«Կնքահայրն» առաջարկում է ԱԲ-ն մարդկանց «մայրիկը» դարձնել

Written by

in

Չնայած պատկառելի տարիքին (78 տարեկան է)՝ Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Հինթոնը հոկտեմբերի 17–ից 22-ը Տեներիֆեում եւ Լա Պալմայում կայացած Starmus VIII փառատոնի ամենապահանջված բանախոսն էր։ 
Նա մասնակցեց փառատոնը բացող «Որոնելով Ճշմարտությունը» պանելային քննարկումը, որը վարում էր Starmus-ի համահիմնադիր եւ տնօրեն Գարիկ Իսրայելյանը։
Հինթոնը մասնակցեց նաեւ «Կարո՞ղ են արդյոք մեքենաները հասկանալ աշխարհը» քննարկմանը եւ առանձին դասախոսություն կարդաց արհեստական բանականության (ԱԲ) ապագայի մասին։
Աշխարհում Հինթոնին «ԱԲ-ի կնքահայր» են անվանում։ Ինքը առանձնապես ոգեւորված չէ դրանով եւ միշտ կրկնում է, որ ընդամենը այն մի քանի գիտնականներից մեկն էր, ովքեր պաշտպանում էին նեյրոնային ցանցերի զարգացումը, երբ շատերն այդ ուղղությունն անհեռանկարային էին համարում։
2024 թվականին Ջեֆրի Հինթոնը եւ Ջոն Հոփֆիլդը ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ ստացան՝ նեյրոնային ցանցերի ոլորտում հիմնարար աշխատանքների համար։ Դրանից մեկ տարի առաջ Հինթոնը թողել էր Google-ի փոխնախագահի պաշտոնը՝ ընկերությունում 10 տարի աշխատելուց հետո։
2013 թվականին Google-ը ձեռք բերեց DNNresearch փոքր ստարտափը, որը Հինթոնը հիմնել էր իր ուսանողներ Ալեքս Կրիժեւսկու եւ Իլյա Սուցկեւերի հետ՝ պատկերների ճանաչման ոլորտում բեկումնային հայտնագործությունից հետո։
2023 թվականի մայիսին մեկնաբանելով Google-ից իր հեռանալը՝ Հինթոնն ասել էր, որ պատճառներից մեկը ԱԲ-ի ռիսկերի մասին ազատ խոսելու ցանկությունն էր՝ առանց մտածելու, թե ինչպես կանդրադառնան իր խոսքերը Google-ի վրա։ Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ հեռացել է ոչ թե հատկապես Google-ին քննադատելու համար, եւ որ, իր կարծիքով, ընկերությունը բավականին պատասխանատու էր գործել։
«Որոնելով Ճշմարտությունը» քննարկման ժամանակ Հինթոնը հիշեցրեց, որ շատ հայտնի լեզվաբաններ, այդ թվում՝ Նոամ Չոմսկին, հերքում էին լեզուն հասկանալու եւ բարդ մակարդակով այն օգտագործելու լեզվական մոդելների կարողությունները նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք արդեն ակնառու էին։
Գիտնականը համոզված է, որ ԱԲ-ն կսկսի հասկանալ մարդկային մտքին անհասանելի բաներ՝ «ճիշտ այնպես, ինչպես առնետները երբեք չեն հասկանա, թե ինչ են պարզ թվերը»։
«Ու եթե շատ ավելի զարգացած ԱԲ-ն պնդի, որ ինչ-որ բան ճշմարիտ է, ավելի լավ է հավատալ նրան»,– նշեց Հինթոնը։ Նա նաեւ հայտարարեց, որ ԱԲ-ի սխալները չեն վկայում այն մասին, որ մեքենաները հասկանալու ունակություն չունեն. մարդիկ նույնպես վերակառուցում են հիշողությունները եւ երբեմն հորինում այն, ինչ կարծում են, թե գիտեն։ «Իսկ քանի որ մոդելները սովորում են մարդկային փորձից, միանգամայն բնական է, որ նրանք կրկնում են նույն օրինաչափությունները», – փաստեց նա։
Քննարկմանը մասնակից էին նաեւ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Սթիվեն Փինքերը եւ կոստա ռիկացի պաշտոնաթող դիվանագետ Քրիստիանա Ֆիգերեսը։
2010 թվականին Ֆիգերեսը նշանակվել էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար եւ հաջորդ վեց տարիներին նա վերականգնեց կլիմայի շուրջ համաշխարհային բանակցային գործընթացը, որի արդյունքը դարձավ 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրը։ Ֆիգերեսը խոսեց «իմ ճշմարտության» մասին՝ այն սկզբունքների եւ ընդունված փաստերի, որոնցով ապրում է յուրաքանչյուր մարդ։ Նրա խոսքով՝ տարբեր պատկերացումները հաշտեցնելը դյուրին չէ։ Նա առաջարկեց «սիրել անորոշությունը» եւ այն օգտագործել որպես գործիք՝ ստուգելու այն, ինչ ներկայացվում է որպես ճշմարտություն։ 
Հինթոնը համաձայն չէր եւ հանդես եկավ օբյեկտիվ ճշմարտության պաշտպանությամբ։ Նա նշեց, որ «հենց որ պայմանավորվում ենք եզրույթների մասին, պնդման ճշմարիտ լինելը դադարում հարցական լինել»։
Իսկ ԱԲ-ի ապագային եւ ռիսկերին նվիրված իր դասախոսության ընթացքում Ջեֆրի Հինթոնը նշեց, որ այսօր «մենք նման ենք մի մարդու, որի տանն ապրում է վագրի շատ սիրունիկ ձագ»։
«Բայց երբ նա մեծանա, հեշտությամբ կարող է սպանել ձեզ, եթե ցանկանա։ Գոյատեւելու համար մենք երկու տարբերակ ունենք։ Առաջին՝ ազատվել վագրի ձագից, բայց ԱԲ-ի դեպքում դա լավ տարբերակ չէ, քանի որ այն չափազանց օգտակար է։ Երկրորդ՝ գտնել այնպիսի միջոց, որ նա երբեք չցանկանա սպանել ձեզ»,– ասաց Նոբելյան մրցանակակիրը։
Խոսելով այդ նպատակին հասնելու գործնական ուղիների մասին՝ Հինթոնն առաջարկեց հետեւյալ լուծումը. ԱԲ-ն մեր անձնական օգնականը դարձնելու փոխարեն այն «մեր մայրը» դարձնել։
«Ի՞նչ համակարգեր գիտենք, որտեղ պակաս խելացի էակը կառավարում է ավելի խելացիին։ Նորածինը կարող է կառավարել մորը, քանի որ վերջինս մայրական բնազդներ ունի», – հիմնավորեց նա։
Նրա խոսքով՝ եթե ԱԲ-ն օժտենք «մոր» գործառույթներով, այն կցանկանա, որ իր «երեխաները» երջանիկ լինեն եւ լիովին բացահայտեն իրենց ներուժը, որքան էլ այն սահմանափակ լինի։
Առաջին հայացքից՝ խրթին եւ տարօրինակ առաջարկ է: Բայց, գուցե, ավելի լավ է գործնական (թեեւ տարօրինակ) առաջարկներ լսել, քան հետեւել խուճապային պնդումներին այն մասին, որ մեքենաները շուտով սպանելու են մարդկությունը:
Կարդացեք նաեւ.
«Սեւ խոռոչների արձագանքները»՝ լեգենդար Ռիք Ուեյքմանի վերադարձը Starmus VIII-ում 

«B մոլորակ» չկա կամ Նոբելյան դափնեկիրների բանավեճը Քամ Ղաֆարիանի հետ

«Աստղերի սիմֆոնիան» եւ «ճշմարտության որոնումը» Տեներիֆեում
Արա Թադեւոսյան (Տեներիֆե-Երեւան)
Mediamax.am կայքում Starmus VIII փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը Dexatel ընկերությունն է: 

Dexatel-ը բիզնեսներին հնարավորություն է տալիս տարբեր հաղորդակցման ալիքները կառավարել մեկ միասնական հարթակից։ 
Ընկերության գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ՝ ընթերցելով Dexatel-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լիլիա Եղիազարյանի հարցազրույցը. https://banks.am/am/news/interviews/31370: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *