TikTok սոցիալական ցանցի օգտահաշիվներից մեկն օրերս հրապարակած տեսանյութի միջոցով տարածում է տեղեկություն, թե Հայաստանում 1935 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող են պետական ֆոնդից ստանալ 350 հազարական դրամի միանվագ աջակցություն:
Գումարը ստանալու համար էջն օգտատերերին ուղղորդում է մի համակարգ, որտեղ առաջարկվում է մուտքագրել միայն ծննդյան տարեթիվը․ հատկանշական է, որ համակարգը միայն այս տվյալի հիման վրա հայտնում է, որ անձը համապատասխանում է աջակցություն ստանալու պայմաններին, որից հետո ուղղորդում է օգտատիրոջը մուտք գործել Telegram սոցիալական ցանց։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է տեսանյութում առկա պնդումները, ուսումնասիրել TikTok-յան հաշիվն ու դրա առաջարկած համակարգը:
Պետական աջակցության կեղծ պնդում TikTok-ում
Պետությունից միանվագ աջակցության մասին լուրը տարածում է TikTok-յան @soraywtbdg3 օգտահաշիվը, որն առ այս պահը երկու անգամ հրապարակել է միևնույն տեսանյութը․ այլ հրապարակումներ էջում չկան։

Երկու տեսանյութերը միասին ունեն մոտ 70 000 դիտում:
Տեսանյութն օգտատերերին ուղղորդում է դեպի soc-portal{.}cfd/am/ հասցեով համակարգ, որի հասցեի (դոմեյնի) անվանումը կարող է պետական սոցիալական ծառայության հարթակի տպավորություն ստեղծել:
Սակայն, այն Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայք չէ․ համապատասխան պետական սոցիալական ծառայությունների համակարգերն ու կայքերն ունեն բոլորովին այլ հասցեներ:
Ձախ կողմում՝ ՀՀ աշխատանքի ու բարեկեցության նախարարության և դրա ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայության առցանց ռեսուրների (1, 2), աջում՝ կեղծ համակարգի արտապատկերումներ
TikTok-յան հաշվի կողմից առաջարկվող ընթացակարգը շատ պարզ է․ քաղաքացին պետք է պարզապես նշի ծննդյան տարեթիվը և ստուգի՝ արդյո՞ք իրեն հասանելի է խոստացված աջակցությունը։
Համակարգում էլ նշվում է, թե իբր արդեն մոտ 15 հազար քաղաքացի ստացել է իր 350 հազար դրամի աջակցությունը պետությունից:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական աջակցության պաշտոնական հարթակների ուսումնասիրությամբ, սակայն, այս տեղեկությունը չի հաստատվում․ նման կարգավորումներով ու չափորոշիչներով միանվագ օգնության ծրագիր պետությունը չի նախատեսում:
Պետական սոցիալական աջակցությունը տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված պայմաններով։ Օրինակ, անապահովության նպաստ ստանալու համար նախատեսված է ընտանիքի սոցիալական վիճակի գնահատում և համապատասխան դիմումի ներկայացում։ Միայն ծննդյան տարեթիվը լրացնելը բավարար չէ նման աջակցություն նշանակելու համար։
Փաստացի, տարածվող տեղեկությունը հիմնովին կեղծ է:
Ֆիշինգ․ ինչպես է աշխատում հաշվի հափշտակման սխեման
Այս մեխանիզմը բնորոշ է ֆիշինգային խաբեություններին, երբ նախ ստեղծվում է շահավետ առաջարկի պատրանք, ապա օգտատիրոջը մղում են հաջորդ գործողություններին․ գումար ստանալու իրավունքը «հաստատելուց» հետո օգտատերը հայտնվում է Telegram-ի մուտքի էջ հիշեցնող միջերեսում, որտեղ պահանջվում է նշել հեռախոսահամարը։

Ներկայացված սքրինշոթում տեսանելի է, որ էջը բացված է soc-portal.cfd հասցեում, մինչդեռ դրա կենտրոնում տեղադրված են Telegram-ի տարբերանշանը, «Sign in to Telegram» գրությունը և հեռախոսահամարի մուտքագրման դաշտը։
Սա էական հանգամանք է․ օգտատերը Telegram-ի մուտքի տվյալները լրացնելու առաջարկ է ստանում ոչ թե Telegram-ի պաշտոնական հասցեում, այլ սոցիալական աջակցություն խոստացող երրորդ կողմի կայքում․ նման մեխանիզմը կիրառվում է Telegram հաշիվներին չարտոնված հասանելիություն ստանալու նպատակով։
Հաստատման կոդը կամ մուտքի թույլտվությունը հանցագործներին փոխանցելու դեպքում նրանք կարող են մուտք ստանալ հաշվին․ սխեման նկարագրում է հավանական ֆիշինգային մեխանիզմը։
Telegram հաշիվ մուտք գործելու համար հեռախոսահամարը նշելուց հետո կարող է պահանջվել հաստատման կոդ։ Եթե օգտատերը այդ կոդը մուտքագրի կեղծ կայքում, իսկ կայքի օպերատորները այն օգտագործեն իրական Telegram մուտքի գործընթացում, հնարավոր է դառնում չարտոնված մուտքը։
Կարևոր է ընդգծել, որ միայն հեռախոսահամարը լրացնելը սովորաբար բավարար չէ Telegram հաշիվը հափշտակելու համար։ Վտանգը մեծանում է, երբ օգտատերը տրամադրում է հաստատման կոդը, գաղտնաբառը կամ հաստատում է չարտոնված մուտքը։
Հաշիվը վերահսկելու հնարավորություն ստանալուց հետո հանցագործները կարող են օգտագործել այն այլ անձանց խաբելու, օգտատիրոջ անունից հաղորդագրություններ ուղարկելու, հասանելի զրույցների տեղեկություններն ուսումնասիրելու կամ նոր ֆիշինգային հղումներ տարածելու համար։
Այսպիսով, հաշվի հափշտակման սխեմային բնորոշ է գայթակղիչ խոստումը, այս դեպքում TikTok-ում առաջարկվում է 350 հազար դրամ պետական օգնություն, տվյալների կեղծ ստուգումը՝ մուտքագրված ընդամենը մեկ անձնական տվյալի հիման վրա համակարգը հաստատում է տալիս, ապա Telegram-ի մուտքի էջ՝ օգտատիրոջից պահանջվում է հեռախոսահամար, հնարավոր է՝ հետագայում նաև հաստատման կոդ, որը կարող է հանգեցնել հաշվի հափշտակման:
Ինչպես պաշտպանվել
ՀՀ Ներքին գոծերի նախարարության Կիբեռոստիկանությունը նախկինում արդեն զգուշացրել է TikTok-ում տարածվող նմանատիպ խաբեության մասին։ Այդ դեպքում քաղաքացիներին խոստացվել էր 300 հազար դրամ՝ իբր սոցիալական հիմնադրամից։ Ոստիկանության հաղորդմամբ՝ հրապարակումների իրական նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալները ձեռք բերելն էր։
Կիբեռհանցագործությունների թիվն աճում է․ ինչպես է Հայաստանը պայքարում դրանց դեմ
Կիբեռոստիկանությունը խորհուրդ է տալիս չանցնել կասկածելի հղումներով և չլրացնել անձնական տվյալներ այն կայքերում, որոնց պաշտոնական լինելը հաստատված չէ։
Եթե քաղաքացին արդեն մուտքագրել է իր Telegram-ի հաստատման կոդը նմանատիպ կայքում, անհրաժեշտ է անհապաղ բացել Telegram-ի Settings → Devices բաժինը և դադարեցնել անծանոթ ակտիվ սեսիաները, այսինքն՝ Telegram-ից դուրս հանել այն հեռախոսները, համակարգիչները և այլ սարքերը, որոնցով այլոք կարող են մուտք գործած լինել ձեր հաշիվ․ օրինակ՝ եթե խաբեբան ստացել է ձեր Telegram-ի հաստատման կոդը և մուտք գործել հաշիվ, նրա սարքը կարող է հայտնվել Telegram-ի միացված սարքերի ցանկում։
YouTube-ում առկա են համապատասխան ուղեցույցներ։
Կարևոր է նաև միացնել երկքայլ հաստատումը՝ Settings → Privacy and Security → Two-Step Verification, որպեսզի միայն SMS-ով կամ Telegram-ով ստացված կոդը բավարար չլինի հաշիվ մուտք գործելու համար։
Նանե Մանասյան

Leave a Reply