2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվեցին համամասնական, իսկ երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկերը և պարզել, որ համամասնական ընտրակարգով քվեարկություն անցկացնող 19 համայնքներից 15-ում առաջադրվել էր առավելագույնը երեք քաղաքական ուժ։ Ընդ որում, հինգ համայնքում մասնակցում էր միայն մեկ կուսակցություն, վեցում՝ երկու, իսկ չորսում՝ երեք քաղաքական ուժ։
Այս հանգամանքը կարևոր է, քանի որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը նախատեսում է հատուկ կարգավորումներ, որոնց համաձայն՝ որոշ դեպքերում կուսակցություններն ու դաշինքները կարող են մասնակցել ավագանու մանդատների բաշխմանը՝ նույնիսկ չհաղթահարելով ընտրական շեմը։
Ինչպե՞ս է գործում ընտրական շեմը
ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրություններում մանդատների բաշխմանը, որպես ընդհանուր կանոն, մասնակցում են առնվազն 4 տոկոս ձայն ստացած կուսակցությունները և առնվազն 6 տոկոս ստացած կուսակցությունների դաշինքները։
Սակայն նույն հոդվածը նախատեսում է բացառություն․ եթե ընտրական շեմը հաղթահարել են երեքից պակաս քաղաքական ուժեր, մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երեք ուժերը։
Այսինքն՝ եթե ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք կուսակցություն կամ դաշինք, ապա երեքն էլ կարող են մասնակցել մանդատների բաշխմանը՝ անկախ ընտրական շեմը հաղթահարելու հանգամանքից։
Նույն սկզբունքը գործում է երկու քաղաքական ուժի մասնակցության դեպքում։ Քանի որ ընտրություններին մասնակցում են ընդամենը երկու ուժեր, երկուսն էլ ընդգրկվում են մանդատների բաշխման գործընթացում։
Սակայն այստեղ կարևոր է տարբերակել մանդատների բաշխմանը մասնակցելը և փաստացի մանդատ ստանալը։ Ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժը կարող է մասնակցել մանդատների բաշխմանը, բայց նրա ստացած ձայների քանակը շարունակում է նշանակություն ունենալ մանդատների վերջնական հաշվարկի համար։
Այլ կարգավորում է գործում այն համայնքներում, որտեղ ընտրություններին մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ։
Հինգ համայնքում՝ միայն «Քաղաքացիական պայմանագիրը»
Հոկտեմբերի 25-ի ընտրություններին հինգ համայնքներում առաջադրվել էր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը։
Դրանք են՝ Արմավիր, Ախուրյան, Վարդենիս, Վայք և Գառնի համայնքները։
Այս համայնքներում ընտրողներն այլ կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկելու հնարավորություն չունեին։
Սակայն մեկ քաղաքական ուժի մասնակցությունը դեռ չի նշանակում, որ այդ ուժն ինքնաբերաբար հաղթող է ճանաչվում։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մեկ կուսակցության մասնակցության դեպքում քվեաթերթիկում նախատեսվում է նաև «դեմ» քվեարկելու հնարավորություն։ Միակ մասնակից ուժի ընտրական ցուցակը պետք է ստանա քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, որպեսզի ավագանին ընտրված համարվի։
Հետևաբար, նշված հինգ համայնքներում ընտրության հիմնական հարցը ոչ թե այն է, թե որ կուսակցությունը կհաղթի մրցակցությանը, այլ՝ արդյոք ՔՊ-ն կստանա ընտրողների անհրաժեշտ աջակցությունը։
Օրինակ, Արմավիրում ՔՊ կուսակցությանը դեմ է քվեարկել 479 ընտրող կամ ընտրության մասնակիցների 3,43%,
Ախուրյանում՝ 829 կամ 7,06%,
Վարդենիսում՝ 578 կամ 5,68%,
Վայքում՝ 148 կամ 3,39%,
Գառնիում՝ 185 կամ 5,38%:
Վեց համայնքում՝ երկու քաղաքական ուժ
Համամասնական ընտրակարգով վեց համայնքներում առաջադրվել էին երկուական քաղաքական ուժեր։
| Համայնք | Մասնակից քաղաքական ուժեր |
| Արաքս | «Արդարություն» դաշինք, ՔՊ |
| Գորիս | «Հայկական քվե» դաշինք, «Համերաշխություն» դաշինք |
| Ջերմուկ | «Ապրելու երկիր», ՔՊ |
| Իջևան | «Ինքնիշխան Հայաստան», ՔՊ |
| Հրազդան | ՀՅԴ, ՔՊ |
| Ծաղկաձոր | ՀՅԴ, ՔՊ |
Այս համայնքներում ընտրական շեմի ընդհանուր պահանջը չի կարող մանդատների բաշխումից դուրս թողնել երկու մասնակից ուժերից որևէ մեկին։
Օրինակ՝ եթե որևէ համայնքում կուսակցություններից մեկը ստանա ձայների 95 տոկոսը, իսկ մյուսը՝ 5 տոկոսը, երկուսն էլ կմասնակցեն մանդատների բաշխմանը։
Նույնը վերաբերում է նաև այն իրավիճակին, երբ երկրորդ քաղաքական ուժի ստացած ձայների մասնաբաժինը փոքր է օրենքով նախատեսված 4 կամ 6 տոկոս ընտրական շեմից։
Այս կարգավորման արդյունքում նույնիսկ շատ փոքր աջակցություն ստացած քաղաքական ուժը կարող է ընդգրկվել մանդատների բաշխման գործընթացում։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ տվյալ ուժին պարտադիր կհատկացվի ավագանու առնվազն մեկ մանդատ։
Չորս համայնքում՝ երեք քաղաքական ուժ
Երեքական քաղաքական ուժեր էին մասնակցում Արտաշատի, Գավառի, Եղեգնաձորի և Դիլիջանի ընտրություններին։
Արտաշատում առաջադրվել էին «Նոր դարաշրջան», Հայ յեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) և ՔՊ կուսակցությունները։
Գավառում՝ «Հայկական քվե» կուսակցությունը, «Համերաշխություն» դաշինքը և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։
Եղեգնաձորում՝ «Նոր դարաշրջան», ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունները։
Դիլիջանում՝ «Ապրելու երկիր», «Հանրապետություն» և ՔՊ կուսակցությունները։
Այս համայնքներում ընտրական շեմը հաղթահարելու պահանջը նույնպես չի կարող ինքնին բացառել առաջադրված երեք քաղաքական ուժերից որևէ մեկին մանդատների բաշխումից։
Օրինակ՝ եթե երեք կուսակցություններից մեկը ստանա ձայների 80 տոկոսը, երկրորդը՝ 17 տոկոսը, իսկ երրորդը՝ 3 տոկոսը, ապա մանդատների բաշխմանը կմասնակցեն բոլոր երեքը՝ չնայած երրորդ ուժը չի հաղթահարել 4 տոկոս ընտրական շեմը։
Այսպիսով, երեք քաղաքական ուժ ունեցող համայնքներում ընտրական շեմը կորցնում է իր սովորական՝ մանդատների բաշխմանը մասնակցելու հնարավորությունը սահմանափակող նշանակությունը։
Սակայն վերջնական մանդատների քանակը շարունակում է կախված մնալ յուրաքանչյուր ուժի ստացած ձայներից։
Չորս և ավելի ուժեր՝ միայն չորս համայնքում
Մնացած չորս համայնքներում քաղաքական մրցակցությունն ավելի բազմակողմ էր։
Ստեփանավանում, Մարտունիում, Արթիկում և Մեղրիում առաջադրվել էին չորսական քաղաքական ուժեր։
Այս համայնքներում ընտրական շեմի նշանակությունն ավելի մեծ է։ Եթե առնվազն երեք քաղաքական ուժ հաղթահարի օրենքով նախատեսված շեմը, ապա շեմը չհաղթահարած մյուս ուժերը չեն մասնակցի մանդատների բաշխմանը։
Սակայն եթե ընտրական շեմը հաղթահարեն երեքից պակաս ուժեր, ապա մանդատների բաշխմանը կմասնակցեն առավելագույն ձայներ ստացած երեք քաղաքական ուժերը։
Հետևաբար, նույնիսկ չորս կամ հինգ մասնակից ունեցող համայնքներում ընտրական շեմը չհաղթահարած ուժը որոշ պայմաններում կարող է պահպանել մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունքը։
Ինչո՞ւ է օրենքը նախատեսում այս կարգավորումը
Ընտրական օրենսգրքի այս մեխանիզմը հնարավորություն է տալիս մանդատների բաշխմանը մասնակցել նաև այն քաղաքական ուժերին, որոնք չեն հաղթահարել օրենքով սահմանված ընտրական շեմը։ Դա կարող է նպաստելավագանիում քաղաքակլան ուժերի ավելի լայն ներկայացվածության, սակայն չի երաշխավորում, որ մանդատներ կսըտանան բոլոր մասնակից ուժերը։
Սակայն այն նաև ստեղծում է իրավիճակ, երբ կուսակցության կամ դաշինքի՝ մանդատների բաշխմանը մասնակցելու հնարավորությունը կախված է ոչ միայն ստացած ձայներից, այլև ընտրություններին մասնակցող մյուս ուժերի թվից և արդյունքներից։
Օրինակ՝ նույն 3 տոկոս ձայն ստացած կուսակցությունը երեք ուժի մասնակցությամբ համայնքում կարող է ընդգրկվել մանդատների բաշխման գործընթացում, մինչդեռ հինգ ուժի մասնակցությամբ մեկ այլ համայնքում՝ դուրս մնալ, եթե երեք այլ ուժեր հաղթահարել են ընտրական շեմը։
Սա նշանակում է, որ ընտրական շեմի գործնական ազդեցությունը համայնքից համայնք կարող է էապես տարբերվել։
Միաժամանակ, ավագանու մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունքը չի նշանակում համայնքի ղեկավարի պաշտոնի երաշխավորում։ Համամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարը որոշվում է ավագանու ընտրությունների արդյունքներով և օրենքով սահմանված ընթացակարգով։
Ամփոփում
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համամասնական ընտրակարգով քվեարկություն անցկացնող 19 համայնքներից 15-ում առաջադրվել էր առավելագույնը երեք քաղաքական ուժ։
Հինգ համայնքում մասնակցում էր միայն ՔՊ-ն, վեց համայնքում՝ երկու, իսկ չորսում՝ երեք քաղաքական ուժ։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկու կամ երեք քաղաքական ուժերի մասնակցության դեպքում դրանք ընդգրկվում են մանդատների բաշխման գործընթացում՝ անկախ ընտրական շեմը հաղթահարելուց։ Իսկ մեկ ուժի մասնակցության դեպքում ավագանին ընտրվում է միայն այն ժամանակ, երբ այդ ուժի օգտին քվեարկում է քվեարկության մասնակիցների կեսից ավելին։
Այսպիսով, 15 համայնքում քաղաքական ուժերի սահմանափակ թիվը էապես փոխում է ընտրական շեմի գործնական նշանակությունը։ Սակայն մանդատների բաշխմանը մասնակցելու հնարավորությունը դեռ չի նշանակում յուրաքանչյուր ուժի համար երաշխավորված մանդատ կամ համայնքի ղեկավարի պաշտոն։
Արեն Նահապետյան
Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։
Leave a Reply