Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման. Նաիրի Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

Written by

in

Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման: Այս մասին հայտնում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքները մեր պետությունն ու հասարակությունը զգում են մինչ օրս։ Այն ոչ միայն պետական գործիչների սպանություն էր, այլև դավադիր հարված Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանն ու ապագայի հանդեպ ձևավորված հույսին։

Այդ օրը մենք կորցրինք գործիչների, որոնք ունեին պետականաշինության հստակ տեսլական և իրենց փորձն ու վճռականությունը ծառայեցնում էին Հայաստանի ու Արցախի անվտանգությանն ու հզորացմանը։ Նրանց սպանությամբ երկիրը զրկվեց զարգացման պատմական հնարավորությունից։

Տարիներ անց հոկտեմբերի 27-ը շարունակում է մնալ մեր պետականության չբուժված վերքը։ Այս էջը չի կարող փակված համարվել, քանի դեռ հասարակությունը չի ստացել բոլոր հարցերի սպառիչ պատասխանները, իսկ ոճրագործության կազմակերպիչներն ու բոլոր հանգամանքները բացահայտված չեն։

Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման։

Ուժեղ պետությունը սկսվում է սեփական պատմության հետ ազնիվ առերեսումից։ Մենք իրավունք չունենք մոռանալու կամ համակերպվելու կիսատ թողնված արդարադատության հետ։

Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մեր ողջ ժողովրդին։ Նրանց հիշատակի հանդեպ մեր մեծագույն պարտքն է կերտել այնպիսի Հայաստան, որի մասին նրանք երազում էին՝ ինքնիշխան, անվտանգ, արդար և իրավական։

Հավերժ փառք և խոնարհում զոհերի հիշատակին»,- նշել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *