հունվարից մինչև ապրիլի վերջ «300 հազար ադրբեջանցիների» մասին հիշատակումները համեմատաբար քիչ էին՝ շաբաթական միջինում շուրջ 78 հրապարակում։

Ապրիլի 27-ով սկսվող շաբաթվա ընթացքում դրանց թիվը գրեթե քառապատկվեց։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ռուսամետ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը 300 հազար աշխատատեղ կստեղծի քաղաքացիների համար՝ Հայաստան 300 հազար ադրբեջանցի բերելու փոխարեն։

Հետագա շաբաթներին թեմայի վերաբերյալ հրապարակումների թիվը շարունակեց աճել՝ մայիսի 25-31-ն ընկած շաբաթվա ընթացքում հասնելով 1344-ի։

Այս պնդման վերաբերյալ բոլոր հիշատակումների գրեթե 80 տոկոսը բաժին է ընկել նախընտրական քարոզարշավի վերջին վեց շաբաթներին։

«300 հազար ադրբեջանցիների» մասին հրապարակումների տարածումը սոցիալական հարթակներում․ աղբյուր՝ LetsData

«Արևմտյան Ադրբեջանի» մասին պնդումը

2026 թվականի հունվարին և փետրվարին «Արևմտյան Ադրբեջանի» մասին հիշատակումները նույնպես համեմատաբար քիչ էին՝ շաբաթական 100-190 հրապարակում։

Մարտի կեսերին դրանց թիվը գրեթե կրկնապատկվեց։ Դա համընկավ այն շաբաթվա հետ, երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացվեց որպես ընդդիմության վարչապետի թեկնածու։

Հիշատակումների թիվը կրկին աճեց, երբ Քոչարյանն ընտրությունները ներկայացրեց որպես ընտրություն հայկական պետականության և «Արևմտյան Ադրբեջանի» միջև։

Ապրիլի ընթացքում հրապարակումների թիվը պահպանվեց բարձր, բայց տատանվող մակարդակում։ Մայիսին՝ պաշտոնական նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո, այն կրկին աճեց։

Ուշագրավ է, որ թեմայի տարածմանը մասնակցող հաշիվների շաբաթական թիվը գրեթե կրկնապատկվեց։ Եթե մինչև մայիսի 11-ը դրանց թիվը տատանվում էր մոտավորապես 60-145-ի սահմաններում, ապա դրանից հետո հասավ 142-231-ի։

«Արևմտյան Ադրբեջանի» մասին հիշատակումներն առավելագույնին հասան ընտրություններին նախորդող վերջին շաբաթվա ընթացքում։

Գրաֆիկ. «Արևմտյան Ադրբեջանի» մասին հրապարակումների տարածումը սոցիալական ցանցերում․ աղբյուր՝ LetsData

Պատերազմի սպառնալիքի մասին պնդումները

Ի տարբերություն նախորդ երկու թեմաների՝ պատերազմի սպառնալիքի մասին պնդումների տարածումն առավելագույնին հասավ նախընտրական շրջանի ավելի վաղ փուլում։

Թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր ուղերձները հիմնվում էին հասարակության նույն վախի՝ նոր պատերազմի հնարավորության վրա։

Իշխանամետ հաղորդագրություններում շեշտը դրվում էր ոչ այնքան տարածքային կորստի, որքան այն պնդման վրա, որ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության պահպանումը նոր պատերազմից խուսափելու միակ իրատեսական ճանապարհն է։ Ընդդիմության հաղթանակը, հակառակը, ներկայացվում էր որպես նոր ռազմական բախման վտանգ։

Մինչև փետրվարի վերջ այդ թեմայով հրապարակումների թիվը դանդաղ էր աճում, սակայն մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացավ։

Աճը հիմնականում պայմանավորված էր հետևյալ իրադարձություններով․ մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ելույթ ունեցավ՝ պաշտպանելով միջանցքի և սահմանի վերաբերյալ կառավարության որոշումները։ Դրան հաջորդեց նրա հայտարարությունը, թե սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա։

Այս թեմայի վերաբերյալ բոլոր հիշատակումների շուրջ 41 տոկոսը բաժին է ընկել մարտի 9-29-ն ընկած երեք շաբաթներին։

Հրապարակումների թվի հերթական աճը գրանցվեց, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց․ «Սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև Փաշինյանը սեպտեմբերին վարչապետ չի լինի»։

Գրաֆիկ. Պատերազմի սպառնալիքի մասին պնդումների տարածումը սոցիալական ցանցերում․ աղբյուր՝ LetsData

Facebook-ի ավելի քան 100 համակարգված գործող էջեր տարածել են ռուսամետ  բովանդակություն և քննադատել կառավարությանը

Մեր հայտնաբերած համակարգված ցանցերն ընդգրկում են Facebook-ի ավելի քան 100 էջ։

Դրանք գործում են նմանատիպ սկզբունքով․ էջերն ունեն քաղաքականության հետ առերևույթ կապ չունեցող, հաճախ ժամանցային անվանումներ, որոնք որևէ պատկերացում չեն տալիս ո՛չ դրանց իրական բովանդակության, ո՛չ էլ այն լրատվամիջոցների մասին, որոնց հրապարակումները տարածում են։

Այս էջերը վայրկյանների կամ րոպեների տարբերությամբ հրապարակում են նույնական նյութեր։ Դրանք հիմնականում տարածում են կասկածելի կայքերի և սեփականատերերի մասին տեղեկություններ չհրապարակող լրատվական հարթակների բովանդակությունը։

Ցանցերի տարածած քաղաքական ուղերձները հիմնականում համահունչ են ընդդիմադիր և ռուսամետ դիրքորոշումներին։

Էջերից մի քանիսը դադարեցրել են հրապարակումները հունիսի 9-ին՝ ընտրություններից ընդամենը երկու օր անց։ Սա վկայում է, որ դրանց գործունեությունը կենտրոնացած էր ընտրությունների վրա։

Հայտնաբերված էջերի և այլ առցանց ռեսուրսների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ։

Առաջին ցանց․ ժամանցային էջերի քողի տակ քաղաքական բովանդակություն

Մենք հայտնաբերել ենք Facebook-ի ավելի քան 30 էջից բաղկացած համակարգված ցանց։ Դրա մաս կազմող էջերը, որոնք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայանալով որպես ժամանցային կամ քաղաքականության հետ կապ չունեցող էջեր, տարածել են քաղաքական և ընդդիմադիր բովանդակություն։

Հատկանշական է, որ այս ցանցի բազմաթիվ էջեր հունիսի 9-ից՝ ընտրություններից երկու օր անց, դադարեցրել են հրապարակումները։ Սա ցույց է տալիս, որ դրանց գործունեության հիմնական նպատակը կարող էր լինել ընտրություններից առաջ հանրային ընկալումների վրա ազդելը։

Էջերից շատերն ունեն ժամանցային կամ քաղաքականությունից հեռու անվանումներ, մինչդեռ հիմնականում քաղաքական բովանդակություն են հրապարակում։

Դրանց թվում են «Yerevan Estate Ձեր խոսքը», «International Beauties», «Armenia Cool», «Smile and the Whole World Will Smile at You» և այլ էջեր։

Դրանք նույնաբովանդակ հրապարակումներ են կատարում մի քանի րոպեի տարբերությամբ։ Այս օրինաչափությունը հուշում է, որ բովանդակությունը, հավանաբար, տեղադրվում է ձեռքով, այլ ոչ թե ավտոմատ վերահրապարակման միջոցով։

Facebook-ը որոշ էջերի հրապարակումներին ավելացրել է արհեստական բանականության կիրառման մասին նշում՝ ցույց տալով, որ դրանցում օգտագործվել է ԱԲ-ով ստեղծված բովանդակություն։

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այս էջերն ակտիվորեն տարածել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցի հայտարարությունները։ Նրա կուսակցությունն ընտրություններին մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական ցուցակով։

«Բարգավաճ Հայաստանը» ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, որը լայնորեն ընկալվում է որպես ռուսամետ քաղաքական գործիչ։ Նա հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին և հրապարակայնորեն Ռուսաստանը ներկայացրել որպես տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության գլխավոր երաշխավոր։

Ցանցի էջերը նաև տարածել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի համար նպաստավոր բովանդակություն։

«Smile and the Whole World Will Smile at You» ժամանցային էջի շապիկին, օրինակ, տեղադրված է «Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի 2023 թվականի ավագանու ընտրությունների քարոզարշավի խորհրդանիշներով պատկեր, թեև էջը պաշտոնապես կապված չէր կուսակցության հետ։

Ցանցի միջոցով տարածված Սուրեն Սուրենյանցի հայտարարություններից մեկում պնդում է արվում, որ հունիսի 7-ը ոչ թե ընտրությունների, այլ «անկախության հանրաքվեի» օր է։

Նույն հրապարակման մեջ նա պնդում էր, թե «կոլաբորացիոնիստական կառավարության» միջոցով Հայաստանում արդեն իսկ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» (1, 2, 3, 4). ։

Ցանցը տարածել է նաև Սուրենյանցի մեկ այլ հայտարարություն, ըստ որի՝ Փաշինյանի կառավարությունը հայ-ռուսական հարաբերություններում առաջացրել է «աննախադեպ ճգնաժամ»։ Սուրենյանցը կոչ էր անում ընտրողներին մերժել Փաշինյանի գլխավորած «պատերազմի կուսակցությանը» և թույլ չտալ «ուկրաինական մոդելի» կրկնությունը (1, 2, 3) ։

Համակարգված գործող էջերի նույնական հրապարակումները՝ Սուրեն Սուրենյանցի հայտարարությամբ․ աղբյուր՝ Facebook

Այս էջերից մի քանիսը տարածել են նաև հորինված տեղեկություններ։

2026 թվականի փետրվարին դրանցից մի քանիսը հրապարակել են տեղեկություն, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավտովթարի է ենթարկվել (1, 2)։

Իսկ հունվարին էջերից մեկում հրապարակվել է Գարեգին Բ կաթողիկոսի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի լուսանկարներով կոլաժ՝ «Հրաժարական տվեց։ Շնորհավորում եմ բոլորին» գրությամբ (1, 2)։ Այս պնդումներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։

Արտապատկերումը՝ կեղծ պնդումներ պարունակող ֆեյսբուքյան հրապարակումներից

Ընտրություններին ընդառաջ ցանցի էջերը հիմնականում տարածել են վերոնշյալ քաղաքական գործիչների մասնակցությամբ տեսանյութերն ու հարցազրույցները, որոնք հրապարակվել էին YouTube-ի երեք ալիքներում՝ ArmatMedia, hayqNews և Hayeliakumb։

Երեք լրատվական հարթակներն էլ ակնհայտորեն առավել մեծ ուշադրություն են հատկացնում ընդդիմադիր և ռուսամետ գործիչներին։ 

«Արմատ Մեդիան» հիմնադրվել է 2025 թվականի սեպտեմբերին՝ ռուսամետ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Ալեքսան Ալեքսանյանի կողմից։ Այն համարվում է «Ուժեղ Հայաստանի» քաղաքական խոսափողը և հետևողականորեն հրապարակում է կուսակցության համար նպաստավոր բովանդակություն։

Ալեքսանյանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ (հոդվածի պատրաստման պահին՝ նախնական կալանքի)՝ հանրահավաքների մասնակիցներին ենթադրյալ գումար վճարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով։

2023 թվականի դեկտեմբերին գրանցված HayqNews-ը հիմնականում հարթակ է տրամադրում Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցմանը կողմ ընդդիմադիր գործիչներին և լայնորեն լուսաբանել է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական քարոզարշավը։ Այս մեդիայի գլխավոր խմբագիրը նախկինում Դաշնակցության հետ կապ ունեցած մեդիայի լրագրող Արմինե Սիմոնյանն է։

«Հայելի ակումբը»՝ լրատվական կայք և մամուլի ակումբ, պարբերաբար հյուրընկալում է «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին, ընդդիմադիր պատգամավորներին և կառավարության քննադատներին՝ զգալի տեղ հատկացնելով ռուսամետ քաղաքական բովանդակությանը։

Facebook-ում մեր կողմից հայտնաբերված այս առաջին ցանցի որոշ էջերի կոնտակտային տվյալներում նշված է [email protected] էլեկտրոնային հասցեն։ CivilNet-ն իր հոդվածներից մեկում նշել էր, թե այս հասցեն պատկանում է Արման Թումասյանին, որը զբաղվել է սոցիալական ցանցերի էջերի ստեղծմամբ և զարգացմամբ։ 2017 թվականին Թումասյանը ասել էր, որ Facebook-ն արգելափակել է իր ստեղծած հարյուրավոր էջերը։

FIP.am-ի լրագրողի հետ զրույցում Թումասյանը հաստատել է, որ նախկինում ստեղծել և կառավարել է մեծ լսարան ունեցող Facebook-յան էջեր ու խմբեր, որոնք օգտագործել է բովանդակություն տարածելու համար։ Միաժամանակ Թումասյանը նշել է, որ այլևս չի զբաղվում այդ գործով, քանի որ դրանք բոլորը վաճառել է 2025 թվականի կեսերին։

Ըստ նրա՝ խոսքը շուրջ 100 էջի մասին է, որոնց ընդհանուր լսարանը կազմում էր երեքից չորս միլիոն հետևորդ։ Թումասյանը հայտնել է, որ գնորդները Ռուսաստանից էին, սակայն հրաժարվել է բացահայտել նրանց ինքնությունը։

Երկրորդ ցանց․ ավելի քան 50 էջ՝ Past.am-ի բովանդակությունը տարածելու համար

Մենք հայտնաբերել ենք Facebook-ի ավելի քան 50 մոլորեցնող էջ, որոնք հիմնականում վերահրապարակել են ռուսամետ Past.am կայքի նյութերը։

Դրանցից շատերը նույնպես դադարեցրել են հրապարակումները հունիսի 9-ին՝ ընտրություններից երկու օր անց։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ էջերի հիմնական նպատակը քվեարկությունից առաջ հանրային կարծիքի վրա ազդելն է եղել։

Այս էջերում նույնական տեքստերը հայտնվել են նույն րոպեի ընթացքում, ինչը մեծ հավանականությամբ վկայում է ավտոմատ վերահրապարակման մասին։

Past.am-ը հայկական «Փաստ» թերթի առցանց տարբերակն է։ Հիմնադիրը Վարուժան Բաբաջանյանին պատկանող անհատական ձեռնարկությունն է։ Բաբաջանյանը մինչև 2018 թվականը եղել է թերթի գլխավոր խմբագիրը, այնուհետև հեռացել է պաշտոնից՝ քաղաքականությամբ զբաղվելու նպատակով։ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին նա առաջադրվել է ռուսամետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։

2026 թվականի ընտրական շրջանում Past.am-ը լայնորեն լուսաբանել է ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին։

Past.am-ի հրապարակած տեսանյութերից մեկում Նարեկ Կարապետյանը պնդում է. «Ընտրություններին չգնալը նշանակում է 300 հազար ադրբեջանցու բերել Հայաստան»։ Մեկ այլ հայտարարությունում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանն ասում է. «Գնացեք ընտրության, որ 300 հազար ադրբեջանցի չգա Հայաստան»։ Լրատվամիջոցի խմբագրական ընտրությունները ևս վկայում են Ռուսաստանին հարող քաղաքական գործիչների և նրանց առաջ մղած նարատիվների նկատմամբ նախապատվության մասին։

Ցանցի շուրջ 18 էջերն ունեն մոլորեցնող անվանումներ, որոնք որևէ կերպ չեն հուշում Past.am-ի հետ դրանց կապի մասին։

Դրանց թվում են «Entertainment», «You are beautiful», «10 million Armenians», «It is useful for us» և այլ էջեր։

Եվս շուրջ 15 էջից բաղկացած ենթախումբը ներկայանում է որպես լրատվամիջոց։ Օրինակ՝ 24info{.}am, Pressclub{.}club, Lur24{.}am, The Fast Media և այլն։

Որոշ էջեր խորհրդարանական ընտրություններից առաջ հիմնականում տարածել են Past.am-ի բովանդակությունը, սակայն հետագայում սկսել են ակտիվորեն տարածել մեկ այլ՝ Pressmedia.am կայքի նյութերը։

Լրատվամիջոցների անվանումներով ներկայացող Facebook-ի էջերը, որոնք համակարգված տարածել են Past.am-ի բովանդակությունը․ աղբյուր՝ Facebook

Ապրիլի 26-ին Past.am-ի Facebook-ի էջում հրապարակվել է ռուսամետ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանի հետևյալ հայտարարությունը. «Փաշինյան, ի՞նչ ես արել մեր երկրի հետ՝ բացի մեր երկիրը վիրավորելուց և 300 հազար ադրբեջանցու Հայաստան բերելու ծրագրին համաձայնելուց»։

Հինգ րոպեի ընթացքում ևս ութ լրատվական կայքերի Facebook-յան էջեր հրապարակել են նույնական հոդվածներ՝ հղում անելով իրենց կայքերին։ Այս կայքերից առնվազն չորսը ստեղծվել են Սուրեն Սարգսյանին պատկանող Sargssyan Studio-ի կողմից։

Ստուդիայի՝ sargssyan.com կայքում ներկայացված է նրա ստեղծած կայքերի ցանկը։

Միևնույն ծրագրավորողի առկայությունն ինքնին չի ապացուցում, որ կայքերն ունեն նույն սեփականատերը կամ դրանց բովանդակությունը կառավարվում է մեկ կենտրոնից։

Սակայն, երբ դրան գումարվում են նույնական բովանդակությունն ու սոցիալական ցանցերում համաժամանակյա հրապարակումները, մեծանում է հավանականությունը, որ գործ ունենք ոչ թե ութ անկախ լրատվամիջոցների, այլ մեկ համակարգված գործողության հետ։

Փոխկապակցված Facebook-ի ութ էջերի նույնական հրապարակումները․ աղբյուր՝ Meta Content Library

Մենք նաև պարզել ենք, որ Նարեկ Կարապետյանի նույն լուսանկարը յոթ կայքերում հայտնվել է մեկը մյուսի հետևից՝ ընդամենը 2 րոպե 46 վայրկյանի ընթացքում։

Բոլոր յոթ կայքերում պատկերային ֆայլը թվային առումով ամբողջությամբ նույնն է՝ մինչև վերջին բայթը (SHA-256 ae78b5b5d320…, 108,134 բայթ)։

Լուսանկարում՝ նույն լուսանկարի տեղադրման ժամանակը յոթ կայքերում և հրապարակումների միջև ընկած ժամանակահատվածները, past.am/արխիվ, Orer.am/արխիվ, pressmedia.am/արխիվ, newsarm.live/արխիվ, oragir.live/արխիվ, armenia24.live/արխիվ և press24.am/արխիվ․ աղբյուր՝ Erebus Toolkit

Դրա ապացույցը ներբեռնված ֆայլերի SHA-256 թվային մատնահետքերի համեմատությունն է, այլ ոչ թե պարզապես ֆայլերի անվանումների ուսումնասիրությունը։ Ֆայլի չափը 108 134 բայթ է, իսկ թվային մատնահետքը սկսվում է ae78b5b5d320… նիշերով։

Սրա ամենահավանական բացատրությունն այն է, որ յոթ կայքերն էլ բովանդակություն են ստանում հրապարակումների կառավարման մեկ համակարգից։

Երրորդ ցանց․ փոխկապակցված հինգ լրատվական կայքեր

Մեր հայտնաբերած երրորդ ցանցը տարածել է առնվազն հինգ՝ համեմատաբար քիչ հայտնի լրատվական կայքերի բովանդակություն։ Դրանք են՝ Armdaily.news, newsone.am, Firstnews.am, Newszone.am և Analytic.am։

Այս կայքերը թափանցիկ գործունեություն չեն ծավալում և որևէ տեղեկություն գրեթե հնարավոր չէ գտնել դրանց գործունեության մասին։ Բացակայում են սեփականատերերի, ղեկավարության, խմբագրակազմերի կամ այլ կապերի վերաբերյալ տվյալները։

Դրանց քաղաքական հրապարակումները հիմնականում քննադատություն են ուղղված Հայաստանի կառավարությանը։ Այս կայքերում հաճախ են հանդիպում ընդդիմադիր քաղաքական գործիչների ու իշխանության այլ քննադատների հայտարարությունների, հարցազրույցների և սոցիալական ցանցերի գրառումների վերահրապարակումներից։

Կայքերը զգալի ուշադրություն են հատկացնում Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին։ Դրանք հաճախ վերահրապարակում են ռուս պաշտոնյաների և Մոսկվայի հետ հարաբերությունների մերձեցման կողմնակից հայ քաղաքական գործիչների հայտարարությունները։

Որոշ հրապարակումներ վերարտադրում են այնպիսի նարատիվներ, որոնց համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանի համար տնտեսական կամ ռազմավարական առումով անփոխարինելի է, մինչդեռ Եվրամիության հետ մերձեցումը ներկայացվում է որպես ծախսատար կամ վտանգավոր գործընթաց։

Այնուամենայնիվ, այս օրինաչափությունը բոլոր հինգ կայքերի դեպքում միատեսակ չէ. դրանցից մի քանիսը հրապարակում են նաև Ռուսաստանին բացահայտ քննադատող նյութեր։

Թեև կայքերը չեն բացահայտում իրենց փոխկապակցվածությունը, մեր հայտնաբերած մի շարք ապացույցներ վկայում են, որ դրանք մեկ ցանցի մաս են։

Ուշագրավ տեխնիկական ապացույցներից մեկը դրանց Yandex Metrica-ի հաշվիչների նույնականացման համարներն են։

Yandex Metrica-ն վեբ-վերլուծության ծառայություն է, որի հաշվիչները տեղադրվում են կայքերի ծրագրային կոդում՝ այցելությունների և այլ ցուցանիշների մասին տվյալներ հավաքելու համար։

Հինգ կայքերից չորսի հաշվիչների համարները գրեթե հաջորդական են․

Կայք Yandex Metrica-ի համար
analytic.am 96,134,365
armdaily.news 96,134,571
firstnews.am 96,134,653
newsone.am 96,134,691
newszone.am 98,391,141

Առաջին և չորրորդ կայքերի համարների տարբերությունն ընդամենը 326 է։

Yandex-ը նոր հաշվիչների համարները տրամադրում է հերթականությամբ։ Հետևաբար, համարների՝ միմյանց այսքան մոտ լինելը թույլ է տալիս ենթադրել, որ չորս կայքերի հաշվիչները հնարավոր է ստեղծված լինեն կարճ ժամանակահատվածում՝ միևնույն կառավարչի կողմից։

Հինգերորդ՝ newszone.am կայքի հաշվիչի համարն ավելի քան երկու միլիոնով մեծ է։ Սա հուշում է, որ դրա հաշվիչը ստեղծվել է ավելի ուշ, և կայքը կարող էր ցանցին միանալ մյուսներից հետո։

Լուսանկարում՝ Yandex Metrica-ի հաշվիչների համարները. չորս կայքերի հաշվիչները, հավանաբար, ստեղծվել են միաժամանակ, իսկ newszone.am-ինը՝ ավելի ուշ․ աղբյուր՝ Erebus Toolkit

Ցանցի կայքերը հրապարակում են նույնական տեքստեր, իսկ դրանց Facebook-յան էջերը՝ նույնական գրառումներ։

Բացի այդ, յուրաքանչյուր կայք ունի տարբեր անվանումներով մի քանի Facebook-ի էջ, որոնք տարածում են նույն բովանդակությունն ու նույն հղումը՝ հավանաբար հրապարակումների հասանելիությունն ու տեսանելիությունը մեծացնելու համար։

Էջերի անվանումները կառուցված են նույն սկզբունքով։ Օրինակ՝ Newszone.am-ի հետ կապված էջերից են NewsZone{.}am Info, NewsZone{.}amPortal և NewsZone.amSocial էջերը։

Նույն կերպ NewsOne.am-ն ունի NewsOne.amSocial, NewsOne.amInfo և NewsOne.amPortal էջերը, իսկ Firstnews.am-ը՝ FirstNews.am Info, FirstNews.am Social և այլ էջեր։

Սա Facebook-ում լրատվամիջոցի ներկայությունն արհեստականորեն ընդլայնելու տարածված մեթոդ է։ Մեկ էջի փոխարեն մի քանի գրեթե նույնական էջեր կառավարելով՝ հնարավոր է նույն բովանդակությունը միաժամանակ տարածել տարբեր էջերով և մեծացնել դրա հասանելիությունը։

Լուսանկարում՝ հայտնաբերված Facebook-յան էջերի և կայքերի նույնական հրապարակումները։ Դրանցում փորձ է արվում պարզել՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին պնդումը քարոզչությո՞ւն է, թե՞ կառավարության իրական ծրագիր։ 

Չորրորդ ցանց․ հայկական և ռուսական կայքերի փոխկապակցված համակարգ

Մեր ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել ենք նաև Facebook-ի շուրջ 20 էջից կազմված ցանց։ Դրանց անվանումները քաղաքականության կամ լրատվամիջոցների հետ առերևույթ կապ չունեն։ Օրինակ՝ «I am Armenian», «I am proud to be Armenian», «Ժամանակ», «ArmZone» և այլն։

Այս էջերը հետևողականորեն տարածում են տարբեր կայքերի, այդ թվում՝ ռուսական տիրույթներում գործող կայքերի բովանդակությունը։ Դրանց թվում են mediatime.am, 1in.arm24news.ru, arm24news.ru, 24newsarm.ru և 1in.tejlurer.online կայքերը։

Mediatime.am-ը Սամվել Կարապետյանին ներկայացրել է դրական լույսի ներքո՝ որպես առատաձեռն անձնավորության և Փաշինյանի ուժեղ մրցակցի։

Կայքը հրապարակել է նաև Կարապետյանի մեկնաբանությունը, թե ռազմական շքերթը չի պաշտպանի Հայաստանը, երբ «300 հազար ադրբեջանցիները գան»։

Ցանցի Facebook-ի էջերի մեծ մասը հրապարակում է նույնական լրատվական քարտեր՝ պատկերներ, որոնց վրա ներկայացված են լուրերը, իսկ համապատասխան հոդվածների հղումները տեղադրում է մեկնաբանությունների բաժնում։

Facebook-ի էջերի հրապարակած նույնական լրատվական քարտերը

Mediatime.am-ն ունի Google AdSense-ի հրապարակողի նույն նույնականացման համարը՝ ca-pub-6827737133005192, որն ունեն ռուսական .ru տիրույթում գործող ևս երկու կայքեր՝ pravdauk.ru և uklivemedia.ru։ Google AdSense-ի հրապարակողի նույնականացման համարը կապված է գովազդային մեկ հաշվի հետ։

Սա նշանակում է, որ երեք կայքերի գովազդային եկամուտները փոխանցվում են նույն հաշվին, ինչը ընդհանուր գովազդային հաշվի օգտագործման ամենավառ տեխնիկական ցուցիչներից է։

Այդ նույնականացման համարը mediatime.am-ում առկա է 2023 թվականի մարտից, իսկ մյուս երկու կայքերում՝ համապատասխանաբար 2025 թվականի սեպտեմբերից և 2026 թվականից։

Ռուսական .ru տիրույթներում գործող մյուս երկու կայքերը հայկական լրատվամիջոցներ չեն։

Pravdauk.ru-ն լեհերեն հրապարակում է լայն տարածման համար նախատեսված մարդկային պատմություններ, իսկ uklivemedia.ru-ն՝ նույնատիպ նյութեր հունգարերենով։ Այս երկու կայքերը սերտորեն փոխկապակցված են։

Դրանք օգտագործում են Google Analytics-ի նույն նույնականացման համարը՝ GT-PJRDQCR3, հեղինակային նույն անունը՝ «Bethany Lewis», և նույնական պատկերային ֆայլեր։

Երկու կայքերում էլ կան ռուսալեզու կառավարչի գործունեության հետքեր, այդ թվում՝ WordPress-ի ռուսերեն բաժինների անվանումներ։

Այսպիսով, հայկական քաղաքական բովանդակություն հրապարակող կայքը գովազդային հաշիվ է կիսում տարբեր լեզուներով աշխատող, մի քանի երկրներ ընդգրկող բովանդակության զանգվածային արտադրության համակարգի հետ։

Այլ կերպ ասած՝ երեք կայքերն էլ եկամուտ են ստանում նույն AdSense հաշվի միջոցով, բայց դա չի նշանակում, որ նույն մարդիկ են գրում, խմբագրում կամ ուղղորդում դրանց բովանդակությունը։

Ռուսական տիրույթներում գործող երկու կայքերի դեպքում կան նաև ընդհանուր կառավարման լրացուցիչ հատկանիշներ։ Իսկ mediatime.am-ի հետ կապը հիմնականում հիմնվում է գովազդային եկամուտների ստացման նույն հաշվի օգտագործման վրա։

Պատկեր. երեք կայքերն օգտագործում են Google AdSense-ի նույնականացման նույն համարը․ աղբյուր՝ DNSLytics

Facebook-ի այս ցանցի էջերը նաև տարածել են առնվազն վեց քիչ հայտնի լրատվական կայքերի բովանդակությունը, որոնք, ըստ առկա տվյալների, փոխկապակցված են։ Դրանք են՝ 24newsarm.ru, arm24news.ru, medianews.site, mediatime.am, tejlurer.online և tejlurer.site։

Առկա ապացույցները ցույց են տալիս, որ այս վեց կայքերը, ամենայն հավանականությամբ, ունեն ընդհանուր կառավարիչ։

Ըստ կայքերի պատկերանշանների ֆայլերի անվանումի՝ դրանցից երեքի՝ tejlurer.site-ի, tejlurer.online-ի և arm24news.ru-ի պատկերանշանները ստեղծվել են արհեստական բանականության՝ ChatGPT-ի միջոցով և ընդ որում՝ նույն զրույցի ընթացքում, 2026 թվականի մայիսի 12-ին՝ յոթ րոպեի տարբերությամբ։ 

Այդ տեղեկությունը պահպանվել է ֆայլերի անվանումներում։

Կայքերն օգտագործում են նաև նույնական ժամանակավոր պատկերներ՝ նույն սխալ գրված նշումով, աշխատում են նույն ծրագրային համակարգով՝ WordPress-ի Awaken ձևանմուշով, և ունեն նմանատիպ ադմինիստրատորական մուտքանուններ՝ «Adminka» ու դրա տարբերակները։ «Adminka»-ն ռուսերեն խոսակցական բառ է, որով հաճախ անվանում են կայքի կառավարման վահանակը։

Մենք տարբեր կայքերում հայտնաբերել ենք այդ անվան տարբերակները՝ Adminka (arm.tejlurer.site), AdminkaD (tejlurer.online), AdminkaDV (tejlurer.site) և AdminkaH (arm.arm24news.ru)։ Սա վկայում է, որ ռուսալեզու կառավարիչը հնարավոր է մի քանի կայքեր աշխատեցրել է նույն աշխատանքային գործընթացի շրջանակում՝ կրկնակի օգտագործելով նաև մուտքանունները։

Արխիվացված էջերի ծրագրային կոդը, որտեղ 24newsarm.ru, arm24news.ru և tejlurer.online կայքերում երևում է նույն՝ «AdminkA» մուտքանունը․ աղբյուր՝ Erebus Toolkit

Բացի այդ, չորս կայք՝ arm24news.ru, 24newsarm.ru, tejlurer.site և tejlurer.online, տեղակայված են ռուսական Beget հոսթինգի ծառայությունում՝ նույն IP հասցեով՝ 188.127.230.197։

Հայերեն բովանդակություն ունեցող tejlurer-ի երկու կայքերի էջերի կառուցվածքում պահպանվել են նաև ռուսերեն ինտերֆեյսի տարրեր։ Օրինակ՝ «Главная страница» («Գլխավոր էջ») գրությունը հայտնաբերվել է համապատասխանաբար 64 և 66 արխիվացված հոդվածներում։

Նույն հոդվածը հրապարակվել է նաև երեք տարբեր տիրույթներում՝ տարբեր լեզուներով.

  • 24.tejlurer.site՝ իտալերեն,
  • 24.arm24news.ru՝ իսպաներեն,
  • 1in.tejlurer.online՝ անգլերեն։

Երեք տարբերակներում օգտագործվել են նույն լուսանկարներն ու հեղինակի նույն անունը։ Երկու պատկերային ֆայլերի համար սերվերների տրամադրած վերջին փոփոխության ժամանակը՝ Last-Modified, 2026 թվականի օգոստոսի 17-ին՝ UTC ժամանակով 18:03:55-ից 18:05:04-ն ընկած միջակայքում է։ Այս տվյալները հնարավոր է կրկին ստուգել՝ յուրաքանչյուր կայքից ներբեռնելով երկու պատկերների հղումները և ուսումնասիրելով սերվերի վերադարձրած տեխնիկական տվյալները։

Այսպիսով, հայտնաբերված չորս ցանցերը հիմնականում տարբերվում են իրենց ծավալով և տարածած բովանդակության աղբյուրներով։

Առաջին ցանցը կազմված է ավելի քան 30 ժամանցային անվանումներով էջերից, որոնք տարածել են ընդդիմադիր գործիչ Սուրեն Սուրենյանցի հայտարարությունները՝ մի քանի րոպեի տարբերությամբ։ Դրանցից շատերը ընտրություններից հետո դադարեցրել են հրապարակումները։

Երկրորդ ցանցն ամենամեծն ու առավել ավտոմատացվածն է։ Այն ընդգրկում է ավելի քան 50 էջ, որոնք նույն րոպեի ընթացքում տարածել են Past.am-ի նույնական նյութերը։

Երրորդ ցանցի հիմքում ոչ այնքան Facebook-ի էջերն են, որքան հինգ լրատվական կայքերը։ Դրանք չեն հրապարակում սեփականատերերի մասին տեղեկություններ, իսկ Yandex Metrica-ի գրեթե հաջորդական համարները հուշում են, որ կայքերը հնարավոր է ստեղծվել են մեկ խմբով։

Չորրորդ ցանցը բաղկացած է շուրջ 20 էջից, որոնք տարածում են հայկական և ռուսական վեց փոխկապակցված կայքերի բովանդակությունը։

Telegram-ում հրապարակումների համակարգված տարածումը

Մենք համակարգված տարածման դեպքեր ենք հայտնաբերել նաև Telegram-ում։ Ուսումնասիրության ընթացքում արձանագրել ենք, որ առերևույթ միմյանց հետ կապ չունեցող մի քանի ալիքներ շատ կարճ ժամանակահատվածում հրապարակել են նույնական կամ գրեթե նույնական տեքստեր։

«Արևմտյան Ադրբեջանի» թեման լայնորեն քննարկվել է Telegram-ում, իսկ հրապարակումների ակտիվությունն առավելագույնին է հասել 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին անմիջապես նախորդող շաբաթներին։

Փետրվարի 4-ին ռուսամետ Yerevan Today լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը Telegram-ում հրապարակում է կատարել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնելու մեջ։ Նա պնդել է, թե Ալիևը Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ծրագիր ունի, իսկ Հայաստանի վարչապետը չի ընդդիմանում դրան, քանի որ ամեն գնով ցանկանում է պահպանել իր պաշտոնը։

Հրապարակումը Սևակ Հակոբյանի Telegram-ի ալիքում հայտնվել է ժամը 17։52-ին։

Մոտ մեկ ժամ անց այն ռուսերենով հրապարակվել է @anivarmenia ալիքում՝ հստակ նշելով Հակոբյանին որպես հեղինակի։ Դրանից կարճ ժամանակ անց երեք այլ ալիքներ՝ yerevan_speaks, ArmenianVendetta և pronewz, նույն հրապարակումը տարածել են երեք րոպեի ընթացքում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ալիքների միջև հնարավոր է համակարգված գործունեություն։

Մի քանի րոպե անց moy_artsakh և EREVAN1800 ալիքները նույն նյութը վերահրապարակել են ընդամենը մեկ վայրկյանի տարբերությամբ։ Այսպիսի համաժամանակյա հրապարակումները մեծ հավանականությամբ վկայում են, որ երկու ալիքներում բովանդակության տեղադրումն ավտոմատացված է։

Telegram-ում համակարգված հրապարակումների օրինակներ։ Կարմիր շրջանակներով նշված են հրապարակման ժամերը, կանաչ շրջանակներով՝ ալիքների հասցեները։ 

Հունիսի 4-ին ArmenianVendetta ալիքում հրապարակվել է արհեստական բանականության միջոցով ստեղծված մի տեսանյութ, ըստ որի՝ հայերը հունիսի 7-ին պետք է մասնակցեն ընտրություններին՝ որոշելու, թե որտեղ են ցանկանում ապրել՝ Հայաստանո՞ւմ, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում»։ Նույն րոպեի ընթացքում գրառում/տեսանյութը վերահրապարակվել է mikayelbad և azatagrum ալիքներում։ Ուշագրավ է, որ այս երկու ալիքները հրապարակումը տարածել են ճիշտ նույն վայրկյանին։ Մոտ 30 վայրկյան անց այն վերահրապարակել է նաև Armrodina ալիքը։

Հրապարակումների միջև այսքան փոքր ժամանակային տարբերությունը հուշում է, որ ալիքների միջև առկա է համակարգված գործունեություն։

Ընտրությունների վերաբերյալ համակարգված հրապարակումները Telegram-ում

Բացի mikayelbad և azatagrum ալիքներից, մենք նկատել ենք, որ նույնական հրապարակումներ պարբերաբար հայտնվել են ևս երկու ալիքներում՝ abovyanarman և armsens։

Նկատենք՝ mikayelbad ալիքը պատկանում է ռուսական «Եվրազիա» հասարակական կազմակերպության հայկական մասնաճյուղի ղեկավար Միկա Բադալյանին, իսկ abovyanarman ալիքը պատկանում է «Sputnik Արմենիա»-ի հաղորդավար Արման Աբովյանին։ Ըստ Telegram-ի ալիքների TGStat տեղեկատուի, armsens ալիքը գրանցված է Ռուսաստանում։

374 հրապարակում՝ ճիշտ նույն վայրկյանին

Մենք հավաքել և վերլուծել ենք abovyanarman և armsens ալիքներում 2026 թվականի մայիսի 8-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված գրառումները։

Պարզվել է, որ այդ ընթացքում երկու ալիքները 572 անգամ նույն բովանդակությունը հրապարակել են մեկ րոպեի տարբերությամբ կամ ավելի կարճ ժամանակահատվածում։ Այդ համընկնումները վերաբերել են 519 տարբեր նյութերի։ Առավել ուշագրավ է, որ 374 դեպքում երկու ալիքները նույն նյութը հրապարակել են ճիշտ նույն վայրկյանին։ Հատկանշական է, որ այդ ալիքներից որևէ մեկը առաջինը չի եղել։

Այն դեպքերում, երբ հրապարակումների հերթականությունը տարբերվել է, ալիքներից մեկը 97 անգամ է առաջինը հրապարակել նյութը, իսկ մյուսը՝ 101 անգամ։

Համընկնող հրապարակումները ներառել են՝

Բովանդակության տեսակ Քանակ
Նույն գրառման վերահասցեավորումներ 261
Նույնական հղումներ 157
Նույնական պատկերներ 146
Նույնական հեշթեգների խմբեր 8

Երկու ալիքներն էլ հրապարակումներ են կատարել ամեն օր՝ հիմնականում երեկոյան ժամերին։ 

Նույն մեթոդով ուսումնասիրել ենք նաև mikayelbad և azatagrum ալիքները։ Պարզվել է, որ նույն ժամանակահատվածում դրանք 530 անգամ նույն բովանդակությունը հրապարակել են մեկ րոպեի ընթացքում։ Համընկնումները վերաբերել են 487 տարբեր նյութերի։ 290 դեպքում հրապարակումները կատարվել են ճիշտ նույն վայրկյանին։

Այս զույգի դեպքում հրապարակումների հերթականությունը հիմնականում միակողմանի է եղել։ mikayelbad ալիքը 225 անգամ առաջինն է հրապարակել նյութը, իսկ azatagrum-ը՝ ընդամենը 15 անգամ։ Երկու ալիքներից յուրաքանչյուրի հրապարակումների մոտ հինգից չորսը համընկնող հրապարակում են ունեցել մյուս ալիքում։ 

Այս օրինաչափությունները թույլ են տալիս ենթադրել, որ յուրաքանչյուր զույգի երկու ալիքներն էլ հնարավոր է՝ կառավարվում են մեկ օպերատորի կողմից։

Telegram-ում նույն գրառումը հնարավոր է միաժամանակ վերահասցեավորել երկու ալիքների։ Այս հանգամանքը կարող է բացատրել, թե ինչու են այդքան շատ հրապարակումներ հայտնվել ճիշտ նույն վայրկյանին։

Իսկ նույն ֆայլը երկու տարբեր ալիքներում առանձին վերբեռնելու համար սովորաբար մի քանի վայրկյան ավելի է պահանջվում։

Ստորև ներկայացված ժամանակագիծը ցույց է տալիս երկու զույգերի գրեթե համաժամանակյա հրապարակումները։

Յուրաքանչյուր ուղղահայաց գիծ ներկայացնում է մեկ նյութ՝ պատկեր, վերահասցեավորված գրառում, հղում կամ հեշթեգների խումբ, որը երկու ալիքներում հրապարակվել է առավելագույնը մեկ րոպեի տարբերությամբ։ azatagrum և mikayelbad զույգի դեպքում արձանագրվել է 530 համընկնում, իսկ abovyanarman և armsens զույգի դեպքում՝ 572։

mikayelbad և azatagrum (վերևում), ինչպես նաև abovyanarman և armsens (ներքևում) ալիքների գրեթե համաժամանակյա հրապարակումների ժամանակագիծը․ աղբյուր՝ Erebus Toolkit

Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնասիրված բոլոր երեք թեմաների տարածման կենտրոնում հիմնականում նույն Telegram-ի ալիքներն են։

abovyanarman և armsens զույգը երեք թեմաների՝ պատերազմի սպառնալիքի, «Արևմտյան Ադրբեջանի» և «300 հազար ադրբեջանցիների» վերաբերյալ հրապարակումների տարածման դեպքում էլ ամենաակտիվ կամ ամենաակտիվներից մեկն է եղել։

Նման օրինաչափություն է նկատվել նաև tzitzak, azatagrum, mikayelbad և rusyerevantoday ալիքների դեպքում։ Սրանք առանձին պնդումների շուրջ ձևավորված տարբեր խմբեր չեն։

Խոսքը հաշիվների համեմատաբար փոքր, կայուն խմբի մասին է, որը տարածում է տվյալ պահին առավել արդիական դարձած պնդումները՝ ամեն անգամ կիրառելով նույն արագությունն ու նույնական ձևակերպումները։

Եզրակացություն

Մեր հետաքննությունը ցույց է տալիս, որ Հայաստանում 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ վախ և թշնամանք հրահրող պնդումները տարածվել են Facebook-ի կեղծ էջերի, փոխկապակցված կայքերի և Telegram-ի ալիքների համակարգված ցանցերի միջոցով։

Նույն հաշիվներն ու էջերը հաճախ տարածել են մեկից ավելի պնդումներ։ Դրանց ակտիվությունը մեծապես պայմանավորված է եղել ընտրություններով. որոշ ցանցեր դադարեցրել են ակտիվությունը քվեարկության օրվանից անմիջապես հետո։

Հետաքննությանը մասնակցել են՝

  • Գիվի Գիգիթաշվիլի և Վիկտորիա Օլարի — DFRLab
  • Հասմիկ Համբարձումյան — FIP.am
  • Ռոման Օսադչուկ և Տետյանա Պրոկոպիվ — LetsData
  • Անդրեաս Շյոստեդտ — Erebus

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *