ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունն օգտագործող Facebook-յան էջում. Donald Trump For President էջը հրապարակել է միջադեպի լուսանկարները։
Հրապարակումը դրա էկրանապատկերի (սքրինշոթի) արձանագրման պահին հավաքել էր 554 արձագանք, 84 մեկնաբանություն և 76 տարածում։

Թեև էջը չի ներկայանում որպես ԱՄՆ նախագահի պաշտոնական ռեսուրս և իր նկարագրության մեջ հայտնում է, որ նախագահի աջակիցների էջն է, սոցիալական մեդիայի հայալեզու լսարանում հրապարակումը ներկայացվում է որպես Թրամփի կամ նրա պաշտոնական թիմի անդրադարձ:
Ի՞նչ է հայտնի էջի մասին
Facebook-յան Donald Trump For President անվամբ էջն ունի ավելի քան 8․2 միլիոն հետևորդ, որպես գլխավոր լուսանկար օգտագործվում է Դոնալդ Թրամփի պատկերը։
Ուշագրավ է, որ էջի անվանումը ոչ թե պարզապես Donald J. Trump է, այլ «Donald Trump For President»՝ «Դոնալդ Թրամփը՝ նախագահի պաշտոնում» իմաստով․ էջի պաշտոնական հաստատման նշանը ևս բացակայում է։
Հատկանշական է, որ էջի նկարագրությունում հստակ երևում է, որ այն պաշտոնական ռեսուրս չէ․ դրա հիմնադիրը հայտնում է․ «Այս էջը պատկանում է Սան Օրիյավոնգին (Sanh Oriyavong) և կառավարվում է նրա կողմից։ Նա նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի քաղաքական օրակարգի աջակիցն է»։

Facebook-ում ԱՄՆ նախագահն ունի Donald J. Trump անվամբ անձնական պաշտոնական էջ, իսկ նախագահի պաշտոնական հաղորդակցության համար գործում է նաև POTUS էջը։ Սպիտակ տունը ևս ունի պաշտոնական էջ:
Այս ռեսուրներից և ոչ մեկում չկա անդրադարձ հայաստանյան խորհրդարանում եղած ծեծկռտուքին:
Ինչպե՞ս կարող է առաջանալ շփոթությունը
Հայտնի քաղաքական գործիչների անուններով ստեղծված էջերը սոցիալական ցանցերում հաճախ ընկալվում են որպես նրանց անձնական կամ պաշտոնական հաղորդակցության հարթակներ։
Այս դեպքում շփոթության հիմք կարող է դառնալ երկու հանգամանք՝ Դոնալդ Թրամփի անունը պարունակող էջի անվանումը և նրա լուսանկարի օգտագործումը։
Սակայն, հարկ է տարբերակել քաղաքական գործչի անունով գործող աջակիցների էջը, ոչ պաշտոնական տեղեկատվական հարթակը և քաղաքական գործչի իրական պաշտոնական հաշիվը։
Նույնիսկ եթե նման էջը տարածում է իրական իրադարձության լուսանկարներ, դա չի նշանակում, որ հրապարակումը կատարել կամ հավանության է արժանացրել այն անձը, որի անունով գործում է էջը։
Մինչդեռ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի լուսանկարները տարածած էջը ներկայանում է «Donald Trump For President» անվամբ։ Այս անվանումը տարբերվում է վերոնշյալ պաշտոնական էջերի անվանումներից։ Սակայն միայն անվանման տարբերությունը բավարար չէ հաստատելու, որ էջը որևէ կապ չունի Թրամփի կամ նրա թիմի հետ։ Դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրել էջի թափանցիկության տվյալները և պաշտոնական ռեսուրսներում առկա հղումները:
Այսպիսով, Donald Trump For President էջը չի ներկայանում որպես ԱՄՆ նախագահի կամ նրա աշխատակազմի պաշտոնական ռեսուրս, հետևաբար սոցիալական մեդայիում առաջացած պնդումը, թե Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցածին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահը, չի համապատասխանում իրականությանը:
Նանե Մանասյան
Leave a Reply