«Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը
———-
Փիիսոփայական հենք
Հիմ Հունաստանում Հիբրիսը (հին հունարեն՝ ὕβρις) բնորոշում էր մարդու, մասնավորապես՝ կառավարչի չափազանց ինքնավստահ և ամբարտավան վարքագիծը, որն աստվածներն ընկալում էին որպես իրենց ուղղված մարտահրավեր։
Հոմերոսյան ավանդույթում հիբրիսը նշանակում էր աստվածային կամքի ոտնահարում, մարդու՝ սեփական սահմաններն անտեսելու և իրեն աստվածներին հավասարեցնելու կամ աստվածային կարգից վեր դասելու ձգտում։ Մեր դեպքում ազգային ինքնության՝ դրվածքի ոտնահարում, որը կարող է փլուզել ողջ ազգային կառուցվածքը։ Նման վարքագիծը, ըստ հին հունական պատկերացումների, անխուսափելիորեն հանգեցնում էր աստվածային հատուցման՝ նեմեսիսի։
Հունական դիցաբանության մեջ Հիբրիսը հանդես է գալիս նաև որպես անձնավորված աստվածուհի՝ մարմնավորելով անզուսպ գոռոզամտությունն ու հանդգնությունը։ Հիբրիսի նկատմամբ գիտական հետաքրքրության վերածնունդը կապված է պատմաբան Առնոլդ Թոյնբիի պատմափիլիսոփայական ուսումնասիրությունների, ինչպես նաև հետարդիականության փիլիսոփայության, մասնավորապես՝ Միշել Ֆուկոյի և այլ մտածողների աշխատությունների հետ։
Թոյնբիի մեկնաբանությամբ սահմանափակող արգելանքների փլուզման հետևանքով կառավարիչը կարող է կորցնել իրականության զգացողությունը, գերագնահատել սեփական հնարավորությունները և հավատալ իր անխոցելիությանն։ Այդպիսի ինքնավստահությունը կարող է հանգեցնել ճակատագրական սխալների, որոնց հաջորդում են անկումն ուհատւցումը՝ նեմեսիսը։
Պոստմոդեռնիստական մտածողության շրջանակներում հիբրիսը դիտարկվում է նաև հասարակական և մշակութային գործընթացների համատեքստում՝ որպես չափի զգացողության կորուստ, անզսպություն և հաստատված սահմանների նկատմամբ արհամարհանք։
Դրա բնորոշ դրսևորումներն են՝
– Սեփական անձի նույնացումը պետության և ազգային շահերի հետ։
– Սեփական պատմական առաքելության և անփոխարինելիության նկատմամբ անսասան համոզմունքը։
– Քննադատության և այլընտրանքային տեսակետների նկատմամբ անհանդուրժողականությունը։
– Քաղաքական ընդդիմախոսներին ոչ թե որպես մրցակիցներ, այլ որպես պետությանն սպառնացող ուժեր ներկայացնելը։
Հին հունական պատկերացումներում հիբրիսին հաճախ հաջորդում էր նեմեսիսը՝ աստվածային հատուցումը, որը կործանման էր
հասցնում սեփական բացառիկությանը հավատացած մարդուն։ Սակայն, նման կառավարչի անփառունակ վախճանը կարող է անուղղելի հարված լինել նաև նրա հառավարման տակ գտնվող հանրույթի համար, եթե այդ հանրույթը չի փորձում միավորվել և նրան հեռացնել։
Բացասական իմաստով խուցպան նշանակում է անամոթություն, ցուցադրական անպատկառություն և չափի զգացողության իսպառ բացակայություն։
Քաղաքականության մեջ խուցպան կարող է դրսևորվել այն ժամանակ, երբ կառավարիչը սեփական վիճահարույց գործողությունները ոչ միայն չի համարում սխալ, այլև դրանք օգտագործում է իր ընդդիմախոսներին բարոյական մեղադրանքներ ներկայացնելու համար։
Այս երկու հասկացությունների համադրությամբ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում կառավարության փաստացի պետի 2026 թվականի հոկտեմբերի 25–26-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո նրա կողմից արված հայտարարությունները։
Իր բնորոշմամբ՝ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» փաստացի ջախջախվել է։ Միաժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ որոշ համայնքներում իշխանամետ ուժերը ստանում են ձայների 70–90 տոկոսը, և խոսեց նոր՝ պետականամետ ընդդիմության ձևավորման անհրաժեշտության մասին։ Ընդ որում՝ ընդգծեց, որ այդպիսի ընդդիմության ձևավորումը չպետք է լինի կառավարության գործը։
Քաղաքական հոգեբանության տեսանկյունից այս դիրքորոշումը կարելի է դիտարկել երկու հարթությունում։
Երբ վարչապետ կոչվածը փաստացի սկսում է որոշել, թե որ ընդդիմությունն է պետականամետ, իսկ որը՝ «պատերազմի կուսակցություն» կամ օտար ուժերի շահերը սպասարկող քաղաքական միավոր, առաջանում է սկզբունքային հարց. արդյոք նա իրեն չի՞ վերապահում թույլատրելի քաղաքական մրցակցության սահմանները որոշելու իրավունքը։ Ժողովրդավարական պետությունում ընդդիմության օրինականությունն ու քաղաքական ներկայացվածությունը պետք է որոշվեն օրենքով և ընտրողների կամարտահայտությամբ, ոչ թե գործադիր իշխանության ղեկավարի գնահատականներով։
Կառավարիչը սկսում է պետական շահերի սեփական ընկալումը համարել միակ ճշմարիտը՝ աստիճանաբար նույնացնելով սեփական քաղաքական դիրքորոշումը պետության շահերի հետ։ Այս տրամաբանությամբ իշխանությանը հակադրվելը կարող է ներկայացվել որպես պետության շահերին հակասող գործունեություն։
Սա հիբրիսի առավել վտանգավոր դրսևորումներից մեկն է, որովհետև կառավարիչը աստիճանաբար կորցնում է սեփական իշխանության և պետության միջև տարբերությունը տեսնելու կարողությունը։
Երկրորդ՝ խուցպայի դրսևորումը, առավել պարադոքսալ է այն իրավիճակը, երբ իշխող կուսակցության ղեկավարը նախ հայտարարում է իր հիմնական քաղաքական հակառակորդների ջախջախման մասին, իսկ այնուհետև մտահոգություն արտահայտում երկրում լիարժեք ընդդիմության բացակայության կապակցությամբ։ Այս հակասությունը կարելի է մեկնաբանել որպես քաղաքական խուցպայի դրսևորում։
Մի կողմից նա ողջունում է իր մրցակիցների պարտությունը և ներկայացնում այն որպես կարևոր ձեռքբերում։ Մյուս կողմից հանդես է գալիս քաղաքական բազմակարծության պաշտպանի դիրքերից և սկսում քննարկել, թե ինչպիսի ընդդիմություն է անհրաժեշտ պետությանը։
Հետևաբար, երբ կառավարիչը հայտարարում է, թե ինչպիսի ընդդիմություն է անհրաժեշտ երկրին, դա կարող է ընկալվել որպես քաղաքական մրցակցության բովանդակությունը վերահսկելու հավակնություն։
Ինչո՞ւ է վտանգավոր հյուբրիսի և խուցպայի համադրությունը
Խուցպան, իր հերթին, հնարավորություն է տալիս այդ որոշումները հրապարակայնորեն ներկայացնել որպես անվիճելիորեն ճիշտ և արդարացված՝ անտեսելով սեփական հայտարարությունների և գործողությունների միջև առկա հակասությունները։
Արդյունքում ձևավորվում է յուրօրինակ քաղաքական մտածողություն. «Իմ իշխանությունն անհրաժեշտ է պետությանը։ Հետևաբար իմ իշխանության դեմ պայքարը հակասում է պետության շահերին։ Եվ քանի որ ես պաշտպանում եմ պետությունը, իմ քաղաքական հակառակորդների նկատմամբ ցանկացած գործողություն արդարացված է»։
Փաշինյանի քաղաքական վարքագծի դիտարկման տեսանկյունից ամենահետաքրքիրն անգամ հիբրիսի կամ խուցպայի առանձին դրսևորումները չեն, այլ այն հնարավորությունը, որ դրանք վերածվել են քաղաքական կառավարման գործելակերպի։
Ի վերջո, քաղաքական համակարգը, որտեղ իշխանությունն այլևս չի տեսնում իրեն հավասարազոր և օրինական մրցակիցների, կարող է աստիճանաբար կորցնել նաև հասարակական իրական տրամադրություններն ընկալելու կարողությունը։
Եվ հենց այստեղ է առաջանում «սև կարապի» վտանգը՝ անսպասելի իրադարձության կամ գործընթացի, որն ի վիճակի է կարճ ժամանակահատվածում արմատապես փոխելու քաղաքական ուժերի հարաբերակցությունը։
Մի կողմ դնենք այն, որ տիտղոսային ընդդիմությունը միշտ փորձում է ինչ-որ կերպ արձագանքել նրա խուցպային, բայց քարացած ու պարզունակ մտածողության պատճառով չի կարողանում սեփական նախաձեռնություններով օրակարգ թելադրել ու իրադարձություններից միշտ ետ է մնում։ Սա մեկ այլ, առանձին քննարկելու թեմա է»։
դիտվել է 22 անգամ
Leave a Reply