«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայտնի փաստ է, որ կոկտեյլների մեջ ուրույն տեղ ունեն լիկյորները: Սակայն, պարզվում է, կան փոքրաթիվ խմիչքներ, որոնք բացարձակ հարմար չեն կոկտեյլներ պատրաստելու համար: Դրանցից մեկը «Սամբուկա» լիկյորն է: Այդուամենայնիվ, այն չափազանց տարածված է ամբողջ աշխարհում։
Այս լիկյորի պատմությունը կապված է այն տարածքի հետ, որը գտնվում է այժմյան Իտալիայում: Հայտնի է, որ դեռևս միջնադարում սարակինոսների կողմից Հռոմ է բերվել աստղաձև անիսոնի (բադիան) վրա հիմնված ալկոհոլային խմիչք: Սկզբում այն օգտագործվել է որպես դեղամիջոց՝ բազմաթիվ օգտակար հատկություններով, հետագայում այն նորաձև է դարձել որպես ալկոհոլային խմիչք, որը մատուցվում էր ճաշի վերջում: Այդ սարակինոսական լիկյորն էլ այժմ համարվում է սամբուկայի նախնին, բայց ներկայիս անունը կրող խմիչքը հայտնվել է շատ ավելի ուշ։
«Սամբուկա» անունով առաջին ալկոհոլային խմիչքի բաղադրատոմսը մշակվել է 1851 թվականին Չիվիտավեկիայի (Հռոմից 50 մղոն հյուսիս) բնիկ Լուիջի Մանզիի կողմից: Այդ խմիչքն ի սկզբանե կոչվել է «Սամբուկա Մանզի դի Չիվիտավեկիա»: Այն ոչ միայն այսօր էլ արտադրվում է, այլ նաև բավականին տարածված է Իտալիայում և հայտնի է արտասահմանում: Լիկյորի անվանման պատճառը մնում է վիճելի, և տեսություններից ոչ մեկն առանձնապես հավանական չի թվում։ Մանզիից գրեթե մի քանի տարի անց Անջելո Մոլինարին է սկսել փորձարկումներ անել անիսոնի թուրմերով: Տարբեր բուսական թուրմեր տեղական գինիների և սպիրտային խմիչքների հետ խառնելով՝ լայնածավալ փորձարկումներից հետո նա մշակել է յուրահատուկ բաղադրատոմս, որը սպառողներին ներկայացվել է 1945 թվականին «Սամբուկա էքստրա» անվամբ: Խմիչքը ներառում էր ցորենի սպիրտ, շաքար, անիսոն, աստղաձև անիսոն, բազեծաղիկ և այլ անուշաբույր խոտաբույսեր: Ինչպես ընդունված է, ճշգրիտ բաղադրատոմսը եղել և մնում է խիստ պահպանվող գաղտնիք:
Համոզված լինելով խմիչքի հաջողության մեջ՝ Անջելո Մոլինարին Չիվիտավեչիայում հիմնադրել է թորման գործարան, և Մոլինարի ընտանիքը միավորվել է բիզնեսը զարգացնելու համար: Սկզբում Անջելոյին օգնում էին իր երեք եղբայրները, ապա զարմիկները՝ հատկապես Մարիոն:
Ինչ վերաբերում է սամբուկան խմելուց առաջ այրելու սովորույթին, ապա այդ գաղափարն այն ժամանակ հիանալի մարքեթինգային հնարք էր: Այդ ինքնատիպ մեթոդն այն առանձնացնում էր մյուս խմիչքներից, և այժմ այն սպառվում է ոչ միայն Իտալիայում, քանի որ «Մոլինարի Սամբուկա էքստրա» լիկյորը կազմում է Իտալիայի սամբուկաների շուկայի առնվազն 70 %-ը:
«Սամբուկան կրակի վրա դնելու» համար մշակվել են բազմաթիվ մեթոդներ։ Ամենապարզը լիկյորը կրակի վրա դնելն է, ապա տաքանալուց հետո կրակը մարելը և խմելը։ Եվրոպական շատ երկրներում, ինչպիսիք են Գերմանիան կամ Մեծ Բրիտանիան, որտեղ գարեջուրը նախընտրելի է գինուց, սամբուկան հաճախ վայելում են այդ կերպ գարեջրային երեկոյի վերջում։ Սակայն կան նաև շատ ավելի բարդ տարբերակներ, օրինակ՝ սամբուկայով ծածկված սպիրտային խմիչքների շերտավոր կոկտեյլ պատրաստելը, այն կրակի վրա դնելը և ծղոտով խմելը։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply