«2025 թվականի մարտին մենք օրենք ընդունեցինք Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին, եւ այդ օրենքը գործում է: Մեր նպատակն է այլընտրանք ստեղծել Հայաստանի ժողովրդի համար, քանի որ ավանդաբար մեր հասարակության եւ հարեւանների ընկալումն այն էր, որ միգուցե Հայաստանը որեւէ այլընտրանք չունի», – ասել է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝«ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի ընթացքում Euronews-ին տված հարցազրույցում:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «տեսնում ենք վկայություններ, նշաններ առ այն, որ Եվրոպական Միությունում ընդլայնվելու քաղաքական կամք կա, ինչը նշանակում է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության ակնկալիքները կարող են համընկնել»:
«Մեր ժողովրդի համար ժողովրդավարությունը հանգամանքների խնդիր չէ, դա ռազմավարություն է, որը մեզ անխուսափելիորեն տանում է դեպի Եվրոպական Միություն», – ասել է Հայաստանւ վարչապետը:
Պատասխանելով անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու ժամկետների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «հաջորդ տարի կարող է իրատեսական լինել, 2028-ը կարող է իրատեսական լինել»:
«Հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման երկխոսության վրա եւ մեր թիրախն է ազատականացմանը հասնել 2029 թվականին։ Եվ դա հերթական շատ կարեւոր փուլը կլինի մեր Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների զարգացման գործընթացում: Կարող ենք ասել, որ հիմա արդեն սկսել ենք գործընթաց, որը մեզ բերի վերջնական որոշման Եվրոպական միությանը անդամակցելու հայտ ներկայացնելու մասին», – ասել է վարչապետը:
«Հնարավոր չէ միաժամանակ Եվրոպական միության եւ Եվրասիական միության անդամ լինել, եւ մենք հասկանում ենք, որ ապագայում ինչ-որ պահի ընտրություն կատարելու կարիք ենք ունենալու: Բայց մինչ դա մենք պետք է այլընտրանք ստեղծենք, իրական քաղաքական հարց ուղղենք մեր ժողովրդին եւ Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ արդյո՞ք ցանկանում են մնալ Եվրասիական միությունում կամ անդամակցել Եվրոպական միությանը», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել 2027-ին կամ 2028-ին
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կարող է Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել 2027 կամ 2028 թվականին:
Leave a Reply