Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել, ջուրն անվտանգ է. ԱՆ

Written by

in

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Ծավի խմելու ջրի նոր հետազոտություններով սնդիկի պարունակության թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել։ Ջուրը կարելի է օգտագործել խմելու և կենցաղային նպատակներով, իսկ դրա որակի մոնիտորինգը կշարունակվի։

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են՝ սեպտեմբերի սկզբին ստացվել էր Ծավ բնակավայրի խմելու ջրի որակի վերաբերյալ ահազանգ, ինչի կապակցությամբ իրականացված մոնիտորինգի ընթացքում արվել էր սնդիկի պարունակության սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման վերաբերյալ նախնական եզրակացություն։

«Մինչև ջրի որակի վերաբերյալ վերջնական եզրակացության ստացումը բնակչության առողջության համար հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով բնակավայրի բնակչությունն անմիջապես ապահովվել էր անվտանգ խմելու ջրի մատակարարմամբ, և սահմանափակվել էր ենթադրյալ վտանգավորություն ունեցող ջրի կենցաղային օգտագործումը։

Ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում ջրի որակի համակողմանի ուսումնասիրության և խոր մասնագիտական գնահատման նպատակով կազմվել էր միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, որի համակարգմամբ ձևավորված մասնագիտական խմբի կողմից իրականացվել են նոր հետազոտություններ՝ նպատակ ունենալով դրանք իրականացնել սահմանված պահանջներին լիովին համապատասխան և բացահայտել վտանգի հնարավոր աղբյուրը։

Մասնագիտական խմբի կողմից իրականացվել են ջրի նոր նմուշառումներ ու նմուշապատրաստում, ինչպես նաև նմուշների մի շարք լաբորատոր հետազոտություններ՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներում։

Միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ իրականացված հետազոտությունների արդյունքներով արձանագրվել է, որ խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար»,– ասվում է հաղորդագրությունում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *