ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է կենսաբազմազանության ֆինանսավորմանը նվիրված միջոցառումներին

Written by

in

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է կենսաբազմազանության ֆինանսավորմանը նվիրված միջոցառումներին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի   17-րդ նստաշրջանի շրջանակում կենսաբազմազանության ֆինանսավորմանը նվիրված բարձրաստիճան միջոցառումների։

«Ֆինանսական գործողություններ հանուն բնության» խորագրով ֆինանսների և շրջակա միջավայրի նախարարների երկխոսության ընթացքում հիմնական ելույթով հանդես գալով՝ Էդգար Մկրտչյանն ընդգծել է բնության արժեքի և էկոհամակարգերի քայքայման ռիսկերի հաշվառման կարևորությունը տնտեսական որոշումներում։ Նա կարևորել է կենսաբազմազանության նպատակների ներառումը հանրային ներդրումների գնահատման, ենթակառուցվածքների պլանավորման և բյուջետային քաղաքականության մշակման գործընթացներում։

Ներկայացնելով Հայաստանի փորձը՝ նախարարի տեղակալն անդրադարձել է հանրային ներդրումների կառավարման համակարգում կլիմայական և աղետների ռիսկերի առավել համակարգված հաշվառման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Էդգար Մկրտչյանը բացման խոսքով հանդես է եկել նաև «Սկզբունքներից դեպի միջազգային համագործակցություն․ կենսաբազմազանության ֆինանսավորման ներգրավում բնության պահպանության բարձր բարեվարքության չափանիշներին համապատասխանող կրեդիտների միջոցով» խորագրով հարակից միջոցառմանը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ նման գործիքները պետք է համապատասխանեն ազգային բնապահպանական առաջնահերթություններին՝ ապահովելով չափելի արդյունքներ և օգուտներ տեղական համայնքների համար։ Նա կարևորել է թափանցիկ հաշվառումն ու հուսալի մշտադիտարկումը՝ ընդգծելով, որ բնապահպանական կրեդիտները պետք է լրացնեն, ոչ թե փոխարինեն հանրային և միջազգային ֆինանսավորումը։

Միջոցառումների ընթացքում նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու միջազգային գործընկերների հետ գործնական փորձի փոխանակումն ու համագործակցությունը՝ կենսաբազմազանության պահպանության հանձնառությունները կոնկրետ տնտեսական և ֆինանսական որոշումների վերածելու և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *