Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027

Written by

in

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և իր «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում են «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027-ի հայտերի ընդունման մեկնարկը։

2027 թվականի մարտի 22-ից ապրիլի 6-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ կրկին հյուրընկալելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և պրոֆեսորների, ինչպես նաև ստեղծելով նոր հնարավորություններ պատանի և երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացման համար։ 2026 թվականի հաջողված մեկնարկից հետո փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով Հայաստանում դասական երաժշտության կրթության զարգացմանը, միջազգային մասնագիտական կապերի ամրապնդմանը և Երևանի՝ որպես տարածաշրջանային նշանակության դասական երաժշտության կրթական ու մշակութային կենտրոնի ձևավորմանը։

«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տալիս աշխատելու միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և պրոֆեսորների հետ, կատարելագործելու իրենց կատարողական հմտությունները և բացահայտելու մասնագիտական աճի նոր հեռանկարներ։

Ծրագրի շրջանակում նախատեսված են անհատական վարպետության դասեր, դասախոսների և մասնակիցների համերգներ, ինչպես նաև պանելային քննարկումներ՝ նվիրված երաժշտական կրթությանը, երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացմանն ու միջազգային երաժշտական կյանքում նրանց ներգրավման հնարավորություններին։

Ակադեմիա-փառատոնին կարող են դիմել ջութակի, ալտի, թավջութակի, կոնտրաբասի, ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, ֆագոտի, գալարափողի, շեփորի, տրոմբոնի, սաքսոֆոնի, նվագախմբային դասական հարվածային գործիքների և դաշնամուրի մասնագիտություններով սովորող 10-23 տարեկան պատանի ու երիտասարդ երաժիշտներ։

Յուրաքանչյուր գործիքի համար սահմանված են վարպետության դասերի մասնակցության առանձին ծրագրային պահանջներ։ Դիմելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ձեր մասնագիտությանը համապատասխանող պահանջներին և մասնակցության պայմաններին՝

●       2027 Ակադեմիայի ծրագիր

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է՝ ներառյալ։

Մասնակցության պայմաններին և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար ընտրե՛ք ձեզ համապատասխան մասնակցության կարգը։

●       Հայաստանում բնակվող և սովորող դիմորդների համար

●       Արտերկրում բնակվող և սովորող դիմորդների համար

Ակադեմիա-փառատոնի շարունակական անցկացումը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի՝ Հայաստանում դասական երաժշտության կրթության զարգացման և միջազգային մասնագիտական կապերի ընդլայնմանն ուղղված տեսլականի կարևոր մասն է։ Նախաձեռնությունը միտված է Երևանը ձևավորելու որպես տարածաշրջանային նշանակության դասական երաժշտության կրթական և մշակութային կենտրոն՝ համախմբելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, պրոֆեսորների և նոր սերնդի տաղանդավոր կատարողների։

Միացե՛ք «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնին և դարձե՛ք երաժշտական նոր փորձի, ստեղծագործական բացահայտումների ու միջազգային համագործակցության զարգացմանը նպաստող այս նախաձեռնության մի մասը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *