Արժանապատի՛վ հայրենակիցներ,
Ո՛չ գլխադասային հանձնաժողովում, ո՛չ էլ այսօր այս ամբիոնից ԱԳ նախարարը չպատասխանեց հարցերին, թե Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սահմանային ու մաքսային հսկողության կանոնները «ԹՐԻՓ»-ի շրջանակում Հայաստանի Հանրապետությո՞ւնն է որոշելու, թե՞ դրանք կարող են փոփոխվել օտարերկրյա շահերի ու պայմանավորվածությունների շրջանակում։
Պարզեցումների անվան տակ կարող է Ադրբեջանի համար ստեղծվել հատուկ իրավական ռեժիմ, ինչի մասին քանիցս հայտարարել է ձեր գործընկեր Իլհամ Ալիևը, երբ պնդել է, որ ադրբեջանցին հայի երես չպետք է տեսնի, տիկի՛ն Երեմյան։
Բաքվի հայտարարությունները էքստերիտորիալ՝ արտատարածքային տրամաբանության շրջանակում են։
Փարատե՛ք այդ մտահոգությունները և ամբողջ ծավալով՝ մինչև Թրիփ նախագծի վավերացումը հրապարակե՛ք, թե ՀՀ որ օրենքում ինչ է փոխվելու և ինչու է փոխվելու։
Ուստի՛, ազնի՛վ ու բա՛ց եղեք ՀՀ քաղաքացու նկատմամբ, ուղի՛ղ ասեք՝ ինչ ռեժիմ է գործելու անխոչընդոտ անցում ձևակերպման ներքո։
Դուք նշում եք, որ Սահմանադրական դատարանը քննել է TRIPP շրջանակային համաձայնագիրը և այն ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող՝ արձանագրելով, որ որևէ դրույթ չի հակասում ՀՀ ինքնիշխանությանը։ Բայց ՍԴ-ն չի գնահատել, դիցուք, Պետական սահմանի մասին օրենքի հնարավոր փոփոխությունը։
Երաշխավորե՛ք, որ TRIPP-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող ցանկացած անձ, տրանսպորտային միջոց և բեռ ենթակա է ՀՀ Մաքսային օրենսգրքով և «Սահմանային հսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր և ստանդարտ ընթացակարգերին, և որ Ադրբեջանի քաղաքացիների կամ բեռների համար չեն սահմանվելու այնպիսի բացառություններ կամ պարզեցված ռեժիմներ, որոնք նախատեսված չեն ՀՀ գործող օրենսդրությամբ։
Արժանապատի՛վ հայրենակիցներ, դուք պետք է իմանաք, որ ՔՊ-ականների քաղաքական հայտարարությունները չունեն իրավական ուժ, իսկ վավերացվող համաձայնագիրը դառնալու է ներպետական օրենքներից գերակա իրավական ակտ։
Եվ ամենակարևորը՝ սկզբում խաղաղության համաձայնագիր, հետո՝ Թրիփ։ Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու։
Leave a Reply