ՀԱՐԳԵԼԻ՛ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ,
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ Քննչական Կոմիտե
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն,
Ես՝ Գայանե Ջհանգիրյանս, «Պառլամենտ» ամսագրի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը, պահանջում եմ պարզաբանել, թե ինչ իրավական հիմքով են իմ նախկին հաղորդումներում հիշատակված անշարժ գույքի գործակալները միջամտում իմ օրինական տնտեսական և մասնագիտական գործունեության, իմ ու գործընկերներիս միջև ձևավորված մասնավոր իրավահարաբերությունների, ինչպես նաև մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ հարցերին։
Հստակ հայտարարում եմ, որ «Պառլամենտ» ամսագիրը դրամաշնորհային ծրագրերով չի ֆինանսավորվում,
պետական ֆինանսավորում չի ստանում և գործում է ինքնաֆինանսավորման սկզբունքով։
Սա իմ կողմից կազմակերպվող օրինական տնտեսական և մասնագիտական գործունեություն է, որի շրջանակում համագործակցում եմ լրագրողների, տպարանների, լուսանկարիչների, օպերատորների և այլ գործընկերների հետ։
Իմ և գործընկերներիս միջև ձևավորված ծառայությունների մատուցման հարաբերությունները մասնավոր իրավահարաբերություններ են, որոնք կարգավորվում են օրենքով սահմանված կարգով։
Այդ ծառայությունների արժեքը որոշվում է համապատասխան պայմանավորվածություններով և ծառայությունների բնույթով, այլ ոչ թե երրորդ անձանց կամայական գնահատականներով։
Ո՞վ է այս անշարժ գույքի գործակալներին իրավունք տվել ներխուժելու իմ բիզնեսի գործունեության և իմ գործընկերների հետ ունեցած պայմանագրային հարաբերությունների տիրույթ։
Եթե որևէ անձ ունի իմ գործունեության վերաբերյալ իրավախախտման մասին կոնկրետ փաստական տվյալներ, նա կարող է դրանք ներկայացնել իրավասու մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով։
Սակայն որևէ մեկին իրավունք չի տրվում դիտավորյալ կեղծ տեղեկություններ տարածելու կամ ներկայացնելու միջոցով վնասելու այլ անձի օրինական շահերը։
Իմ մտահոգությունն այն է, որ իմ հաղորդումներում հիշատակված անշարժ գույքի գործակալների կողմից իրավասու մարմիններին փոխանցված՝ իմ գործունեությանը վերաբերող տեղեկությունները, իմ գնահատմամբ, չեն համապատասխանում իրականությանը։
Միաժամանակ, իմ ունեցած տեղեկություններով, իրականացված ստուգումներով իմ գործունեության մեջ իրավախախտումներ չեն հայտնաբերվել։
Այս պայմաններում հարց եմ բարձրացնում՝
արդյո՞ք իրավասու մարմինները պատշաճ կերպով ստուգել են նաև տեղեկություններ ներկայացրած անձանց գործողությունները և դրանց հնարավոր իրավական հետևանքները։
Ինչո՞ւ պետք է ես շարունակաբար ստիպված լինեմ պարզաբանել իմ օրինական գործունեությունը, մինչդեռ իմ հաղորդումներում մատնանշված՝ հնարավոր կեղծ տեղեկությունների ներկայացման և իմ մասնագիտական գործունեությանը միջամտելու հանգամանքները դեռևս ինձ համար հստակ իրավական գնահատական չեն ստացել։
Խնդրում եմ պարզել՝ արդյոք առկա են՝
* հանցագործության մասին դիտավորյալ կեղծ հաղորդում ներկայացնելու հատկանիշներ,
* իմ օրինական տնտեսական գործունեությանը ապօրինի միջամտելու հանգամանքներ,
* լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներ,
* իմ և գործընկերներիս մասնավոր իրավահարաբերություններին ապօրինի միջամտելու կամ դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու այլ իրավական հիմքեր։
Խնդրում եմ գնահատել այս հանգամանքները ոչ թե ենթադրությունների, այլ կոնկրետ փաստերի, իմ ներկայացրած նյութերի և օրենքով սահմանված չափանիշների հիման վրա։
Իմ պահանջը պարզ է՝ օրենքը պետք է հավասարապես գործի բոլորի համար։
Եթե իմ գործունեության վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն հաստատվում, ապա խնդրում եմ ստուգել՝ արդյոք դրանք ներկայացվել են դիտավորությամբ, և արդյոք առկա են համապատասխան անձանց նկատմամբ օրենքով նախատեսված միջոցներ կիրառելու հիմքեր։
Խնդրում եմ նաև գրավոր պարզաբանել՝ ինչ ընթացք են ստացել իմ նախկին հաղորդումները, ինչ գործողություններ են կատարվել դրանց հիման վրա, և արդյոք որոշում է կայացվել դրանցում բարձրացված հարցերի վերաբերյալ։
Ես չեմ պահանջում որևէ մեկին անհիմն մեղադրել։ Պահանջում եմ, որ իմ ներկայացրած փաստերն ուսումնասիրվեն ամբողջական և անաչառ կերպով, իսկ հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հարցերը չմնան առանց պատշաճ քննության և պատճառաբանված պատասխանի։
Ո՞վքեր են այս անձինք, այս անշարժ գույքի գործակալները, որ իրենց վերապահում են իմ բիզնեսի օրինական զարգացմանը միջամտելու, իմ ու գործընկերներիս մասնավոր իրավահարաբերությունները կասկածի տակ դնելու և, իմ պնդմամբ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ իրավասու մարմիններին փոխանցելու իրավունքը։
Եթե նրանց գործողություններում իրավախախտման հատկանիշներ կան, ապա ինչո՞ւ դրանց վերաբերյալ օրենքով նախատեսված ընթացակարգով իրավական գնահատական չի տրվում։
Ակնկալում եմ, որ իրավասու մարմինները կպարզաբանեն այս հարցերը և կձեռնարկեն օրենքով նախատեսված միջոցները՝ իմ օրինական տնտեսական ու մասնագիտական գործունեության պաշտպանությունն ապահովելու համար։
Հարգանքով՝
Գայանե Ջհանգիրյան
«Պառլամենտ» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր
01.11.26թ.
Leave a Reply