Ներկայացնում ենք Reuters-ի Trump donor leading Caucasus fund has major Armenia holdings, Russia business history հոդվածի հայերեն թարգմանությունը (մասնակի կրճատումներով):
Ջոնաթան Լանդեյ, Ալեքսանդրա Ուլմեր, Մարիա Ցվետկովա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կովկասում $201 միլիոն ծավալով ներդրումային հիմնադրամը ղեկավարելու համար ընտրված անձը խոշոր ակտիվներ ունի տարածաշրջանի հեռահաղորդակցության եւ հանքարդյունաբերության ոլորտներում, իսկ նախկինում ղեկավարել է դեպի Ռուսաստան կողմնորոշված ներդրումային ընկերություն, որն ակնհայտորեն ցուցադրում էր իր սերտ կապերը Կրեմլի հետ։ Այս մասին են վկայում Reuters-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը։
Ռուսական ծագմամբ 51-ամյա գործարար Կոնստանտին Սոկոլովը հունվարին նշանակվել էր մի ներդրումային կառույցի ղեկավար, որն այժմ կոչվում է Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամ (Trans-Caspian Enterprise Fund)։
Reuters-ի տվյալներով՝ նրան են պատկանում խոշոր բաժնեմասեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Viva Armenia-ում, իսկ այս տարվա սկզբին նա ձեռք է բերել Հայաստանի ծավալով երկրորդ պղնձամոլիբդենային հանքավայրը՝ այդ գործարքի համար ստանալով ԱՄՆ հատուկ թույլտվությունը։
Reuters-ի կողմից ամերիկյան երեք այլ նմանատիպ հիմնադրամներին առնչվող հանրային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում տվյալներ ձեռք չեն բերվել այն մասին, որ դրանց ղեկավարներից որեւէ մեկը խոշոր ներդրումներ ունենա այն երկրներում, որտեղ գործում են հիմնադրամները։
Reuters-ի նյութերին ծանոթացած էթիկայի հարցերով վեց փորձագետների կարծիքով՝ Սոկոլովի բիզնես շահերը առաջացնում են շահերի բախում. պաշտոնը նրան վերահսկողություն է տալիս պետական միջոցների նկատմամբ, որոնք կարող են օգուտ բերելու իր ընկերություններին։
«Կարծում եմ՝ Կոնգրեսը պետք է հարցեր բարձրացնի», – հայտարարել է Սանտա Կլարայի համալսարանի էթիկայի հարցերով փորձագետ Էնն Սկիտը։
Reuters-ը Սոկոլովի կողմից որեւէ խախտումներ չի հայտնաբերել։ Նման ներդրումային հիմնադրամների գործունեությունը կարգավորող ԱՄՆ օրենսդրությունը չի արգելում ղեկավարներին ներդրումներ ունենալ այն տարածաշրջաններում, որտեղ գործում են հիմնադրամները։
Սոկոլովի IJS Investments մասնավոր ներդրումային ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ հիմնադրամին արգելված է ներդրումներ կատարել նրա ձեռնարկություններից որեւէ մեկում, եւ որ Սոկոլովը կատարել է «համալիր ստուգման եւ անվտանգության բոլոր պահանջները»։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Trans-Caspian Enterprise Fund-ը պահպանելու է տարեկան հաշվետվողականության պահանջները եւ ենթարկվելու է անկախ աուդիտի։
Սոկոլովը ընդգրկված է Սպիտակ տանը Թրամփի պարասրահի նախագծի 37 կորպորատիվ եւ մասնավոր հովանավորների ցանկում։ Ինչպես հաղորդել էր The Washington Post-ը, այդ նախագծի համար նա նվիրաբերել է $1 միլիոն։
Բացի այդ, Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, Սոկոլովը շուրջ $13 միլիոն է նվիրաբերել Հանրապետական քաղաքական կազմակերպություններին։
Հաջողության ալիքի վրա՝ Հայաստանում
Տրանսկասպյան հիմնադրամը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում առեւտրային երթուղիների ու ներդրումների զարգացմանն ուղղված ԱՄՆ ավելի լայն ջանքերի մի մասն է, որոնք կարող են նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը ռուսական եւ չինական ենթակառուցվածքներից։
Հիմնադրամի տնօրենների խորհուրդը, որը գլխավորում է Սոկոլովը, լիազորված է դրամաշնորհներ եւ վարկեր տրամադրել եւ ներդրումներ իրականացնել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում։ Հիմնադրամի կայքում որպես ներդրումային հիմնական առաջնահերթություններ նշված են կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերը, էներգետիկան եւ երկաթուղային ենթակառուցվածքները։
Վերջին տարիներին Սոկոլովն արագորեն ընդլայնում էր իր բիզնես ներկայությունը Հայաստանում։ 2024 թվականի հունվարին նա չինացի գործընկեր Չժե Չժանի հետ համատեղ ձեռք բերեց Viva Armenia-ն Ռուսաստանի խոշորագույն ՄՏՍ օպերատորից:
Չժանը՝ Չինաստանի առեւտրի նախարարության նախկին դիվանագետը, չպատասխանեց մեկնաբանություն տալու մեր հարցումներին։ Viva Armenia-ում եւս մեկնաբանություններից ձեռնպահ մնացին։
Ավելի ուշ Սոկոլովի՝ Տեխասում տեղակայված Dynamic Frontier Holdings ընկերությունը հայտնեց, որ հունիսի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակից (OFAC) թույլտվություն է ստացել հայկական Թեղուտի հանքավայրը պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պետական ՎՏԲ բանկից գնելու համար։
OFAC-ի լիցենզիաները թույլատրում են գործարքներ, որոնք այլ հանգամանքներում կարգելվեին ԱՄՆ պատժամիջոցներով, եւ դրանց ձեւակերպումը, որպես կանոն, տեւում է մի քանի ամսից մինչեւ մի քանի տարի։
Սոկոլովը եւ Թեղուտի հանքավայրի ներկայացուցիչը չեն պատասխանել հարցերին այն մասին, թե երբ են առաջին անգամ դիմել լիցենզիա ստանալու համար։ Թեղուտի ներկայացուցիչը հայտարարել է, որ գործարքի լիցենզիաներն ու թույլտվությունները ստացվել են OFAC-ի «ստանդարտ անկախ կարգավորող ընթացակարգի» շրջանակներում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը եւ ՎՏԲ-ն չեն պատասխանել մեկնաբանություն տալու մեր հարցումներին։
Ռուսական անցյալը
Սոկոլովի կենսագրության մեջ, որը տեղադրված է նրա անձնական կայքում, նշված է, որ նա մեծացել էր Սանկտ Պետերբուրգի համեստ ընտանիքում եւ բացասաբար էր տրամադրված խորհրդային իշխանությունների հանդեպ, որոնք աքսորել էին նրա տատիկին: Նաեւ նշվում է, որ նա ԱՄՆ է արտագաղթել 21 տարեկանում՝ Խորհրդային Միության փլուզումից մի քանի տարի անց:
Սակայն, Reuters-ի կողմից կորպորատիվ եւ պետական փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տվել, որ նրա կապերը Ռուսաստանի հետ պահպանվել են ԱՄՆ մեկնելուց հետո:
«Եթե ես լինեի ԱՄՆ կառավարությունում, կպահանջեի գաղտնի տեղեկատվությանը հասանելիության շատ մանրակրկիտ ստուգում անցկացնել», – հայտարարել է Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Փեյնթերը, որը նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք աշխատել է որպես էթիկայի հարցերով իրավաբան:
Reuters-ի կողմից ուսումնասիրված Լիխտենշտեյնում գրանցված եւ այժմ գործունեությունը դադարեցրած Gotthard Investment Fund հիմնադրամի 2015 թվականի գովազդային բրոշյուրում Սոկոլովը նշված էր որպես հիմնադրամի կառավարիչ: Բրոշյուրում ընդգծվում էին «վերջին 20 տարիների ընթացքում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի կառավարությունների եւ դաշնային կառավարության հետ ձեւավորված ամուր եւ տեւական անձնական ու պրոֆեսիոնալ վստահելի հարաբերությունները»:
Հիմնադրամի ծրագրերի նախկին ղեկավարը, որը ցանկացավ անհայտ մնալ, Reuters-ին հաստատել է բրոշյուրի իսկությունը:
Սոկոլովի փաստաբանները հայտարարել են, որ նա բրոշյուրը իսկական «չի համարում», իսկ դրա պատկերված լոգոն, ամենայն հավանականությամբ, հիմնադրամը չի օգտագործել:
«Պարոն Սոկոլովը ոչ մի հարաբերություն չունի ո՛չ Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների, ո՛չ էլ Ռուսաստանի կառավարության հետ», – ասել է նրա ներկայացուցիչը Reuters-ին:
Ուղեւորությունների մասին տվյալների Reuters-ի ուսումնասիրությունների համաձայն, Սոկոլովն ռուսական անձնագիր օգտագործել է միջազգային ուղեւորությունների համար առնվազն մինչեւ 2016 թվականը:
Պատասխանելով Սոկոլովի հետ կապված իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին՝ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Մենք չգիտենք, թե ում մասին եք խոսում»:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply