Թուրքիայի «անտեսանելի ձեռքն» ու Ալիեւի մտահոգությունները

Written by

in

Ներկայացնում ենք What’s Behind Turkish-Azerbaijani Tensions? հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածի հեղինակ Սեմ Հարշբարգերը Կիեւում բնակվող անկախ հետազոտող է, որը մասնագիտացած է Ուկրաինայում, Թուրքիայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ռազմական տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ քաղաքականության հարցերում։
Սեմ Հարշբարգեր 
Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի շուրջ ծավալված միջազգային քաղաքական աղմուկը վերածվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ անսովոր վեճի։ Երկու պետություններն իրենց հռչակել են ամենամոտ դաշնակիցներ, որոնց հարաբերությունները բնութագրվում են «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով։ Այդուհանդերձ, նրանց երկկողմ հարաբերությունների սերտացումը համեմատաբար նոր երեւույթ է, որի էությունը հաճախ սխալ է ընկալվում։ Երկու երկրների միջեւ աճող մտերմությունը նաեւ լարվածության աղբյուր է դարձել, քանի որ Ադրբեջանի ղեկավարներն աստիճանաբար գիտակցում են, որ Թուրքիայի իշխող վերնախավը Ադրբեջանին չի դիտարկում որպես հավասար եւ ինքնիշխան պետություն։
Հակասությունները, սակայն, չեն սահմանափակվում միայն հիջաբի հարցով։ Հատկանշական է, որ վերջին լարվածությունը համընկել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Բաքու կատարած պետական այցի հետ։ Ադրբեջանի եւ Իսրայելի սերտ կապերը վաղուց մտահոգության առարկա են եղել Թուրքիայի համար, իսկ Անկարայի եւ Թել Ավիվի հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին այդ հարցն ավելի հրատապ է դարձել։ Իսրայելն Ադրբեջանին տրամադրել է ռազմական տեխնիկա եւ տեխնոլոգիաներ։ Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանն էլ իր հերթին Իսրայելին տրամադրել է Իրանում գործողություններ իրականացնելու համար կարեւոր հենակետ։ Այս ամառ Իսրայելի խորհրդարանը, չնայած Ադրբեջանի առարկություններին, քննարկում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։ Այդ քայլը դիտարկվել է որպես Թուրքիային ուղղված սուր քաղաքական ակնարկ։
Ավելի խորքային մակարդակում առկա է նաեւ հիմնարար անհամաձայնություն ինքնիշխանության հարցի շուրջ։ Էրդողանն ու նրա դաշնակիցները Թուրքիան պատկերացնում են որպես առաջատար տերություն մի աշխարհում, որն ավելի ու ավելի է բաժանվում ազդեցության կիսագաղութային ոլորտների։ Այս աշխարհայացքի շրջանակում երկու պետությունների միջեւ հավասար եւ հիերարխիայից զերծ հարաբերությունները գրեթե անհնար են։ Չնայած նավթային հարստությանը՝ Ադրբեջանի իշխող օլիգարխիկ վերնախավի կառավարման ներքո գտնվող երկիրը Թուրքիայից ավելի աղքատ է, իսկ նրա բնակչության թիվը մոտավորապես հավասար է Ստամբուլի եվրոպական հատվածի բնակչությանը։
Ադրբեջանի իշխանություններն ու նրանց կողմնակիցներն իրենց երկիրը ներկայացնում են որպես զարգացող, անկախ եւ միջին տերություն, որն ի վիճակի է հավասարակշռություն պահպանել բարդ հարաբերություններ ունեցող ավելի խոշոր հարեւանների միջեւ։ Հիջաբի արգելքի շուրջ ծագած հակամարտության հիմքում ընկած են Բաքվի եւ Անկարայի ղեկավարների շրջանում աճող ինքնավստահությունն ու ռազմավարական ինքնուրույնության ձգտումը։ Պարադոքսալ կերպով, հենց Ադրբեջանի՝ Թուրքիային նմանվելն է դարձել երկու երկրների միջեւ լարվածության պատճառներից մեկը։
Չնայած եղբայրության եւ միասնության մասին վերջին տարիներին երկու երկրներում հնչող բուռն հռետորաբանությանը՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները միշտ չէ, որ այդքան սերտ են եղել։ 1995 թվականի մարտին ադրբեջանցի մի գնդապետ, Թուրքիայի քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ, փորձեց պետական հեղաշրջում իրականացնել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի դեմ։ Ենթադրվում է, որ մասնակիցների թվում եղել են նաեւ Թուրքիայի անվտանգության համակարգի՝ պանթյուրքիստական հայացքներ ունեցող ներկայացուցիչներ։ Նրանք, ինչպես նաեւ Ադրբեջանում նրանց գաղափարակիցները, ըստ երեւույթին, դժգոհ էին, որ Կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար Հեյդար Ալիեւը իշխանության էր եկել խարիզմատիկ, արմատական ազգայնական հայացքներ ունեցող Աբուլֆազ Էլչիբեյին պաշտոնանկ արած հեղաշրջման արդյունքում։ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելը նախազգուշացրել էր Ալիեւին նախապատրաստվող դավադրության մասին, սակայն այդ միջադեպն, այնուամենայնիվ, վնասել էր երկու երկրների հարաբերություններին։
Թուրքիայում եւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նպաստեցին երկու երկրների մերձեցմանը։ 2003 թվականին Հեյդար Ալիեւի մահից հետո նրա որդին՝ Իլհամ Ալիեւը, ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը։ Ադրբեջանում խաղաղություն էր, իսկ երկրի տնտեսությունն աստիճանաբար զարգանում էր։ 2006 թվականին շահագործման հանձնված խողովակաշարը ադրբեջանական նավթը Կասպից ծովի հանքավայրերից հասցնում էր Միջերկրական ծովի արեւելյան ափին գտնվող թուրքական Ջեյհան նավահանգիստ։ Միեւնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը 2003 թվականին եկել էր իշխանության, պայքարում էր պետական հեղաշրջում կազմակերպելու փորձերի դեմ՝ միաժամանակ մեկուսացնելով պանթյուրքիստական շարժման ներկայացուցիչներին։
Երբ ադրբեջանական բանակը վճռական գործողություններ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները ձգտում էին հաղթահարել իրենց երկրների բարդ անցյալը։ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակն ավելի սերտացրեց Բաքվին եւ Անկարային։ Այդ հաղթանակի առիթով տիրող էյֆորիան արտացոլվեց 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած զորահանդեսում, որի ընթացքում Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողք կողքի կանգնած էին ամբիոնում։
Սակայն հրապարակային տոնակատարությունների հետեւում անհանգստությունը պահպանվում էր։ Մասնավոր զրույցներում Ալիեւը զգուշավորություն էր ցուցաբերում թուրք իսլամիստների աճող ազդեցության նկատմամբ։ WikiLeaks-ի հրապարակած դիվանագիտական հաղորդագրությունների համաձայն՝ 2009 թվականին Ալիեւն ամերիկացի պաշտոնյաներին հայտնել էր, որ ադրբեջանական հեռուստաեթերից հանել է թուրքական սերիալները՝ կանխելու գլխաշոր կրող կանանց կերպարների տարածումը։ 2015 թվականին Էրդողանը նույնպես սկսեց հաշտեցման գործընթացը Թուրքիայի պանթյուրքիստների հետ, որոնցից մի քանիսը հետագայում նրա ամենամոտ դաշնակիցները դարձան։
2021 թվականին Ադրբեջանի կրթության նախարարությունը կանխեց պանթյուրքիստների՝ նախկինում հայերի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում դպրոց կառուցելու փորձը։ Ենթադրաբար, ադրբեջանական իշխանությունները զգուշանում էին խիստ վերահսկվող եւ խորհրդանշական մեծ նշանակություն ունեցող այդ քաղաքում «Իդեալիստական օջախներ» (Idealist Hearths) կոչվող պանթյուրքիստական կազմակերպության ներկայությունից: Այդ կազմակերպությունը մասնակցել էր 1995 թվականի պետական հեղաշրջման փորձին։
2020 թվականի հաղթանակի վերագրման հարցը նույնպես զգայուն թեմա դարձավ։ 2024 թվականի ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսրայելին նկատի ունենալով, հայտարարեց. «Ինչպես մտանք Ղարաբաղ եւ Լիբիա, նույնը կանենք նաեւ նրանց պարագայում»։ Այս հայտարարությունը քննադատության առիթ դարձավ Ադրբեջանի պաշտոնաթերթում, որտեղ հերքվում էր այն պնդումը, թե թուրք կամ որեւէ այլ օտարերկրյա զինվորականներ մասնակցել են Ադրբեջանի ռազմական գործողություններին։
Հոկտեմբերի սկզբին Ալիեւն անուղղակիորեն ակնարկեց, որ օտարերկրյա զենք մատակարարողները Ադրբեջանի հետ կնքված գործարքներից գերշահույթ են ստացել։ Թուրքական ընկերությունները, որոնք 2020 թվականի պատերազմին նախորդող շրջանում Ադրբեջանին զգալի քանակությամբ անօդաչու թռչող սարքեր եւ այլ զինատեսակներ էին մատակարարել, այդ ժամանակ նոր գործարք էին կնքել Բաքվին զենք վաճառելու համար։
Ադրբեջանը գնալով ավելի անհարմար դիրք է զբաղեցնում Թուրքիայի՝ տարածաշրջանում ընդլայնվող հավակնությունների համատեքստում։ Էրդողանը, որպես կանոն, վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցերը կատարում է Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոս։ Թուրքիայում Հյուսիսային Կիպրոսը հաճախ անվանում են «յավրու վաթան»՝ «երեխա հայրենիք», այսինքն՝ հայրենիքի մի հատված, որը պետք է խնամել եւ պաշտպանել։ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ)՝ թյուրքական աշխարհի հետ հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյան անդրադարձել է Ադրբեջանի հետ հակասություններին՝ նշելով. «Մենք գիտենք, թե ինչպես քննարկել մեր խնդիրները մեր սեփական ընտանեկան միջավայրում՝ մեզ հարմար ձեւով»։
Ադրբեջանի կառավարությունը, հավանաբար, գիտակցում է, որ ընտանիքի մասին այս համեմատությունները խորքային ենթատեքստ ունեն։ Միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը մեծապես կախված է Թուրքիայից եւ գտնվում է նրա ազդեցության ներքո։ Անցյալ տարի Հյուսիսային Կիպրոսի կառավարությունը փորձեց վերացնել հիջաբի արգելքը՝ Անկարայի պահանջները բավարարելու նպատակով, սակայն չհաջողեց։ Սարալը՝ Էրդողանի այն նույն խորհրդականը, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը, արձագանքել էր այդ փորձի ձախողմանը՝ վիրավորելով Հյուսիսային Կիպրոսի վարչապետին։
Ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որտեղ Թուրքիան արդյունավետ վերահսկողություն է իրականացնում, Անկարան վաղուց է հարգալից վերաբերմունք ցուցաբերում Բաքվի դիրքորոշման նկատմամբ՝ երկու երկրների համար փոխադարձ մտահոգության հիմնական հարցերում։ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե երկու տասնամյակ է՝ դանդաղ առաջ է ընթանում նաեւ Անկարայի՝ Ադրբեջանի մտահոգությունները հաշվի առնելու պատճառով։ Հանրային տարաձայնությունների ֆոնին Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես փորձել են հանգստացնել Բաքվին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ցանկացած տարաձայնություն կլուծվի փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Էրդողանի կոալիցիոն գործընկեր Դեւլեթ Բահչելին ավելի հեռուն է գնացել՝ երկխոսության կոչ անելով «երկու ուժեղ պետությունների» միջեւ։
Այնուամենայնիվ, Թուրքիայի քաղաքականության հետագա ուղղությունը կանխատեսելու համար իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վերնախավն ավելի էական ցուցիչ է, քան Ֆիդանը կամ Բահչելին։ Բաքուն հստակ գիտակցում է դա եւ ավելի ու ավելի է մտահոգվում ԱԶԿ-ի վերնախավի՝ Թուրքիան տարածաշրջանում գերիշխող ուժ դարձնելու անսասան ձգտմամբ։ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության արձագանքը Սարալի եւ Ուստայի հայտարարություններին այս առումով ուշագրավ է։ Հիջաբի արգելքի հարցին իր արձագանքում կուսակցությունը դրան գրեթե երկրորդական նշանակություն է տվել՝ փոխարենը կենտրոնանալով Իսրայելի եւ Պաղեստինի հարցում Ադրբեջանի դիրքորոշման պաշտպանության եւ իսլամական աշխարհում Թուրքիայի «գերիշխանական միտումների» քննադատության վրա։
Ադրբեջանի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն անհամեմատ ավելի կոշտ դիրքորոշում են արտահայտել։ Հրապարակումից կարճ ժամանակ անց հեռացված հոդվածներից մեկում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը նախկինում ղեկավարել է նաեւ Թուրքիայի հետախուզական ծառայությունը, մեղադրվում էր Բաքու կատարած այցի ընթացքում թուրքական ոչ կառավարական կազմակերպությանը գաղտնի հրահանգներ տալու մեջ։ Հոդվածում Ֆիդանին եւ Թուրքիայի այլ ներկայացուցիչներին մեղադրում էին «ներքին գործերին միջամտելու ծրագրերի», «հետախուզական գործողությունների», «հեղաշրջման եւ քաոսի ծրագրերի» եւ «ազդեցության գործակալների հավաքագրման» մեջ՝ միաժամանակ հիշատակելով Թուրքիայի առնչությունը 1995 թվականի հեղաշրջման փորձին։ Բաքվում Թուրքիայի դեսպանատունը կտրականապես հեևքել է այս մեղադրանքները։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ կապ ունեցող լրատվամիջոցներից մեկը քննադատել է Թուրքիայի՝ «եղբայրությունը տնտեսական ճնշման գործիքի վերածելու» փորձերը։ Հրապարակման մեջ նաեւ ընդգծվել է, որ «Ադրբեջանը վասալ պետություն չէ» եւ չի հանդուրժի թուրքական «ավագ եղբոր» թելադրանքը»։ 
Իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցներում վերջերս հրապարակված նյութերում պնդումներ են հնչել, թե Թուրքիան պատմականորեն ձգտել է Ադրբեջանի հաշվին հայկական պետություն ստեղծել, իսկ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականությունը գոյաբանական սպառնալիք է «թյուրքական աշխարհը» կազմող պետությունների ազգային ինքնության համար։
Հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաները դժվար թե Թուրքիայի «անտեսանելի ձեռքի» գործը լինեն, սակայն Ալիեւի մտահոգությունը՝ կապված Ադրբեջանի ապագան կերտելու Թուրքիայի հավակնությունների հետ, անհիմն չէ։ Հեյդար Ալիեւի կարեւոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ նա ամրապնդեց իր ավտորիտար պետությունը՝ պաշտպանելով այն Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ծրագրերի ազդեցությունից։ Առայժմ Իլհամ Ալիեւը, կարծես, վերահսկում է իրավիճակը, սակայն, անկասկած, մտահոգված է հնարավոր բարդություններով, հատկապես այն պայմաններում, երբ սկսել է առաջ մղել իր միակ որդուն՝ 29-ամյա Հեյդար Իլհամօղլու Ալիեւին, որպես ապագա իրավահաջորդի։ Ադրբեջանի դեմ թուրքական դավադրությունների մասին աղմկահարույց պնդումները, որոնք հաջորդել են անցյալ տարի տեղի ունեցած՝ ռուսամետ համարվող հեղաշրջման փորձին, վկայում են Ադրբեջանի ղեկավարության խոր անվստահության և սեփական իշխանության խոցելիության գիտակցման մասին։ Երկրի ղեկավարները բազմաթիվ սպառնալիքներ են տեսնում իրենց իշխանության համար՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։
Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշինքը, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի այս ճգնաժամը։ Երկու երկրների տնտեսություններն ու հասարակություններն այժմ այնքան խորն են փոխկապակցված, որ հարաբերությունների ավելի լուրջ խզում դժվար է պատկերացնել։ Ադրբեջանի կառավարությունը վերջերս հայտարարել է, որ ձգտում է ապահովել, որպեսզի իր գնած զենքի մեծ մասն արտադրվի երկրի ներսում, եւ որ շարունակելու է պաշտպանել երկիրն արտաքին միջամտությունից։ Դեռևս պարզ չէ, թե Թուրքիան ինչպես կարձագանքի Ադրբեջանի՝ Թուրքիայի յոթ քաղաքացու, այդ թվում՝ մի քանի իսլամիստ մեկնաբանի նկատմամբ միջազգային ձերբակալման օրդերներ տալու որոշմանը։ Թուրքիայի Սահմանադրությունն արգելում է երկրի քաղաքացիների արտահանձնումը, բացառությամբ Միջազգային քրեական դատարանի առջեւ ստանձնած պարտավորություններից բխող դեպքերի։
Այս զարգացումները կարող են դրդել Բաքվին սահմանափակել թուրքական մշակութային ու կրոնական ազդեցությունը եւ որպես իսլամական պահպանողականության ու պանթյուրքիզմի այլընտրանք առաջ մղել աշխարհիկ «ադրբեջանականության» գաղափարը։ Անկախ իրադարձությունների հետագա զարգացումից՝ երկու եղբայրական թյուրքական պետությունների հարաբերություններում, հավանաբար, դեռ կլինեն տարաձայնություններ եւ հիասթափություններ։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *