Այսօր Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի եպիսկոպոսական ձեռնադրության երկրորդ տարեդարձն է։
2011 թվականից Սյունյաց թեմի առաջնորդի պատասխանատվությունը ստանձնած Մակար սրբազանի համար եպիսկոպոսական ձեռնադրությունը նոր խորհուրդ ու նշանակություն հաղորդեց նրա՝ տարիներ շարունակ իրականացվող հոգևոր առաքելությանը:
Սյունյաց աշխարհում այդ ծառայությունն ունի նաև տեսանելի ու շոշափելի արտահայտություն։ Տարիների ընթացքում նրա առաջնորդական ուշադրության կենտրոնում է եղել պատմական ու հոգևոր մեծ արժեք ներկայացնող, սակայն ժամանակի ընթացքում խոնարհված եկեղեցիների ու վանքերի վերականգնումը։ Եվ այսօր Սյունիքի տարբեր բնակավայրերում առաջնորդի նախաձեռնությամբ ու օրհնությամբ և հավատացյալների աջակցությամբ վերակենդանանում են սրբավայրեր, որոնց պատերը պատմությունն են պահպանում և կրկին դառնում աղոթքի ու հավատքի կենդանի վայրեր։
Այս ամենի մասին են խոսում Սյունյաց աշխարհի տարբեր անկյուններում այս տարիներին իրականացված աշխատանքները: Այսպես՝
Սիսիանի տարածաշրջանում կառուցվել և վերակառուցվել են Տոլորսի Սբ. Հռիփսիմե, Շաղատի Սբ. Գևորգ, Լուրի Ծառուի Սբ. Հովհաննես և Սբ. Գևորգ եկեղեցիները, ավարտին է մոտենում պատմական Որոտնավանքի վերակառուցումը,
Գորիսի տարածաշրջանում հիմնանորոգվել են առաջնորդարանը, առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Տեղի Սբ. Գևորգ և Գորիս գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, վերանորոգվել է Տաթևի վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին, բարեկարգվել է Վերիշենի Սբ. Նորակնունք եկեղեցին, աշխատանքները շարունակվում են Վերիշենի՝ 4-րդ դարով թվագրվող Սբ. Հռիփսիմե եկեղեցում,
Կապանի և Քաջարանի տարածաշրջաններում վերականգնվել, վերակառուցվել կամ բարեկարգվել են բազմաթիվ սրբավայրեր՝ Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց մինչև Շիկահողի Սբ. Ստեփանոս, Սևքարի Սբ. Հռիփսիմե, Արծվանիկի և Բարաբաթումի Սբ. Աստվածածին և Սբ. Հռիփսիմե եկեղեցիներ, Վահանավանք, Քաջարանցի Սբ. Հակոբ, Քրդիկանցի Սբ. Աստվածածին, Փուխրուտի Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցիներ և Համլետավանի Սբ. Աստվածածին մատուռ, հիմնանորոգվել է նաև Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցին, որի վերօծումը սպասվում է առաջիկայում,
Մեղրու տարածաշրջանում վերանորոգվել են Փոքր թաղի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և Անապաստանաց վանքը:
Հոգևոր կյանքի վերականգնումը, սակայն, միայն սրբավայրերի նորոգմամբ չի սահմանափակվում։ Թեմի բոլոր քաղաքներում և բազմաթիվ գյուղերում ստեղծվել ու գործում են կիրակնօրյա դպրոցներ՝ նպաստելով երեխաների ու պատանիների քրիստոնեական դաստիարակությանը և եկեղեցու հետ նրանց կապի ամրապնդմանը։ Թեմի հոգևոր-համայնքային կյանքում կարևոր դեր ունեն նաև երիտասարդաց և տիկնանց միությունները, որոնք համախմբում են հավատացյալներին, կազմակերպում հոգևոր, կրթական, մշակութային ու բարեգործական նախաձեռնություններ՝ նպաստելով քրիստոնեական արժեքների տարածմանը, համայնքային կապերի ամրապնդմանն ու եկեղեցական կյանքի աշխուժացմանը։
Այս ամենը մի կարևոր իրողության վկայությունն է. եկեղեցու կյանքը շարունակվում է և՛ վերականգնված սրբավայրերում, և՛ այնտեղ, որտեղ նոր սերունդն է հաղորդակից դառնում հավատքին ու ազգային-հոգևոր ժառանգությանը։
Սրբազան հայր, շնորհավորում ենք Ձեզ եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձի առթիվ։ Մաղթում ենք քաջառողջություն, անսասան հավատ և զորություն՝ շարունակելու Ձեր հոգևոր ծառայությունը Սյունյաց աշխարհում։ Թող Աստծո օրհնությամբ Ձեր առաջնորդությամբ իրականացվող յուրաքանչյուր բարի գործ նոր շունչ ու կյանք պարգևի մեր սրբավայրերին և ամրապնդի հավատքը մարդկանց սրտերում։
Ի զորացումն և ի պայծառությունն Սյունյաց աշխարհի։
Սյունյաց թեմ / Diocese of Syunik
Leave a Reply