Սաուդյան Արաբիան դիտարկում է Հայաստանում նախագծերի իրականացումը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին։

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի այցը Հայաստան եւ կարեւորել Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի այս տարվա մրցանակաբաշխության արարողությունը մեր երկրում անցկացնելը։ 
«Սա մեզ համար շատ լավ ու հաճելի նորություն է։ Մենք գիտենք, որ այն շատ հեղինակավոր մրցանակ է»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության մամուլի ծառայությունը մեջբերել է Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի խոսքերը.
«Սա վերջին երկու տարվա ընթացքում իմ երկրորդ այցն է Հայաստան։ Ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, ցանկություն է առաջանում կրկին այցելել։ Փորձում եմ այնպես անել, որ իմ կինն ու ընտանիքը նույնպես այցելեն Հայաստան, ոչ թե ուղղակի ծանոթանալու երկրին, հիանալի մշակույթին ու դարավոր պատմությանը, այլեւ նախանշելու այն նախագծերը, որոնք կարող ենք համատեղ իրականացնել Հայաստանում։ 
Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման արարողությունը Հայաստանում անցկացնելը մեզ համար շատ կարեւոր է։  Նախորդ տարիների ընթացքում Հայաստանը մի շարք փուլերով է անցել, եւ այսօր մենք հիացած ենք տեսնել, թե ուր է այն հասել։ Նաեւ COP17-ն այստեղ անցկացնելն է շատ կարեւոր»։
Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու կապերի ընդլայնմանը։ 
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ։ 
Նիկոլ Փաշինյանը եւ Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման կարեւորությունը։  

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *