Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

Written by

in


Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին աղմկահարույց իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանում գործարար համայնքը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում։ Օրերս քրեական հետապնդում է հարուցվել «88» սուպերմարկետների ցանցի հիմնադիր, խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, երկրի այս խոշոր տնտեսվարողների և գործատուների դեմ իրավական ընթացակարգեր են նախաձեռնվել ընդամենը մեկ անձի ցուցմունքի հիման վրա։ Երբ նման մակարդակի ընկերությունների ճակատագիրը դրվում է կասկածի տակ նմանատիպ հիմքերով, դա ոչ թե լոկալ իրավական վեճ է, այլ լուրջ ազդանշան ողջ բիզնես միջավայրին։

Սա, ցավոք, եզակի դեպք չէ, այլ Հայաստանում արդեն ձևավորված մտահոգիչ պրակտիկայի հերթական դրսևորումը։ Ավելի վաղ նմանատիպ ճնշումների և իրավական գործընթացների կենտրոնում էր հայտնվել խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին պատկանող ակտիվների շուրջ ստեղծված իրավիճակը փորձագետները գնահատեցին որպես սեփականության անձեռնմխելիության սկզբունքի խախտում և խոշոր բիզնեսի վերաբաշխման փորձ։ Հայաստանում անընդհատ կրկնվում է նույն խնդիրը. իշխանափոխություններից կամ քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո խոշոր կապիտալը հայտնվում է պետական ապարատի ու իրավապահ համակարգի «նշանառության» տակ։

Այս պրակտիկայի հիմքում հաճախ ընկած է կարճաժամկետ քաղաքական կամ պոպուլիստական շահը։ Հանրային հաճոյախոսության, մի քանի ավել «լայք» կորզելու կամ «արտոնյալների դեմ պայքարի» իմիտացիա ստեղծելու համար պետական ապարատն ու տեղեկատվական հոսքերն ուղղորդվում են բիզնեսի դեմ։ Գործարարին նախքան դատարանի վերջնական վճիռը հանրության աչքում «օրինազանց» ներկայացնելն ու նրա դեմ վարչական գործիքակազմ կիրառելը դարձել է սովորական մեթոդ։ Սակայն այսրոպեական քաղաքական դիվիդենտները վճարվում են երկրի ռազմավարական ապագայի հաշվին։

Տնտեսական տեսանկյունից նման վարքագիծն ունի կործանարար հետևանքներ։ Պետության կողմից իրականացվող անկանխատեսելի քայլերի հետևանքով աստիճանաբար քանդվում է վստահությունը սեփական պետության և նրա իրավական համակարգի նկատմամբ։ Խոշոր բիզնես միջավայրը դառնում է տագնապային ու անկայուն։ Ո՛չ տեղական, ո՛չ էլ առավել ևս օտարերկրյա ներդրողը պատրաստ չէ կապիտալ տեղադրել մի միջավայրում, որտեղ տնտեսական հաջողությունը կամ սեփականության անվտանգությունը կախված են քաղաքական քմահաճույքներից կամ անհիմն ցուցմունքներից։

Եթե այս միտումը շարունակվի, Հայաստանում ուղղակի մարդ չի մնա, որը ցանկություն կամ համարձակություն կունենա խոշոր, երկարաժամկետ ու ռազմավարական նախագծեր իրականացնել։ Տեղական կապիտալը պարզապես կհոսի դեպի ավելի կանխատեսելի ու պաշտպանված իրավազորություններ, իսկ երկիրը կկորցնի աշխատատեղեր, հարկային մուտքեր և տնտեսական աճի հնարավորություն։ Երբ պետությունը դադարում է լինել բիզնեսի երաշխավորն ու դառնում է նրա հիմնական սպառնալիքը, տուժում է ոչ թե առանձին վերցրած գործարարը, այլ ողջ հասարակությունն ու պետությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *