«Գլխաշորի մասին վեճը Ադրբեջան-Թուրքիա ավելի խորը պառակտման ախտանիշ է»

Written by

in

Ներկայացնում ենք Reuters-ի Aliyev’s snub of Turkic summit brings Azerbaijan-Turkey tensions to fore հոդվածի թարգմանությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 30-ին չմասնակցեց Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, թեեւ թուրք գործընկերը նրան անձամբ էր հրավիրել։ Սա ցույց է տալիս, որ պատմական դաշնակիցների միջեւ լարվածությունն աճում է՝ ներքին եւ տարածաշրջանային քաղաքականության հարցերի շուրջ։
Վերջին շաբաթներին Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները լարվել են։ Պատճառն այն է, որ թուրք որոշ պաշտոնյաներ քննադատել էին դպրոցներում գլխաշորերի կրումը սահմանափակելու վերաբերյալ Բաքվի որոշումը։
Երկու երկրները տարաձայնություններ ունեն նաեւ Իսրայելի հարցում։ Անկարան կտրուկ քննադատում է Իսրայելին Գազայի պատերազմի համար, մինչդեռ Ադրբեջանը սերտ կապեր ունի Թել Ավիվի հետ։
Թուրք պաշտոնյաները փորձել են մեղմել լարվածությունը, իսկ Էրդողանը գագաթնաժողովի բացման ելույթում միասնականության կոչ արեց։ 
«Մեր ընտանեկան լուսանկարում բաժանման, պառակտման կամ հակամարտության տեղ չկա։ Մենք բոլորս մեկ ենք, միասին ենք եւ, Աստված տա, ընդմիշտ եղբայրներ ենք», – ասաց նա՝ առանց Ադրբեջանի անունը հնչեցնելու։
Գագաթնաժողովին Ադրբեջանը ներկայացնում էր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Էրդողանից հետո ելույթ ունենալով՝ նա չանդրադարձավ լարվածությանը եւ շնորհակալություն հայտնեց Թուրքիային հյուրընկալության համար։
Այս լարվածությունը սովորական չէ։ Երկու երկրներն իրենց հարաբերությունները բնութագրում են «երկու պետություն, մեկ ազգ» բանաձեւով։ Կապերն ավելի են խորացան նրանից հետո, երբ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ Երկու երկրները սերտ համագործակցություն են ձեւավորել պաշտպանության եւ էներգետիկայի ոլորտներում։ Անկարան ադրբեջանական բնական գազի խոշոր գնորդներից է։
Նախորդ շաբաթ Էրդողանը պաշտոնից ազատեց իր խորհրդականներից մեկին՝ Օքթայ Սարալին, որը հրապարակավ քննադատել էր գլխաշորերի վերաբերյալ Բաքվի որոշումը։ 
Վաշինգտոնում գործող Մերձավոր Արեւելքի ինստիտուտի թուրքական ծրագրի տնօրեն Գյոնյուլ Թոլն ասում է, որ Ալիեւի բացակայությունը գագաթնաժողովից դաշնակիցների միջեւ աճող լարվածության վերջին նշանն է։
««Երկու պետություն, մեկ ազգ» հռետորաբանության ներքո վաղուց էր լարվածություն կուտակվում մի շարք հարցերի շուրջ՝ Ադրբեջանի ինքնիշխանություն, Անկարայի ազդեցությունը Բաքվում, տարբեր քաղաքականություն Իսրայելի նկատմամբ եւ Թուրքիայի մերձեցումը Հայաստանի հետ։ Գլխաշորի շուրջ վեճը ավելի խորը պառակտման ախտանիշ է», – ասել է նա։
Թուրքիան աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն հայտարարել է, որ դա կախված կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության ջանքերից։ Թուրք պաշտոնյաների խոսքով՝ Անկարան սպասում է առաջընթացի այդ ուղղությամբ, որպեսզի կարողանա կոնկրետ քայլեր կատարել, օրինակ՝ բացել Հայաստանի հետ սահմանը։
Թուրքիային ուղղված անուղղակի նախազգուշացումների ֆոնին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու անցանկալի անձ (persona non grata) հայտարարեց՝ սոցիալական ցանցերում Բաքվին քննադատող գրառումների համար։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախորդ ամիս Բաքվում Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին։
Նրա խոսքով՝ թեեւ երկու երկրները կարող են ոչ բոլոր հարցերում միակարծիք լինել, նրանք կարող են «նստել եւ քննարկել մեր խնդիրները»՝ քաղաքակիրթ ձեւով, ինչպես վայել է իրենց հարաբերություններին։
«Կարո՞ղ են լինել տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակետներ որոշ հարցերի շուրջ։ Կարող են։ Այդ դեպքում եղբայրները նստում եւ քննարկում են դա՝ իրենց եղբայրական կապերին համապատասխան», – ասել էր Ֆիդանը։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *