Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փրինսթոնի համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հարոլդ Ջեյմսի հոդվածի թարգմանությունը:
Հարոլդ Ջեյմս
Եվրոպական միությունը բախվում է բազմաթիվ փոխկապակցված ճգնաժամերի, որոնք կասկածի տակ են դնում հենց նրա գոյության իմաստը: Եվրոպացիները դժվարությամբ են հաղթահարում արդյունաբերական ճգնաժամը, որը գլոբալացման ու արտակարգ արագ տեխնոլոգիական փոփոխությունների հետեւանք է, ինչպես նաեւ բյուջետային ու կլիմայական ճգնաժամերը:
Ժողովրդագրական միտումները՝ ծերացումն ու աշխատուժի կրճատումը, ապագայում է՛լ ավելի մեծ ծախսեր են պահանջելու: Ժողովրդավարությունը խարխլվում է հակահամակարգային կուսակցությունների եւ քաղաքական կենտրոնի փլուզման պատճառով: Եվ որպես այս ամենի գագաթնակետ՝ առկա է անվտանգության ոլորտի մարտահրավերը, որը մայրցամաքում ընկալվում է տարբեր կերպ. Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպան Ռուսաստանի մեջ գոյաբանական սպառնալիք են տեսնում, մինչդեռ մյուսները համեմատաբար հանգիստ են:
Հիշենք, թե ինչպես Սառը պատերազմը խթանեց ինտեգրումը մայրցամաքում. Եվրոպական տնտեսական համայնքի հիմնադիր երկրները միավորվեցին Խորհրդային Միության սպառնալիքի առջեւ: Դա նպաստեց ինստիտուցիոնալ ինտեգրմանը, բայց միեւնույն ժամանակ եվրոպական վերնախավերին սովորեցրեց ապավինել արտաքին սպառնալիքին՝ որպես սեփական մտահղացումը մշտապես ամրապնդելու միջոցի: Ուստի նրանք անշեղորեն ահազանգում էին յուրաքանչյուր ցնցումից հետո՝ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից եւ Դոնալդ Թրամփի ընտրություններում առաջին հաղթանակից մինչեւ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ Թրամփի վերընտրվելը:
Այս ճգնաժամերին միշտ հաջորդում էր այս կամ այն արձագանքը, սակայն դա բավարար չէր: Այժմ բոլոր եվրոպացիները, եւ նախեւառաջ ուկրաինացիները, առերեսվում են մի նոր աշխարհակարգի հեռանկարի հետ, որը կարող է ձեւավորվել Պուտինի, Թրամփի եւ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի գագաթնաժողովում:
Պատկերացրեք երեք տարեց, անառողջ տղամարդկանց, որոնք վերախաղարկում են 1945 թվականի փետրվարի Յալթայի գագաթնաժողովը, որտեղ քաղցկեղից հյուծված Ֆրանկլին Ռուզվելտը եւ տկարացած Ուինսթոն Չերչիլը ընկրկեցին Իոսիֆ Ստալինի առջեւ եւ համաձայնեցին կիսել հետպատերազմյան աշխարհը: Այս սցենարի կրկնության կանխումը պետք է Եվրոպայի գլխավոր առաջնահերթությունը դառնա:
Մենք հասանք այս կետին, որովհետեւ հետսառըպատերազմյան դարաշրջանում Եվրոպայի՝ դեպի ինտեգրում տանող ամենանշանակալի քայլերից մի քանիսն այդպես էլ անավարտ մնացին: Եվրոպական արժութային միության ճարտարապետները հասկանում էին, որ միասնական արժույթը ենթադրում է նաեւ ընդհանուր ֆիսկալ ներուժի անհրաժեշտություն: Հավանաբար, նրանք կարծում էին, թե ապագա որեւէ ճգնաժամ քաղաքական կամք կծնի գործն ավարտին հասցնելու համար, ինչպես դա տեղի ունեցավ, երբ COVID-19-ի ճգնաժամը դրդեց ստեղծել NextGenerationEU ծրագիրը: Վերականգնման այս 800 միլիարդանոց ծրագիրն իսկապես ներառում էր ընդհանուր պարտքի գործիք, սակայն այդպես էլ չսահմանվեց, թե որ եկամուտների հաշվին է սպասարկվելու այդ պարտքը: Դա զգուշավոր քայլ էր դեպի ֆիսկալ ինտեգրում, բայց ոչ ավելին:
Մյուս հիմնախնդիրը Ֆրանսիայի եւ Գերմանիայի փոխհարաբերություններն են: Պատմականորեն հետպատերազմյան Եվրոպան միշտ հենվել է նրանց հաշտեցման վրա. տնտեսապես հզորացող Գերմանիան ապավինում էր անվտանգությանը, որն ապահովում էր Ֆրանսիան՝ միջուկային տերություն, որն ԱՄՆ-ից շատ ավելի մեծ անկախություն ուներ, քան Մեծ Բրիտանիան: Սակայն այսօր Ֆրանսիան եւ Գերմանիան վերադառնում են հին սովորույթներին:
Ֆրանսիայի այսօրվա բողոքի ալիքն արդեն իսկ բախումներ է առաջացրել այլ երկրներում, կրկնելով 1789, 1830, 1848 եւ 1871 թվականների սցենարը: Այդ տարեթվերին Ֆրանսիան Եվրոպայում հեղափոխական գործընթացի շարժիչն էր, որը սովորաբար ավարտվում էր ոչ թե ժողովրդավարությամբ, այլ ավտորիտարիզմով: Գերմանիան էլ, իր հերթին, կարծես, նորից է վերապրում ժողովրդավարության իր առաջին փորձի՝ Վեյմարյան հանրապետության փլուզումը, որտեղ դժգոհների, նացիստների եւ կոմունիստների խայտաբղետ դաշինքը կործանեց ավելի լիբերալ ու չափավոր կուսակցություններին:
Այն ժամանակ, ինչպես եւ հիմա, ծայրահեղական գաղափարներով հատկապես տարված էր երիտասարդությունը: Գերմանիայի երկու առաջատար կուսակցությունները՝ քրիստոնյա դեմոկրատներն ու սոցիալ-դեմոկրատները, ականատես են լինում, թե ինչպես է նրանց աջակցությունն արագորեն հոսում դեպի այն կուսակցությունները, որոնք խոստանում են երկիրը շրջել Եվրոպայից հեռու՝ դեպի Ռուսաստան:
1930-ական թվականներին ֆրանսիական քաղաքական սպեկտրի լայն շրջանակները ձեռքի մեկ շարժումով մի կողմ էին նետում նացիստական Գերմանիայի սպառնալիքը՝ «Ինչո՞ւ մեռնել Դանցիգի համար» կարգախոսով: Այսօր նույն տրամաբանությունն է գործում «Ինչո՞ւ մեռնել Կիեւի համար» խոսքերում:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org
Leave a Reply