Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

Written by

in

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ բժիշկ, բանաստեղծ և ազգային գործիչ Յակոբ Այնթապլեանի «Ես քեզի կու գամ» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։

Բանաստեղծությունների ընտրանին ամփոփում է գրեթե հինգ տասնամյակի ընթացքում հեղինակի ստեղծած քերթվածները, որոնք բժիշկ մտավորականի հույզերի, մտորումների և հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո դրսևորումներն են։

Բժիշկ-մտավորականի անցած ուղին ներկայացրեց գրադարանի երիտասարդ աշխատակցուհի Անիտա Ստեփանյանը՝ նշելով, որ  նրա հետաքրքրություններն ու ձգտումները չեն սահմանափակվել մասնագիտական հաջողություններով, այլ ընդգրկել են մարդկային և ազգային նշանակության խնդիրներ։

Օրվա բանախոսը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանն էր, ով մասնավորապես նշեց․ «Բանաստեղծությունների ժողովածուն Այնթապլեանի կերպարի միայն մի մասն է, քանզի Այնթապլեանի երևույթը բացառիկ է մեզ համար և մեր օրերի համար։ Այն դեպքում, երբ շատերը լքում են հայրենիքը, ուրանում այն կամ ապահով անկյուններ որոնում աշխարհի տարբեր «պուճախներում», Այնթապլեանը, թողնելով իր ամբողջ ունեցվածքն ու կարողությունները և հնարավորինս շատ բան վերցնելով իր հետ, կնոջ հետ եկավ հայրենիք։

Պարոն Այնթապլեանի կերպարում ձևավորվում է մեր ժամանակի հերոսը, քանզի նրա կերպարում խորապես դրսևորվում են ազգի դրական հատկանիշները, և նա  գործնական հայրենասիրության օրինակ է ծառայում։

Այն նվիրումը, որ ունի Այնթապլեանը հայ գրի, հայ մշակույթի և հայոց լեզվի հանդեպ, բացառիկ է։ Իմ պատկերացմամբ՝ նա ներկայանում է որպես մեր ժամանակի հերոս, հայ մարդու մի կերպար, որը, ինքնազոհողությամբ թողնելով հարմարավետ կյանքը, հանգրվանել է մեր դժվարին իրականության մեջ և ձգտում է այդ իրականության մեջ պահպանել հայրենիքի ոգին ու ապագայի տեսլականը»։

Իր երախտագիտության խոսքում Այնթապլեանը պատգամ հղեց ներկաներին․ «Կյանքը մի միջոց է, որ մարդն իր կարողությունները, նպատակները, գաղափարները իրականացնի։ Հարստությունը նպատակ չպիտի լինի, այլ միջոց նպատակը իրականացնելու համար»։

Գրքի շնորհանդեսին ելույթ ունեցավ երգիչ Արսեն Զաքարյանը՝ ստեղծելով ջերմ ու անմիջական մթնոլորտ։

Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան «Ես քեզի կու գամ» գիրքը՝ հեղինակի մակագրությամբ։

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Կապանի Էլեկտրոնային Գրադարան ֆեյսբուքյան էջից

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *