«Նամակ ձմեռ պապին»
Սիրելի՛ Ձմեռ պապ…
Այս տարի քեզնից մի քանի փոքրիկ հրաշք եմ խնդրում․ թող ոչ մի երեխա չսովորի լաց լինել լուռ, ոչ մի մայր երկնքին չնայի՝ զավակի վերադարձն աղերսելով, և ոչ ոք ստիպված չլինի թաղել իր երազանքներն այն տարիքում, երբ պիտի դեռ երազել սովորեր։
Մի փոքր ջերմություն տար նրանց, ովքեր բոլորին ասում են՝ «լավ եմ», բայց գիշերներն իրենց ցավի հետ մենակ են մնում։ Վերադարձրո՛ւ մարդկանց չասված «սիրում եմ»-ները, ուշացած գրկախառնությունները, ու թեկուզ մեկ անգամ ևս՝ այն ձայները, որոնք հիմա միայն հիշողության մեջ են ապրում։
Թող այս աշխարհում ոչ ոք չհասկանա սիրո արժեքը միայն կորստից հետո, և ոչ մի սիրտ չդառնա այնքան անզգա, որ ուրիշի արցունքն այլևս չնկատի։
Իսկ ինձ համար մի բան պահիր, Ձմեռ պապ․ թող այս աշխարհի ամբողջ ցավն անցնելուց հետո ես դեռ կարողանամ սիրել մարդկանց այնպես, ինչպես կսիրեի, եթե երբեք այսքան ցավ չտեսնեի… որովհետև ամենասարսափելին այն չէ, որ աշխարհը կորցնում է իր բարությունը, այլ այն, որ մի օր մենք էլ ենք սովորում ապրել առանց դրա։
Ս.Հ.
Leave a Reply