ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՐԴԻ՞
Սակայն նման հայտարարություններն անխուսափելիորեն առաջ են բերում ոչ միայն քաղաքական, այլև բարոյական, իրավական և արժեքային լրջագույն հարցադրումներ։ Որքանո՞վ է արժանահավատ բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին հնչեցվող պաշտոնական հռետորաբանությունը, երբ այդ նույն սկզբունքների ներքո անտեսվում են Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները, իսկ նրա նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ըստ էության դուրս է մնում միջազգային բնապահպանական և մարդասիրական օրակարգից։
Առանձնապես անթույլատրելի է շրջանցել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում կիրառված արգելված և միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից խիստ խնդրահարույց զինատեսակների ու զինամթերքի կիրառման վերաբերյալ փաստերի ուսումնասիրության և հրապարակայնացման անհրաժեշտությունը։ Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրակարգը չի կարող անտեսել պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական աղետները, դրանց երկարաժամկետ ազդեցությունը մարդկանց, կենդանական և բուսական աշխարհի, բնական միջավայրերի ու էկոհամակարգերի վրա։
Նույնքան մտահոգիչ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝ Բաքվում շարունակվող գերության և նրանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունների հարցի անտեսումը։ Արցախի նախագահների, պետական ու ռազմաքաղաքական գործիչների, ինչպես նաև մյուս հայ գերիների հիմնարար իրավունքների խնդիրը չի կարող տարանջատվել մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության և միջազգային իրավունքի գերակայության սկզբունքներից։ Նրանց ազատ արձակման, ապօրինի ազատազրկման դադարեցման հարցերը պետք է լինեն Հայաստանի կողմից հյուրընկալվող միջազգային հեղինակավոր միջոցառումների օրակարգի անբաժանելի մասը։
Եթե COP17-ը հարթակ է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ձայնը լսելի դարձնելու համար, ապա ինչո՞ւ այդ հարթակում բավարար տեղ չի հատկացվել նաև Արցախյան հասարակական կազմակերպություններին։ Մի՞թե նրանց ներկայացրած փաստերը, հետազոտությունները և ահազանգերը չեն համապատասխանում համաժողովի հռչակած նպատակներին։ Թե՞ խնդրահարույց է դարձել հենց Արցախի մասին ճշմարտության միջազգային հանրությանը ներկայացնելը։
Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող լինել ընտրովի, իրավիճակային կամ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված։ Դրանք համամարդկային և անբաժանելի իրավունքներ են, որոնց պաշտպանությունը ենթադրում է ոչ միայն գեղեցիկ ձևակերպումներ, միջազգային որոշումների ընդունում և պաշտոնական հայտարարություններ, այլև հետևողական ու անաչառ դիրքորոշում կոնկրետ ժողովուրդների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Ի՞նչ պատմական ձեռքբերման մասին կարելի է խոսել, եթե բնիկ ժողովրդի՝ սեփական պատմական հայրենիքում ապրելու իրավունքը մնում է չպաշտպանված, նրա բնական և մշակութային ժառանգությունը ոչնչացվում է, իսկ նրա ընտրված ու պետական ղեկավարները շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։
Միջազգային բնապահպանական օրակարգը չի կարող սահմանափակվել կենսաբազմազանության պահպանության տեխնիկական և ինստիտուցիոնալ մեխանիզմներով՝ անտեսելով ժողովուրդների պատմական ներկայության, ավանդական բնակության միջավայրի, մշակութային ինքնության և բնության հետ ձևավորված դարավոր կապի պահպանության հիմնախնդիրները։ Բնիկ ժողովրդի հայրենի բնաշխարհի ոչնչացումը, նրա բնակավայրերի վերացումը, բնական պաշարների նկատմամբ ոտնձգությունները և պատմական միջավայրի հետևողական խաթարումը չեն կարող դիտարկվել բնապահպանական խնդիրներից առանձին։
Բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի համընդհանուր, ոչ թե ընտրովի։ Բնապահպանական արդարադատությունը չի կարող լռել էկոցիդի առջև, մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող անտեսել գերության մեջ գտնվող մարդկանց, իսկ բնիկ ժողովուրդների իրավունքների միջազգային օրակարգը չի կարող շրջանցել սեփական պատմական հայրենիքից բռնի տեղահանված ժողովրդին։
Իսկ եթե բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության սկզբունքները չեն տարածվում նաև Արցախի հայ ժողովրդի վրա, եթե նրա վերադարձի իրավունքը, ապօրինի ազատազրկված ղեկավարների և գերիների ազատության հարցը, բնական ու մշակութային ժառանգության ոչնչացումը չեն արժանանում պատշաճ ուշադրության, ապա ի՞նչ արժեք ունեն այդ իրավունքների պաշտպանության մասին հնչեցվող պաշտոնական հայտարարությունները։
Արցախի հայ ժողովրդի իրավունքները չեն կարող դուրս մնալ միջազգային օրակարգից։ Լռությունը չեզոքություն չէ, իսկ ընտրովի արդարադատությունը՝ արդարադատություն։
Leave a Reply