27֊ի կրակոցները, որ շարունակվում են մինչ այսօր

Written by

in

Սկսված կամ տեղի ունեցած որևէ բան ավարտելու համար վերջացնելը պարտադիր պայման է։ Հակառակ դեպքում հետևանքը և շարունակությունը երաշխավորված են, հատկապես երբ խոսքը գնում է երևույթների մասին, որոնց շարունակական ազդեցությունը կախված չի ժամանակից, և ավարտը պայմանավորված է գործընթացի անտեսանելի տևողության կասեցման հետ։

Հոկտեմբերի 27֊ի փամփուշտները թաթախված էին իրար կողքի դրված տարբեր գույների թույներով լցված տարաների մեջ։ Ամեն մի պատրոն իր թիրախն ուներ՝ իշխանական, հոգեբանական, մարդկային, տղամարդկային, ընկերական, ֆինանսական, ազգային, պատմական և այսպես… Կրակահերթերը ամեն ինչ փոխեցին, բայց պարկուճից արձակված գնդակներից գլխավորները խփեցին Անկախ Հայաստանի պետականության դեմքին ու ընթացքին և սպանեցին տիրոջ հոգեբանությունը հայկական հանրապետությունում։ Որբության և դատարկության վակումը այդպես էլ չլցվեց։

Դրանից հետո եղածը իմիտացիա էր։ Մի բան էր, որը Շարժում չէր, այլ տեղում դոփել էր՝ շրջված դեպի ետ (ոչ թե անցյալ)։ Իսկ հետոն աղետն էր, որը պիտի լիներ, քանի որ երբ որ ապաշխարհություն, սխալների ուղղում, հանցանքների կրկնության բացառում, պատճառահետևանքային կապի իմաստի չեզոքացում և վերաիմաստավորում չի լինում, լինում է կործանման արարը իր քանդման տեսարաններով։

Եվ այսօր էլ Հոկտեմբերի 27֊ի կրակոցների ձայնը լսվում է, ու փամփուշտներն էլ տաք են պահվում, քանի որ 27 տարի առաջ այս ամսի 27֊ին հանուն Հայկականության սպանվածները իրենց կյանքը դրեցին նրա համար, որ չլինի այն, ինչն այսօր տեղի է ունենում մեր աչքի առաջ։

Սակայն երբ մի բան նյութապես ավարտվում է երկրի վրա, իր աննյութեղեն շարունակությունն է գտնում հավերժության մեջ` յուր հետագիծը թողնելով աշխարհի երեսին։ Սա է արարչության անավարտության տիեզերական շրջապտույտը, որի լինելիությունը երկնային պարգև է երկրայիններիս՝ ձրիաբար հատկացված, որպեսզի ոչ ոք ու ոչինչ չկորչի երբեք։

Եվ մեզ մնում է դարձ ի շրջանս յուր կատարել ու կանգնել 1999 թվականի հոկտեմբեր 27֊ի օրվա եզրագծին, այնտեղ որտեղ ընդհատվեց այն, ինչի համար հավաքվել էինք 1988 թ.-ին և շարունակել կյանքի գիծը մի երկրի, պետության, անկախության, ազատության և այն գաղափարի, ինչի համար նրանք այսօր սպանվեցին։

Ռուբեն Վարդանյան
Պատմաբան, հրապարակախոս

դիտվել է 10 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *