2026 թվականի սեպտեմբերի կեսին Fermi Explorer Mission նախագիծը հայտարարեց, որ ծագումով իրանցի տիեզերական ձեռներեց Քամ Ղաֆարիանը դարձել է իր համահիմնադիրներից մեկը։
Նախատեսվում է, որ Fermi Explorer առաքելությունը կմեկնարկի 2028 թվականին։
Տիեզերանավում կլինեն գիտական սարքեր, որոնք հետազոտություններ կանցկացնեն դեպի Պրոքսիմա Կենտավրոս աստղ տանող ճանապարհին։ Քամ Ղաֆարիանը եւ նրա գործընկերները իրենց փորձերի արդյունքների մասին երբեք չեն իմանա. մոտ 41,5 տրիլիոն կիլոմետր ճանապարհը հաղթահարելու համար սարքին տասնյակ հազարավոր տարիներ են պետք լինելու։
Fermi Explorer Mission-ի հայտարարությունից մեկ ամիս անց Քամ Ղաֆարիանը ելույթ էր ունենում Տեներիֆեում անցկացվող Starmus VIII փառատոնում։
Սպահանում ծնված Քամ (Քամալ) Ղաֆարիանի կյանքը կտրուկ փոխվեց 1969 թվականին, երբ նա հեռուստացույցով տեսավ Լուսնի վրա «Ապոլոն-11»-ի վայրէջքը։
17 տարեկանում նա արտագաղթեց ԱՄՆ եւ իր կյանքը նվիրեց տիեզերքին։
Այսօր նրա կարողությունը գերազանցում է $ 2 միլիարդը։ Քամ Ղաֆարիանը IBX, Axiom Space, Intuitive Machines, X-energy եւ Quantum Space ընկերությունների հիմնադիրն ու համահիմնադիրն է։ Axiom Space-ը եւ Intuitive Machines-ը, մասնավորապես, սարքավորումներ են մատակարարում NASA-ին՝ Artemis լուսնային առաքելությունների համար։
Starmus փառատոնում իր ելույթը Ղաֆարիանը վերնագրել էր «Մարդկության առաքելությունն է դառնալ միջաստղային քաղաքակրթություն»։
«2028 թվականին մենք կարձակենք պատմության մեջ առաջին արբանյակը դեպի Պրոքսիմա Կենտավրոս։ Թռիչքը կտեւի հազարավոր տարիներ, բայց մեզ համար գլխավորը հաջորդ սերունդներին ոգեշնչելն է», – ասաց նա։
«Շատերը կարծում են, որ վերջնական նպատակը Լուսինն է։ Բայց ես այստեղ եմ, որպեսզի ասեմ՝ Լուսինը նպատակ չէ, այն ընդամենը սկիզբն է։ Լուսինն այն վայրն է, որտեղ պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք, որպեսզի այնտեղից տիեզերանավեր ուղարկենք դեպի Մարս, այլ մոլորակներ, իսկ ժամանակի ընթացքում՝ ավելի հեռու», – նշեց նա։
Ղաֆարիանի խոսքով՝ 2050 թվականից հետո թռիչքները դեպի Լուսին ամենօրյա կդառնան, իսկ դեպի Մարս՝ ամենշաբաթյա։ Խոսելով հեռանկարային տեխնոլոգիաների մասին՝ նա հայտարարեց, որ կգա ժամանակ, երբ թռիչքը դեպի Պրոքսիմա Կենտավրոս կտեւի ընդամենը կես տարի։
Իսպանական EFE գործակալությունը Ղաֆարիանի այս խոսքերն «երեւակայություն» որակեց, իսկ երկու օր անց ամերիկացի ձեռներեցի հետ հեռակա բանավեճի մեջ մտավ «ծանր հրետանին»՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրները։
Հոկտեմբերի 21-ին Starmus փառատոնում ելույթ ունենալով՝ ֆիզիկայի բնագավառում 2012 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Սերժ Արոշն ասաց, որ «ոչ մի երեւակայություն, արհեստական բանականություն կամ աստղերը գաղութացնելու ցանկություն չեն կարող չեղարկել հարաբերականության տեսությունը»։
«Լույսից արագ շարժվելն անհնար է, իսկ լույսի արագությանը մոտ թռիչքները այնքան էներգիա են պահանջում եւ ստեղծում են այնպիսի ֆիզիկական ճնշում մարդու օրգանիզմի վրա, որ գաղութացման մասին ֆանտազիաները երբեւէ իրականություն չեն դառնա։ Կարելի է երազել նման ճանապարհորդությունների մասին, բայց չի կարելի դրանք ոչ մասնագետներին ներկայացնել որպես իրական ապագա», – շեշտեց նա։
Մեկնաբանելով Ղաֆարիանի ցուցադրած տեսանյութն այն մասին, որ ապագայում թռիչքը դեպի Պրոքսիմա Կենտավրոս կտեւի 6 ամիս, Սերժ Արոշն առաջարկեց ուղեկցել այն այպիսի պիտակով. «արհեստական բանականության օգնությամբ ստեղծված գիտական ֆանտաստիկա»։
2019 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորն էլ Starmus-ի իր ելութն այսպես եզրափակեց.
«Ծիր Կաթինում գոյություն ունեն միլիարդավոր «կյանքի համար պիտանի» մոլորակներ, ԲԱՅՑ 30 լուսային տարի հեռավորության վրա գտնվող հիպոթետիկ «կյանքի համար պիտանի» մոլորակը Լուսնից միլիարդ անգամ ավելի հեռու է։
Անհնար է գեներացնել էներգիա, որը տիեզերանավը գրեթե լույսի արագության կհասցնի։ Եթե Երկիրը կյանքի համար ոչ պիտանի դառնա, մարդկությունը այլ էկզոմոլորակ տեղափոխվելու հնարավորություն չի ունենա։ Մենք «B մոլորակ» չունենք եւ պետք է հոգ տանենք մեր Երկրի մասին»։
Եթե ցանկություն ունեք անձամբ լսել Քամ Ղաֆարիանին եւ գուցե՝ բանավիճել նրա հետ, շուտով այդ հնարավորությունը կունենաք։
Քամ Ղաֆարիանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիրն է եւ նոյեմբերի սկզբին Starmus-ի համահիմնադիր եւ տնօրեն Գարիկ Իսրայեկյանի ուղեկցությամբ այցելելու է Երեւան:
Նոյեմբերի 3-ին Քամ Ղաֆարիանը որպես հատուկ հյուր դասախոսություն է կարդալու Silicon Mountains Tech Summit 2026-ում: Նույն օրը գագաթնաժողովում ելույթ կունենա նաեւ Գարիկ Իսրայելանը եւ կպատմի, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում աստղաֆիզիկան:
Արա Թադեւոսյան (Տեներիֆե-Երեւան)
Mediamax.am կայքում Starmus VIII փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը Dexatel ընկերությունն է: ![]()
Dexatel-ը բիզնեսներին հնարավորություն է տալիս տարբեր հաղորդակցման ալիքները կառավարել մեկ միասնական հարթակից։
Ընկերության գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ՝ ընթերցելով Dexatel-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լիլիա Եղիազարյանի հարցազրույցը. https://banks.am/am/news/interviews/31370:
Leave a Reply