Soviet Club-ի նոր հասցեն ու անփոփոխ գլխավոր գաղափարը

Written by

in

Ավելի քան երկու ամիս է՝ Soviet Club-ը նոր հասցեում է՝ Սայաթ-Նովա 39-ում։ Այստեղ հին ու հավատարիմ հաճախորդներին միացել են նորերը, իսկ խորհրդային ժամանակաշրջանի իրերը, սրահներն ու այդ տարիներից եկող պատմությունները շարունակում են անցյալն ու ներկան մեկ վայրում միավորելու գաղափարը։
Նոր տարածքում ակումբի ձեւաչափը գրեթե չի փոխվել, բայց եթե նախկին հասցեում Soviet Club-ը թանգարան-ռեստորան էր, ապա նոր հասցեում դարձել է ռեստորան-թանգարան։ Այստեղ ավելի մեծ տեղ է հատկացված ռեստորանային հատվածին, բայց խորհրդային ժամանակաշրջանի իրերն ու այդ տարիների մթնոլորտը շարունակում են ակումբի կարեւոր մասը մնալ։
2021 թվականին Մեդիամաքսն այցելել էր Soviet Club ու պատմել հավաքածուի եւ հիմնադիր Հայկ Բիանջյանի գաղափարի մասին։ 
Հինգ տարի անց կրկին զրուցել ենք Հայկի հետ՝ նոր հասցեի եւ հավաքածուի փոփոխությունների մասին:
Նոր հասցեի հնարավորություններն ու հին տարածքի հիշողությունները
Soviet Club-ի նոր հասցեն ակումբի համար նոր հնարավորություններ է բացել։ Քաղաքի կենտրոնում ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում, որոնք հատկապես ցերեկային ժամերին ակումբի հիմնական հյուրերն են։ 
Հայկի խոսքով՝ զբոսաշրջիկների հետաքրքրությունն էլ կարեւոր նշանակություն ունի ակումբի զարգացման համար. «Այն նախագիծը, որը զբոսաշրջիկի համար հետաքրքիր չէ, երկար կյանք չունի»։
Նոր տարածքն ունի նաեւ իր առանձնահատուկ պատմությունը. շենքի բակում ժամանակին նկարահանվել է «Խոշոր շահում» ֆիլմը։
Բայց հին հասցեն էլ իր կարեւոր տեղն ունի ակումբի պատմության մեջ։ 
«Հին տարածքի բացօթյա հատվածը, որտեղ ներկայացված էին մեքենաներն ու ավտոբուսը, հնարավորություն էր տալիս ավելի լայնորեն ցուցադրել տարիների ընթացքում մեծ դժվարությամբ հավաքված կոլեկցիան եւ ստեղծագործական առումով զարգանալ»,- ասում է ակումբի հիմնադիրը։
Նոր հասցեում ակումբի այցելուների թվում են ոչ միայն նրանք, որոնց համար խորհրդային տարիները մանկության ու անձնական հիշողությունների մի մասն են, այլեւ երիտասարդներ, որոնք այդ ժամանակաշրջանը ճանաչում են հիմնականում ֆիլմերից։
«Այսօրվա «թվայնացված» սերունդը մեկ էլ հայտնվում է մի աշխարհում, որտեղ ամեն ինչ շատ ուրիշ է եւ ամեն ինչ կարող է նոր բան բացահայտել նրանց համար: Կարեւոր է, որ այցելուները Soviet Club-ը պարզապես ռեստորան չընկալեն, այլ ուսումնասիրեն տարածքը, ծանոթանան իրերին ու ժամանակ անցկացնեն այդ միջավայրում։ Միշտ ասում եմ, որ այն հյուրը, որն արագ գալիս-նստում է սեղանի մոտ, չի շրջում տարածքում, մեր հյուրը չէ։ Սեղաններին հատուկ խորհրդային ժամանակաշրջանի տարբեր ամսագրեր ենք դրել, որ հյուրերը՝ հեռախոսը «սքրոլ» անելու փոխարեն դրանք թերթեն»։
Կոլեկցիա, որը շարունակում է փոխվել
Հին տարածքում ներկայացված հավաքածուն այնքան մեծ էր, որ որոշ նմուշների ֆիզիկական չափերի պատճառով հնարավոր չէր դրանք տեղափոխել նոր վայր։ 
«Ընտրության հարցում մեզ օգնեց նաեւ հինգ տարվա փորձը՝ արդեն գիտեինք, թե ինչն է առավել հետաքրքրում հյուրերին։ Հին տարածքում էքսպերիմենտները շատ էին»։
Այն նմուշները, որոնք նոր հասցե չեն տեղափոխվել, նոր նախագծի հիմք են դառնալու Հայկի ամառանոցում։ 
Նոր տարածքում պահպանվել է հին սրահների հայեցակարգը։ Այստեղ կրկին կա «Ինտուրիստի» սրահը, ավելացել է կոլխոզային թեմայով «Նաջարյանի սրահը»։ 
Առանձին սրահ նվիրված է 90-ականներին։
«Սենյակներից մեկում փորձել են վերաստեղծել այն միջավայրը, որը շատերին ծանոթ է սեփական տների ձեղնահարկերից ու մառաններից։ «Բառախոլկա» կոչվածը, երբ մարդիկ ափսոսում էին ինչ-որ բան նետել, եւ շատ հաճախ այդ իրերը հայտնվում էին քիչ օգտագործվող տարածքներից մեկում: Այդ սենյակում ներկայացված իրերը հյուրերը կարող են նաեւ գնել»,- ասում է Հայկն ու խոստովանում, որ սկզբում դժվարությամբ էր հարմարվում հավաքածուի նմուշները վաճառելու մտքին։
«Նախկինում, երբ ինչ-որ մեկը ինչ-որ բան էր ուզում գնել, շատ ցավոտ էի տանում։ Բայց հետո հասկացա, որ կան իրեր, որոնք կարելի է վաճառել եւ նոր իրեր ներկայացնել»,- ասում է նա:
Ձյաձ Վարդանը՝ «Ինտուրիստից» մինչեւ Soviet Club
Soviet Club-ում անցյալն ու ներկան հանդիպում են նաեւ ձյաձ Վարդանի միջոցով, որի փորձն ու պատմությունները հնարավորություն են տալիս երիտասարդ սերնդին ավելի մոտիկից ճանաչել անցած ժամանակները։
«Ձյաձ Վարդանն իր գործի մեջ շատ բան ունի փոխանցելու։ Մենք շատ ուրախ կլինենք, որ նրա կողքին հայտնվի նաեւ փոքր «ձյաձ Վարդանը»։ Սերունդները միշտ մեկը մյուսին փոխանցելու բան ունեն եւ պետք է փոխանցեն»,- ասում է Հայկ Բիանջյանը։ 
Վարդանը Soviet Club-ին միացել է 2023 թվականից։ Մինչ այդ նրա աշխատանքային ճանապարհն անցել է հյուրանոցային ոլորտով։ 1977 թվականից աշխատել է «Անի» հյուրանոցում, «Ինտուրիստում»:
«Սկզբում որպես «սերվանտչիկ» էի աշխատում, հետո՝ մատուցողի օգնական, այնուհետեւ դարձա սրահի վարիչ։ Այն ժամանակ հաճախորդների հետ շփվելու շատ քիչ առիթ էր լինում։ Շատ ժամանակ ուղղակի հարցնում էինք՝ թեյ, թե՞ սուրճ, կաթո՞վ, թե՞ առանց։ Չէր թույլատրվում հաճախորդների հետ շփվել, քանի որ «Ինտուրիստը» հիմնականում կապիտալիստական երկրներից եկող հյուրերի համար էր»։
Այսօր 73-ամյա Վարդանն իրեն լավ է զգում նոր միջավայրում. «Ես այստեղ ինձ առողջ եմ զգում, տրամադրությունս լավ է, ինչ ձեռքիցս գալիս է, անում եմ»։
Ակումբի հիմնադրի խոսքով՝ նրա ներկայությունն ակումբի համար ավելին է, քան պարզապես աշխատակցի ներկայությունը. «Նրա փորձն ու հիշողությունները խորհրդային շրջանի հետ կենդանի կապ են ստեղծում՝ հատկապես այն երիտասարդների համար, որոնք այդ ժամանակաշրջանը սեփական փորձով չեն ճանաչել»։
Մենյուն՝ ընդհանուր էմոցիայի մի մաս
Soviet Club-ում միջավայրին համապատասխան է նաեւ մենյուն։ Այստեղ առաջարկվող ուտեստներն ու խմիչքները նույն գաղափարի մաս են կազմում, ինչ հին իրերը, սրահների ձեւավորումն ու երաժշտական երեկոները։
«Սովետական կոնյակ ունենք, որն այդ ժամանակաշրջանի լավագույններից էր, օղի ունենք, լիմոնադ, սովետական շրջանի աղցաններ, անգամ՝ զինվորական ճաշ: Ակումբն ունի նաեւ իր հիթային ուտեստները, որոնք լրացնում են ընդհանուր միջավայրն ու այցելության փորձը»,- ասում է Հայկը։
Նոր վայր տեղափոխվել է նաեւ հին աշխատակազմը. «Սա կարեւոր հանգամանք է, քանի որ տարիների ընթացքում միասին աշխատող մարդկանց միջեւ ձեւավորվում է մթնոլորտ, որը փոխանցվում է նաեւ հյուրերին»։
Հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից
Soviet Club-ի այցելուների թվում են ինչպես հայեր, որոնց համար այս միջավայրը մանկության հիշողություններ է արթնացնում, այնպես էլ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։
«Չորս-հինգ լրացված հուշերի ալբոմ ունենք՝ տարբեր երկրներից մարդկանց կարծիքներով, թե յուրաքանչյուրն ինչ է զգացել մեզ մոտ: Զբոսաշրջիկների կարծիքը հատկապես կարեւոր է, քանի որ նրանք շատ են ճանապարհորդում եւ կարողանում են ակումբի փորձը համեմատել աշխարհի տարբեր վայրերում տեսած նման ակումբների հետ»,- ասում է հիմնադիրը:
Ակումբ են այցելում նաեւ դեսպանատների ներկայացուցիչներն ու նրանց հյուրերը. 
«Մշտական այցելուներ ունենք Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատներից, իսկ ամենաշատը գալիս են ԱՄՆ դեսպանատնից»,- ծիծաղով նշում է նա:
Հայկն ասում է, որ Խորհրդային Միությունը շատերի համար եղել է փակ երկիր՝ որոշակի պատկերացում ձեւավորելով այդ ժամանակաշրջանի մասին։ Soviet Club-ում նրանք բացահայտում են նաեւ դրա մեկ այլ՝ ուրախ ու զվարթ կողմը։
Համերգներ ու համադասարանցիների հանդիպումներ
Նոր հասցեում ակումբի մուտքավճար գործում է միայն համերգների օրերին։ Նախկին տարածքում այն կիրառվում էր ամեն օր, քանի որ այնտեղ թանգարանային ձեւաչափն էր գերակշռում, եւ այցելուները վճարում էին նաեւ թանգարանային հատվածից ու բացօթյա տարածքից օգտվելու համար։
«Ակումբում կազմակերպում ենք նաեւ հատուկ երեկույթներ՝ 30+, 40+ տարիքային խմբերի համար, ինչպես նաեւ համադասարանցիների հանդիպումներ։
Soviet Club-ը շարունակում է փոխվել՝ նոր հասցեում հարմարեցնելով տարածքն ու հավաքածուն հյուրերի հետաքրքրություններին։ Բայց գլխավոր գաղափարը մնացել է նույնը՝ ստեղծել մի միջավայր, որտեղ անցյալը միայն ցուցադրված իրերի մեջ չէ, այլ շարունակում է ապրել մարդկանց պատմությունների, հանդիպումների ու փոխանցվող հիշողությունների միջոցով»,- եզրափակում է Հայկը:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *